Հա

Այլ

03/02/2020 - 10:00

Ամուլսար լեռան վրայ նոր տեսակ է յայտնաբերւել

Կենդանաբան Վասիլ Անանեանը 2019 թւականի ընթացքում իր կատարած ուսումնասիրութիւնների արդիւնքում ուշագրաւ արդիւնքներ է գրանցել. Վերջինս Հայաստանի կենդանական աշխարհի համար երկու նոր տեսակ է յայտնաբերել:

«alikonline.ir» - Կենդանաբան Վասիլ Անանեանը 2019 թւականի ընթացքում իր կատարած ուսումնասիրութիւնների արդիւնքում ուշագրաւ արդիւնքներ է գրանցել. Վերջինս Հայաստանի կենդանական աշխարհի համար երկու նոր տեսակ է յայտնաբերել. տեղեկացնում է News.am-ը:

«Հայաստանի համար նոր տեսակ՝ Aeshna juncea: Յայտնաբերւել է (2018) 2019 թ. Ամուլսար լեռան վրայ: Սա հազւագիւտ եւ փոքրաքանակ սառցային շրջանի վերապրուկ է Հայաստանում»,- լուսանկարներին կից գրել է նա:

Հայաստանի համար միւս նոր տեսակը՝ Sympetrum arenicolor, յայտնաբերւել է Վեդիի եւ Խոր Վիրապի շրջակայքում 2019 թւականի աշնանը:

EcoNews.am-ը զրուցել է կենդանաբան Վասիլ Անանեանի հետ, որը յայտնել է, որ ուսումնասիրութեան մասին ամբողջական յօդւածը լոյս կը տեսնի գարնանը: «Այնտեղ շատ հետաքրքիր նիւթեր կան այդ միջատի մասին, որոնք առանձին ուսումնասիրութեան կարիք ունեն»,- նշել է նա:

Aeshna juncea տեսակը յայտնաբերւել է Ամուլսարի լանջին: Վասիլ Անանեանն ասել է. «Հանքավայրի տարածք է, թէ՝ ոչ, ես չեմ կարող ասել. այնտեղ ոչ մի տեղ նշւած չեն այդ սահմանները: Տարածքում ես նաեւ մէկ լիճ կուզէի ստուգել, որտեղ չկարողացայ գնալ, քանի որ ասեցին, թէ հանքի տարածքում է. Բենիկի լիճը: Ես արբանեակային նկարներով նայել եմ այդ լիճը եւ այնտեղ առափնեայ բուսականութիւնը մաքրել են, ինչ-որ աշխատանքներ են արել, իսկ դա նշանակում է՝ կենդանին, որը 99 տոկոս հաւանականութեամբ այնտեղ ապրում է, ջրի ռեժիմի հետ փոփոխութիւններն իր վրա յկարող են բացասական ազդել, բայց ես չեմ կարողացել այնտեղ գնալ»:

Ճշգրտող հարցին, թէ արդեօ՞ք տեսակը մինչ այժմ եղել է Հայաստանում, կենդանաբանն ընդգծել է, որ տեսակը Հայաստանում կայ սառցէ ժամանակաշրջանից մինչ այսօր, դա ռելիկտային տեսակ է, սակայն մարդիկ մինչեւ այսօր չեն տեսել, չեն յայտնաբերել:

Խօսելով կենդանատեսակի տարածւածութեան մասին Վասիլ Անանեանը նշել է, որ համաշխարհային մակարդակով Aeshna juncea-ը լայն տարածւած տեսակ է, ամբողջ Եւրասիայով, նաեւ՝ Հիւսիսային Ամերիկայով եւ միջազգային մակարդակով վտանգւած չէ: «Բայց դա մեզ համար այդքան էլ հետաքրքիր չէ, մեզ համար էական է տեսակի վիճակը Հայաստանում, իսկ այդ տեսակէտից տեսակը միայն մի փոքր կէտից է յայտնի ու այնտեղ ընդամենը մի քանի տասնեակ առանձնեակներ են, ինչը նշանակում է, որ այդ տեսակի թւաքանակը շատ-շատ քիչ է, բայց չի բացառւում, որ Հայաստանում այլ վայրերում էլ յայտնաբերւի... չի բացառւում, բայց դեռ յայտնաբերւած չէ»:

Հարցին, թէ՞ աւելի լայն ուսումնասիրութեան դթպքում հնարաւոր է անհրաժեշտութիւն առաջանայ յայտնաբերւած տեսակները ՀՀ կենդանիների կարմիր գրքում ընդգրկել, կենդանաբանը կարեւոր դիտարկում արեց: Ըստ նրա՝ Sympetrum arenicolor տեսակը, որը յայտնաբերւել է «Խոր վիրապ» պետական արգելավայրի տարածքում, տասնամեակներ շարունակ մարդու կողմից արդէն իսկ ձեւափոխած կենսամիջավայրում է ապրում: «Այս տեսակը մարդու փոփոխութեան հետեւանքով «բենեֆիտներ» է ձեռք բերել, իրեն այնտեղ ոչ մի բան չի սպառնում, այդ հսկայ տարածքում, ճահճուտներում ապրում է, եւ մարդու գործունէութիւնը նրան չի սպառնում: Այդ տիպի նոր տեսակները շտապ կարգով կարմիր գրքում ներառելու անհրաժեշտութիւն չկայ, բայց միւս տեսակը, որը յայտնաբերւել է Ամուլսարի տարածքում /Aeshna juncea/, ապրում է շատ սահմանփակ, փոքր կտոր հողի վրայ եւ մարդու գործունէութիւնն այդտեղ կարող է միանգամից ազդել եւ վերացնել այն. նման տեսակներին լուրջ է պէտք վերաբերւել: Նման տեսակները, որոնք շատ քիչ տեղերից են յայտնի եւ իրենց բնակավայրերը փոփոխւում են մարդու կողմից, պէտք է ուշադրութեան տակ լինեն եւ անպայման կարմիր գրքում ներառւեն»,- եզրափակեց նա:

Յիշեցնենք, որ 2018 թւականի ամռանը ՀՀ Բնապահպանութեան եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման տարածքում յայտնաբերւեց կարմիրգրքեան կենդանատեսակ եւ կարմիրգրքեան բուսատեսակ, որոնք նախկինում յայտնաբերւած չեն եղել: ԲԸՏՄ նախկին ղեկավար Արթուր Գրիգորեանը յայտնեց, որ դրանք հանդիսանում են նոր ի յայտ եկած էկոլոգիական գործօններ եւ առաջարկեց ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանութեան նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատւած թիւ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացութիւնը: Իրադարձութիւնների զարգացման ընթացքում «պարզւեց», որ յայտնաբերւածը չի հանդիսանում նոր էկոլոգիական գործօն, այն դէպքում, երբ ՀՀ ականաւոր գիտնականը պնդել էր հակառակը: Արթուր Գրիգորեանն ազատւեց ԲԸՏՄ ղեկավարի պաշտօնից 2019 թւականի յունւարին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։