Հա

Այլ

03/11/2019 - 09:00

Սննդամթերքի տեսակներ, որոնք պէտք է անպայման ներառւեն քաղցկեղով հիւանդների սննդակարգում

Քաղցկեղն ամենավտանգաւոր հիւանդութիւններից մէկն է, որի բուժումը կարող է բաւական երկարատեւ ու բարդ լինել: Որոշակի մթերքի գործածութիւնը չի օգնի բուժել քաղցկեղը, սակայն այն կարող է դրական ազդեցութիւն ունենալ հիւանդի օրգանիզմի վրայ եւ բարելաւել ինքնազգացողութիւնը:

«alikonline.ir» - Քաղցկեղն ամենավտանգաւոր հիւանդութիւններից մէկն է, որի բուժումը կարող է բաւական երկարատեւ ու բարդ լինել: Որոշակի մթերքի գործածութիւնը չի օգնի բուժել քաղցկեղը, սակայն այն կարող է դրական ազդեցութիւն ունենալ հիւանդի օրգանիզմի վրայ եւ բարելաւել ինքնազգացողութիւնը: Մասնագէտները ներկայացրել են մի քանի մթերք, որոնք պէտք է անպայման ներառւեն քաղցկեղով հիւանդների սննդակարգում: Տեղեկացնում է Tert.am-ը:

 

Խնձոր

Այս համեղ ու օգտակար միրգը պարունակում է հակաօքսիդանտային նիւթեր՝ ֆլաւոնոիդներ ու պեկտին, որոնք արդիւնաւէտ կերպով բարելաւում են աղիների առողջական վիճակն ու օգնում են կանխել քաղցկեղի բջիջերի աճը: Հարւարդի համալսարանի գիտնականների անցկացրած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ ամէն օր խնձոր օգտագործելու դէպքում կանանց յաջողւել է 24%-ով նւազեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը:

 

Կանաչ թէյ

Կանաչ թէյը պարունակում է պոլիֆենոլներ, որոնցից որոշները խոչընդոտում են ուռուցքի եւ դրա մետաստազների աճի համար անհրաժեշտ նոր արիւնատար անօթների ստեղծմանը: Միեւնոյն ժամանակ թոքի քաղցկեղով այն հիւանդները, որոնք բորտեզոմիբով քիմիաթերապիա են անցնում, պէտք է շատ զգոյշ լինեն, քանի որ հետազօտութիւնները ցոյց են տւել, որ այն կարող է անցանկալի փոխազդեցութեան մէջ մտնել կանաչ թէյի հետ:

 

Քրքում

Այս համեմունքը համարւում է առ այսօր յայտնի ամենահզօր հակաբորբոքային դեղաբոյսը: Լաբորատոր փորձարկումները ցոյց են տւել, որ քրքումի գործածութիւնը բարձրացնում է քիմիաթերապիայի արդիւնաւէտութիւնն ու դանդաղեցնում ուռուցքի աճը: Մասնագէտները խորհուրդ են տալիս պատրաստել կէս թէյի գդալ քրքումի, մէկ թէյի գդալ ձիթաիւղի ու մի պտղունց սեւ պղպեղի խառնուրդ եւ աւելացնել այն աղցաններին, սոուսներին ու ապուրներին:

 

Կաղամբ

Կաղամբի բոլոր տեսակները պատկանում են խաչածաղկաւորների ընտանիքին եւ պարունակում են տարրեր, որոնք կարող են չէզոքացնել քաղցկեղածին նիւթերը: Բացի այդ, դրանք նպաստում են քաղցկեղի բջիջների ոչնչացմանը եւ ճնշում են անօթների ախտաբանական գերաճը ուռուցքի սնուցման համար:

 

Նուռ

Նուռը պարունակում է էլլագաթու, որն օգնում է պայքարել քաղցկեղի դէմ: Այս նիւթն օժտւած է ԴՆԹ-ի վնասումները կանխելու եւ այն վերականգնելու յատկութիւններով: Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ շագանակագեղձի քաղցկեղի դէպքում պրոստատսպեցիֆիկ հակածինի մակարդակն աւելի դանդաղ է բարձրանում այն տղամարդկանց օրգանիզմում, որոնք պարբերաբար նռան հիւթ են խմում:

 

Դդում, գազար ու կարոտինոիդներով հարուստ այլ մթերք

Նարնջագոյն, դեղին ու կարմին մրգերն ու բանջարեղէնը պարունակում են վիտամին A եւ լիկոպին՝ հակաօքսիդանտային միացութիւններ, որոնք կարող են արգելակել քաղցկեղի որոշ բջիջների աճը: Կրծքագեղձի քաղցկեղով հիւանդ կանանց մասնակցութեամբ վեց տարի տեւած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ կարոտինոիդներով հարուստ մթերքի գործածութիւնը բարձրացնում է բարեյաջող բուժման հաւանականութիւնը:

 

Համեմունքներ

Եղեսպակը, հազրեվարդը, ուրցը, խնկածաղիկը, ռեհանն ու անանուխը պարունակում են տերպեն՝ նիւթ, որը կարող է արգելակել այն ֆերմենտների աշխատանքը, որոնք հարկաւոր են քաղցկեղի բջիջների հետագայ տարածման համար:

 

Մուգ շոկոլադ

Առնւազն 70% կակաոյի պարունակութեամբ շոկոլադը հարուստ է պոլիֆենոլային նիւթերով, որոնք դանդաղեցնում են քաղցկեղի բջիջների աճն ու կանխում ուռուցքին մօտ գտնւող անօթների գերաճը: Օրական մինչեւ 20 գրամ շոկոլադ ուտելը կարող է շատ օգտակար լինել առողջութեան համար:

 

Ձուկ

Ձկները հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք հզօր հակաբորբոքային ազդեցութիւն են ունենում: Լաբորատոր փորձարկումները ցոյց են տւել, որ դրանք դանդաղեցնում են քաղցկեղի բջիջների աճն ու արգելակում մետաստազների առաջացումը:

 

Մասուր

Մասուրը պարունակում է մեծ քանակութեամբ վիտամին C, ինչպէս նաեւ հակաքաղցկեղային ազդեցութեամբ օժտւած լիկոպին, ուստի այն նոյնպէս կարող է շատ օգտակար լինել քաղցկեղով հիւանդների համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։