Գիտնականները վստահ են, որ տասնեակ միլիոնաւոր տարիներ առաջ ժամանակակից պինգւինների նախնիները կարողանում էին թռչել, սակայն ամէն ինչ փոխւել է երկնաքարի ընկնելուց յետոյ:
«alikonline.ir» - Գիտնականները վստահ են, որ տասնեակ միլիոնաւոր տարիներ առաջ ժամանակակից պինգւինների նախնիները կարողանում էին թռչել, սակայն ամէն ինչ փոխւել է երկնաքարի ընկնելուց յետոյ:
Ըստ Tert.am-ի՝ ինչպէս ներկայացնում է Life.ru-ն՝ յղում անելով Palaeontologica Electronica գիտական ամսագրում հրապարակւած յօդւածին, գիտնականներն Անտարկտիդայում բնակւող այս թռչնատեսակի նախնիների բրածոյներ են յայտնաբերել Նոր Զելանդիայի Չաթեմ կղզիներում: Մասնագէտների կարծիքով՝ գտածօն աւելի քան 60 մլն. տարեկան է:
Նշւում է, որ նախկինում պինգւինների հասակը կազմել է մէկ մետր, որը համադրելի է այս ցեղատեսակի ժամանակակից ներկայացուցիչների հետ, թէեւ առաւել խոշոր տեսակների մնացորդներ եւս յայտանբերւել են:
Գիտնականները ենթադրում են, որ նախկինում պինգւինները եղել են ոչ միայն համեմատաբար առաւել մեծ չափերի, այլեւ կարողանում էին թռչել: Համեմատելով երկու յայտնաբերւած բրածոյների արտաքին տեսքը՝ հետազօտողները եզրակացութիւն են արել, թէ ինչը կարող էր ազդել նրանց կենսակերպի փոփոխութեան վրայ:
Վարկածներից մէկի համաձայն՝ պինգւինների վարքը փոխւել է երկնաքարի ընկնելուց յետոյ, որի հետեւանքով 66 մլն. տարի առաջ անհետացել են դինոզաւրերը: Այսինքն՝ աղէտը ստիպել է փրկւած թռչուններին նետւել ջուրը, եւ վերջիններս ժամանակի ընթացքում սովորել են տեղաշարժւել գետնի վրայով եւ լողալ: Թեւերն էլ վերածւել են լողակների, իսկ իրենք թռչունները սովորել են կանգնել ուղիղ:
Այս վարկածի հաստատման համար մասնագէտները պէտք է առաւել հին ներկայացուցչի մնացորդներ գտնեն: