Հա

Այլ

28/04/2020 - 14:20

Սեւ ծովում յայտնաբերել են 1941-ին գերմանական օդուժի ռմբակոծութիւնից խորտակւած «Արմենիա» ջերմանաւը

Սեւ ծովում՝ Ղրիմի ափից 15 մղոն հեռաւորութեան վրայ, յայտնաբերւել է 1941 թւականին գերմանական օդուժի ռմբակոծութիւնից խորտակւած «Արմենիա» ջերմանաւը։ Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«alikonline.ir» - Սեւ ծովում՝ Ղրիմի ափից 15 մղոն հեռաւորութեան վրայ, յայտնաբերւել է 1941 թւականին գերմանական օդուժի ռմբակոծութիւնից խորտակւած «Արմենիա» ջերմանաւը։ Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ջերմանաւի խորտակումը պատմութեան մէջ ամենախոշոր ծովային աղէտներից է, որի վրայ, տարբեր հաշւարկների համաձայն, մօտ 6-10 հազար փախստական եւ վիրաւոր է գտնւել։ 1500 մ. խորութեան վրայ գտնւող օբիեկտի ուսումնասիրութեան համար ռուսական արտադրութեան ՌՏ սերիայի ստորջրեայ հեռակառավարւող սարք է օգտագործւել, որի միջոցով հնարաւոր է եղել առաջին տեսակադրերը ստանալ։

Ռուսական աշխարհագրական ընկերութեան տւեալներով՝ նաւի մի մասը պատւած է տիղմի շերտով, սակայն դրա վրայ ակնյայտ ճեղքւածքներ չկան, ինչը բացառում է տորպեդայով նաւի խոցման հնարաւորութիւնը, որի մասին ասւում էր օբիեկտի խորտակման պաշտօնական վարկածում։

«Միեւնոյն ժամանակ, տախտակամածի վրայ աւերման ակնառու եւ սարսափելի հետքեր կան․ վանդակապատերն ու ուղղահայեաց բոլոր տարրերը դուրս են պտտւած, ինչն, ամենայն հաւանականութեամբ, գոյացել է աւիացիոն ռումբերից։ Հիմնական վնասները հասցւել են ձախ նաւակողի մօտակայ վերնաշինւածքի մէջտեղի եւ քթային հատւածներին, ինչը կարող է վկայել այն մասին, որ աւիացիոն ռմբակոծութիւնը տեղի է ունեցել նաւի ընթացքի ուղղութեամբ, այսինքն՝ ֆաշիստական օդանաւերը նաւի հետեւի մասից են յարձակում գործել»,- պատմել է Ռուսաստանի աշխարհագրական ընկերութեան ստորջրեայ հետազօտութիւնների կենտրոնի գործադիր տնօրէն Սերգէյ Ֆոկինը։

Խորտակւած ջերմանաւի որոնողական աշխատանքներն առաւել ակտիւօրէն անցկացւել են վերջին 20 տարում։ Այդ ընթացքում աւելի քան 300 քառակուսի կմ. տարածք է հետազօտւել։ Դրանցով զբաղւել է ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը:

«Արմենիա»-ն Սեւ ծովի համար նախատեսւած խորհրդային «Աջարիա» դասի ջերմանաւերից մէկն էր, որն արտադրւել էր 1928 թ. Լենինգրադի Բալթեան նաւաշինարանում։ 1941 թ. նոյեմբերի 6-ի երեկոյեան Սեւաստոպոլում գտնւող «Արմենիա» ջերմանաւ է բարձրացել մի քանի հազար մարդ՝ քաղաքի բնակիչները, պացիենտներ, բժիշկներ եւ այլք։ Որոշ հրապարակումների տւեալներով՝ «Արմենիա»-ն դուրս է եկել Սեւաստոպոլի նաւահանգստից, մտել Բալակլաւա եւ Եալտա։ Նոյեմբերի 7-ին ջերմանաւը ուղեւորւել է դէպի Տուապսէ եւ մի քանի ժամից ռմբակոծութեան է ենթարկւել գերմանական օդուժի կողմից եւ 4 րոպէում խորտակւել է։ Բոլոր ուղեւորներից փրկւել էր մի քանի հոգի։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։