Հա

Այլ

04/02/2020 - 14:20

Ինչն է խանգարել Բաբաջանեանին, որ գերի վերցնի Հիտլերին

Ռուսական «Զւեզդա» հեռուստաալիքը «Բանակի լեգենդներ» ծրագրի թողարկումը նւիրել է Խորհրդային Միութեան մարշալ Համազասպ Բաբաջանեանին։

«alikonline.ir» - Ռուսական «Զւեզդա» հեռուստաալիքը «Բանակի լեգենդներ» ծրագրի թողարկումը նւիրել է Խորհրդային Միութեան մարշալ Համազասպ Բաբաջանեանին։

«Զւեզդա» հեռուստաալիքը պատմել է, թէ ինչպէս է Համազասպ Բաբաջանեանի հրամանը փրկել հազարաւոր բեռլինցիների կեանքը։ «Բանակի լեգենդներ» ծրագրի ընթացքում ներկայացւել են 1945 թ.-ի ապրիլի 16-ից մայիսի 2-ը տեղի ունեցած իրադարձութիւնները, երբ Բեռլինում ռէյխսթագի գրոհին զուգահեռ սկսւել է ռէյխկանցլերի նստավայրի գրոհը։ Այդ ժամանակ 11-րդ գւարդիական տանկային կորպուսի գնդապետ Համազասպ Բաբաջանեանն առաջարկել է գլխաւոր կառավարական շէնքը գրոհել գետնի վրայով եւ տակով, որտեղ այդ ժամանակ թաքնւել է նացիստական Գերմանիայի բարձրագոյն ղեկավարութիւնը եւ անձամբ Հիտլերը։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:

«Իւրի Օզերովի» «Ազատագրում. վերջին գրոհը» կինոպատումի եզրափակիչ ֆիլմում ներկայացւած դրւագը սցենարիստների յօրինածը չէ»,- պատմում է ծրագրի հաղորդավար Ալեքսանդր Մարշալը։

Վերոյիշեալ դրւագում ֆիլմի հերոսներից մէկն առաջարկում է գերի վերցնել Հիտլերին։ Իրականում այդպէս էլ կը լինէր, եթէ գրոհը կայանար, որովհետեւ ռէյխկանցլերին հասնելուն մնացել էր ընդամենը 200 մետր։

Գրոհային խմբերի հրամանատարը, որն առաջ է շարժւել գետնի տակով, զեկուցել է գնդապետ Բաբաջանեանին, որ գերմանացիները պայթեցրել են Լանդւեր ջրանցքի ջրարգելակները, եւ թունելները լցւում են ջրով, բայց խաղաղ բնակիչներն ու վիրաւորները ռմբակոծութիւններից պատսպարւելու համար թաքնւել են մետրոյի կայարաններում, լսւել են օգնութեան ճիչեր։

Հրամանատարը հարցրել է` ի՞նչ անել. փորձել առաջ շարժւե՞լ, թէ՞ վերեւ բարձրանալ ու միանալ վերգետնեայ գրոհին։ Բաբաջանեանը հրամայել է դադարեցնել գրոհային խմբերի առաջխաղացումը եւ օգնել բնակչութեանը։

«Աւելի ուշ, երբ Համազասպ Բաբաջանեանն արդէն դարձել էր զրահատանկային զօրքերի գլխաւոր մարշալ, նրան հարցրել են, թէ ինչու է այդպէս վարւել։ Եթէ նա շարունակէր գրոհը եւ գրաւէր ռէյխկանցլերի նստավայրը, պատերազմը մի քանի ժամ շուտ կաւարտւէր, իսկ նա կը վայելէր այդ պատերազմին վերջակէտ դրած մարդու համբաւը։ Ապագայ մարշալը պատասխանել է` այլ կերպ վարւել պարզապէս չէր կարող»,- պատմում է հաղորդավարը։

Ֆիլմում պատմում են նաեւ Համազասպի մանկութեան մասին։ Բաբաջանեանների ընտանիքում եօթ երեխայ է եղել` երեք որդի եւ չորս դուստր, ծնողները դժւարութեամբ են պահել նրանց։ Անասնապահութեամբ յայտնի Չարդախլուում (Բաբաջանեանի հարազատ գիւղը` խմբ.) ապրող ընտանիքն անասուն է պահել։

«Տանը Համազասպին կարճ ասում էին` Համօ։ Բնութիւնը նրան բարձր հասակով չէր օժտել, բայց բռնկուն բնաւորութեան եւ կատաղի քաջութեան պատճառով նրանից վախենում էին նոյնիսկ աւագ երեխաները։ Տղային «սանձել» է տեղի չոբանը, որն օգնական է դարձրել Համոյին»,- ասում է Ալեքսանդր Մարշալը։

Պատմում են, որ մի անգամ Համազասպը հարւածել է անընդհատ նւնւացող տղայի վզակոթին ու իսկոյն փայտով հարւած ստացել մէջքին։ «Մենք տղամարդ ենք,- ասել է չոբանը,- տղամարդիկ պաշտպանում են թոյլերին»։

Պաշտպան լինելը դարձել է ԽՍՀՄ հերոս Բաբաջանեանի ճակատագիրը։

1945 թ.-ի յունիսի 11-ին 11-րդ գւարդիական տանկային կորպուսին շնորհւել է «Բեռլինեան» անւանումը, իսկ նրա հրամանատար, գնդապետ Բաբաջանեանը դարձել է Խորհրդային Միութեան կրկնակի հերոս։

Յետոյ Բաբաջանեանին շնորհւել է գեներալի, իսկ 1967 թ.-ին` զրահատանկային զօրքերի մարշալի կոչում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։