2021 թւականին գլխաւոր կիբեռսպառնալիքները կը լինեն քաղաքական կիբեռլրտեսութիւնը, 5G-ի միջոցով գրոհները եւ հեռավար աշխատակիցների վրայ թիրախային յարձակումները: Հաքերների հիմնական թիրախները եւ այն գործիքները, որոնք նրանք կօգտագործեն, թւարկւած են «Կասպերսկու լաբորատորիա»-ի GReAT հետազօտական կենտրոնի կանխատեսման մէջ:
«alikonline.ir» - 2021 թւականին գլխաւոր կիբեռսպառնալիքները կը լինեն քաղաքական կիբեռլրտեսութիւնը, 5G-ի միջոցով գրոհները եւ հեռավար աշխատակիցների վրայ թիրախային յարձակումները: Հաքերների հիմնական թիրախները եւ այն գործիքները, որոնք նրանք կօգտագործեն, թւարկւած են «Կասպերսկու լաբորատորիա»-ի GReAT հետազօտական կենտրոնի կանխատեսման մէջ, այս մասին ըստ՝ News.am-ի հաղորդում է Lenta-ն:
Մասնագէտները կանխատեսում են, որ զոհերի տւեալների գողութեան սպառնալիքը եւ դրանց հետագայ վաճառքը նպատակային կիբեռյարձակումներ պատրաստող հաքերների խմբերին կարող են առանցքային վտանգ դառնալ: Նման մանիպուլիացիաների նպատակը ընկերութեան ցանց ներթափանցելն ու սարքերը վարակելն է:
«Յարձակւողները կը շարունակեն օգտագործել նման սխեմաներ բարդ նպատակային արշաւներում»,- կարծում են փորձագէտները: «Կասպերսկու լաբորատորիա»-ում ընդգծել են, որ կազմակերպութիւնները պէտք է մանրակրկիտ ստուգեն ցանկացած վնասաբեր ծրագրային ապահովում եւ գործողութիւններ ձեռնարկեն իւրաքանչիւր համակարգչի վրայ, որտեղ վտանգ կը յայտնաբերւի:
Հեռավար աշխատանքի թրենդի պատճառով չարամիտներն այժմ կկենտրոնանան ցանցային սարքերում խոցելի տեղերի վրայ՝ օգտագործողների տւեալները հաւաքելու համար: Մասնագէտների կարծիքով, հաքերները կը ծածկագրեն որոշակի կազմակերպութեան տւեալները եւ նրանից մեծ փրկագին կը պահանջեն:
Հետազօտական կենտրոնի կանխատեսմամբ՝ յաջորդ տարի տարբեր երկրների իշխանութիւնները գնալով աւելի բացայայտօրէն կը յայտարարեն յարձակմանը որոշակի խմբի մասնակցութեան մասին: Փորձագէտները կարծում են, որ պաշտօնական խողովակներով տեղեկատւութեան բացայայտումը կօգնի կիբեռլրտեսութեան դէմ պայքարին: Հետազօտողները նկատում են, որ 2021 թ. 5G տեխնոլոգիայի ժողովրդականութիւնը մեծանում է, չարագործները կը սկսեն աւելի ակտիւօրէն փնտրել դրա թերութիւնները եւ օգտագործել դրանք իրենց շահադիտական նպատակների համար: