Առաջին անգամ «ուղղաձիգ գիւղ»-ի նախագիծ է յայտնւել Ռումինիայի անշարժ գոյքի շուկայում:
«alikonline.ir» - Առաջին անգամ «ուղղաձիգ գիւղ»-ի նախագիծ է յայտնւել Ռումինիայի անշարժ գոյքի շուկայում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Digi 24» հեռուստաալիքը: «Vox Vertical Village» նախագծի համաձայն՝ 10-յարկանի շէնքը կունենայ 120 բնակարան, որոնցից իւրաքանչիւրում կը լինի առնւազն 57 քառակուսի մետր պատշգամբ:
«Werk Property Group» ընկերութիւնը նախագիծն իրականացնում է երկրի արեւմուտքի Տիմիշորարա քաղաքում: Համալիրի հիմքը նախատեսւած Է գցել այս տարւայ օգոստոսին, իսկ շինարարութիւնն աւարտել եկող տարւայ վերջին: Դրա կառուցումը կը նստի 14 միլիոն եւրօ: Բնակարանների 20 տոկոսն արդէն վաճառւած է: Ընդամենը կառուցւող մակերեսի աւելի քան մէկ երրորդն զբաղւած կը լինի կանաչ տնկարկներով եւ պատշգամբներով: Նախատեսւած է տնկել աւելի քան 700 ծառ, թուփ եւ զարդաւորման բոյսեր: Համալիրը կունենայ ներքին բակ, կը լինեն ջրաւազան, ընդունելութիւնների սրահ, կինոթատրոն, ինչպէս նաեւ ստորգետնեայ եւ վերգետնեայ կայանատեղիներ: «Vox Vertical Village» նախագիծը կոչւած է նորացնելու կեանքի քաղաքային ոճը, նշում է ճարտարապետների եւ պէյզաժիստների խումբը: «Ուղղաձիգ գիւղ»-ը նրանց կարծիքով՝ պարտէզով գիւղական տանը բնակւելու առաւելութիւնները կը միաւորի յարմարութեան եւ անվտանգութեան բարձր մակարդակի հետ:
Եւրոպայում «ուղղաձիգ պարտէզով» առաջին շէնքը կառուցել է իտալացի ճարտարապետ Ստեֆանօ Բոերին Միլանում: Այսօր բազմաբնակարանանոց շէնքեր, որոնց կառուցւածքում ներառւած են կանաչ տնկարկներ, կան արդէն Իսպանիայում, Անգլիայում, Ճապոնիայում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը: