Հա

Այլ

20/12/2021 - 08:35

Վեներան աստղակերպերից աւելի շատ է տուժել, քան Երկիրը

Վեներան միաժամանակ նման է եւ նման չէ «քրոջը»՝ Երկրին։ Մոլորակները մօտաւորապէս նոյն խտութիւնն ու համադրելի զանգւածն ունեն, բայց եթէ Երկիրը յարմարաւէտ հանգրւան է դարձել կեանքի համար Արեգակնային համակարգում, ապա Վեներայի վրայ գոյացել է «դժոխքի նոր մասնաճիւղ»:

«alikonline.ir» - Վեներան միաժամանակ նման է եւ նման չէ «քրոջը»՝ Երկրին։ Մոլորակները մօտաւորապէս նոյն խտութիւնն ու համադրելի զանգւածն ունեն, բայց եթէ Երկիրը յարմարաւէտ հանգրւան է դարձել կեանքի համար Արեգակնային համակարգում, ապա Վեներայի վրայ գոյացել է «դժոխքի նոր մասնաճիւղ». գրում է News.am-ը՝ ռուսական «Գիտութիւն եւ կեանք» պարբերականին յղումով:

Դրա պատճառները կարող են շատ լինել, բայց, ինչպէս Ամերիկեան երկրաֆիզիկական միութեան համաժողովում նշել են Հարաւարեւմտեան հետազօտական ինստիտուտի մոլորակաբանները, դրանցից մէկը տարբեր արագութիւնն է, որով աստղակերպերը բախւել են մոլորակների հետ իրենց ձեւաւորման վաղ փուլերում։

Հետազօտողները մոդելաւորել են նոր-նոր ձեւաւորւող մոլորակների հետ մոլորակազիմալների (ոչ մեծ քարային մարմիններ երիտասարդ Արեգակի ուղեծրում) բախումների դինամիկան։ Եւ այդ հաշւարկները ցոյց են տալիս, որ 4.5-4.0 մլրդ տարի առաջ Վեներայի հետ իւրաքանչիւր չորրորդ աստղակերպի բախումը եղել է 30 կմ/վրկ-ից բարձր արագութեամբ։ Այն դէպքում, երբ Երկրի համար միայն իւրաքանչիւր տասներորդ բախումը կարող էր լինել այդքան բարձր արագութեամբ։

Որքան աւելի մեծ է աստղակերպի արագութիւնը, այնքան աւելի շատ էներգիա է արտազատւում մոլորակի հետ դրա բախումից։ Բաւական խոշոր մարմնի անկումը կարող է լիովին հալել մոլորակի «պատմուճանը», ինչի պատճառով նրա էւոլիւցիան կը հեռանայ այն պայմանների ձեւաւորումից, որոնք նպաստում են կեանքի զարգացմանը։ Օրինակ՝ չի կատարւի սալաքարերի տեկտոնական շարժի պրոցեսը կամ առաջնային մթնոլորտը լիովին կանհետանայ մոլորակից, իսկ դրա տեղը կը զբաղեցնեն կեանքի համար ոչ այնքան «բարեկամական» գազեր, որոնք կարտազատւեն հալւած պատմուճանից։

Ի դէպ, աւելի մեծ թւով հետազօտութիւններ են մատնանշում այն մասին, որ Վեներայի վրայ կեանքի սաղմնաւորման շանսեր եթէ եղել էլ են, ապա՝ շատ փոքր։ Օրինակ՝ վերջերս Nature-ում հրապարակւել էր յօդւած, որում նկարագրւում էր մոլորակի մթնոլորտի վաղ էւոլիւցիան։ Համաձայն գիտնականների առաջարկած կլիմայական մոդելի՝ Վեներայի մակերեսը երբեք չի սառել ամբողջութեամբ, որպէսզի նրա վրայ կոնդենսացւէր ջուրը եւ գոյանային ծովեր ու ովկիանոսներ։ Այն ժամանակ գլխաւոր «մեղաւոր» էր նշանակւել Արեգակը. Վեներայի ուղեծիրը նրան աւելի մօտ է գտնւում, դրա համար էլ մոլորակը նրանից աւելի շատ էներգիա է ստանում։ Չնայած, ինչպէս տեսնում ենք, աստղակերպերի կողմից «տաքացւելը» նոյնպէս կարող էր իր դերն ունենալ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։