Հա

Այլ

14/04/2020 - 12:10

Bloomberg. «Apple-ը նախատեսում է փոփոխութիւններ կատարել սմարթֆոնների դիզայնում»

Apple կորպորացիան մտադիր է փոփոխութիւններ կատարել սմարթֆոնների դիզայնում, որոնք նախատեսում է ներկայացնել այս տարւայ աշնանը: Այս մասին յայտնում է Bloomberg գործակալութիւնը՝ վկայակոչելով ընկերութեան ծրագրերին ծանօթ աղբիւրներին:

«alikonline.ir» - Apple կորպորացիան մտադիր է փոփոխութիւններ կատարել սմարթֆոնների դիզայնում, որոնք նախատեսում է ներկայացնել այս տարւայ աշնանը: Այս մասին յայտնում է Bloomberg գործակալութիւնը՝ վկայակոչելով ընկերութեան ծրագրերին ծանօթ աղբիւրներին: Գրում է News.am-ը:

Գործակալութեան տեղեկութիւններով՝ Apple-ը նախկինի պէս մտադիր է իր սմարթֆոնների նոր մոդելները ներկայացնել աշնանը, չնայած շնորհանդէսը կարող է տեղի ունենալ ոչ թէ սեպտեմբերին, ինչպէս տեղի է ունեցել վերջին տարիներին, այլ մի քանի շաբաթ ուշ՝ COVID-19 համավարակի պատճառով: Հիւանդութեան տարածումը եւ շատ երկրների կողմից ինքնամեկուսացման ռեժիմի սահմանումը յանգեցրել են գաջեթների պահանջարկի անկման, խախտւել են նաեւ մատակարարումների շղթաները, այդ թւում՝ Չինաստանից, որտեղ գտնւում են կորպորացիայի մի շարք գործարաններ:

Apple-ը դեռեւս յոյս ունի մինչեւ տարեվերջ շուկայ թողարկել 2 թոփային սմարթֆոն, որոնք կը դառնան iPhone 11 Pro-ի եւ iPhone 11 Pro Max-ի ժառանգորդները, ինչպէս նաեւ 2 աւելի էժան մոդելներ՝ գործառոյթների աւելի քիչ լրակազմով: Ընդ որում՝ բոլորը յագեցած են լինելու 5G կապի մոդելով:

Փոփոխութիւնները կառնչւեն աւելի թանկարժէք մոդելների արտաքին տեսքին. դրանց դիզայնը կը յիշեցնի 2018 թւականի iPad Pro պլանշետը: Էկրանը չի ունենայ կլորացւած եզրեր եւ հարթ կը դառնայ, կլորացւած չեն լինի նաեւ գաջեթների ճակատները, դրանց անկիւնները: Էկրանի չափը 6.5 դիւեմից կը մեծանայ, չնայած Bloomberg-ի աղբիւրները չեն կարողացել յստակեցնել՝ կոնկրետ որքան: Բոլոր մոդելները կունենան պրոցեսորներ, որոնց առանձնայատկութիւնը կը դառնան «լրացւած իրականութեան» յաւելւածներով աշխատելու համար նոր հնարաւորութիւնները:

Դրանից բացի, Apple-ը նախատեսում է աշնանը ներկայացնել HomePod բարձրախօսի նոր մոդել, որի հիմնական առանձնայատկութիւնն է հաւաք չափը. գրեթէ 2 անգամ փոքր, քան նախորդինը: Կորպորացիան մտադիր է նաեւ շուկայ թողարկել Apple Tags բրելոկ, որը կարելի է ամրացնել բանալիներին կամ դրամապանակին, որ յետոյ այն գտնեն սմաթֆոնի միջոցով:

Մամուլում աւելի վաղ տեղեկութիւն էր յայտնւել այն մասին, որ COVID-19 համավարակի պատճառով Apple ընկերութիւնը կարող է զգալի ժամանակով յետաձգել սմարթֆոնների նոր մոդելային շարքի թողարկումը, նոյնիսկ մինչեւ 2021 թւականի սկիզբ: Սա յանգեցրել էր բորսայում ընկերութեան բաժնետոմսերի արժէքի նւազման:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։