Հալւող սառցադաշտերը շատ աւելի քիչ սառոյց են պարունակում, քան կանխատեսւում էր: Քաղցրահամ ջրի սակաւութեան սպառնալիքը սպասւածից աւելի է կախւած մարդկութեան գլխին: Այս մասին ըստ News.am-ի՝ զգուշացնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Երկրաբանական գիտութիւնների ֆրանսիական ինստիտուտի եւ Դարտմուտի քոլեջի հետազօտութիւնը:
«alikonline.ir» - Հալւող սառցադաշտերը շատ աւելի քիչ սառոյց են պարունակում, քան կանխատեսւում էր: Քաղցրահամ ջրի սակաւութեան սպառնալիքը սպասւածից աւելի է կախւած մարդկութեան գլխին: Այս մասին ըստ News.am-ի՝ զգուշացնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Երկրաբանական գիտութիւնների ֆրանսիական ինստիտուտի եւ Դարտմուտի քոլեջի հետազօտութիւնը:
Արբանեակային նկարահանման նոր տեխնիկայի օգնութեամբ գիտնականներն առաջին անգամ չափել են աւելի քան 250.000 լեռնային սառցադաշտերի հաստութիւնը եւ շարժումը: Նրանք վերլուծութեան համար գրեթէ 812.000 զոյգ բարձրորակ լուսանկարներ եւ օգտագործել եւ ընդգրկել են Երկրի տարածքի 98 տոկոսը, որը 2017-ից 2018 թւականներին ծածկւած է եղել սառցադաշտերով:
Ստացւած տւեալների հիման վրայ հնարաւոր է եղել աւելի ճշգրիտ որոշել սառցադաշտերում պարունակւող սառոյցի ծաւալը։ Հետազօտողները սառոյցի եւ քաղցրահամ ջրի քանակի կտրուկ փոփոխութիւններ են յայտնաբերել, որոնցից հարիւր միլիոնաւոր մարդիկ կախւած են խմելու ջրի, գիւղատնտեսութեան եւ էլեկտրաէներգիայի արտադրութեան համար:
Պարզւել է, որ Հիմալայների սառցադաշտերը 37 տոկոսով աւելի շատ սառոյց են պարունակում, քան ենթադրւում էր: Հիմալայներում Ինդուս եւ Չենաբ գետերի աւազանների ութ միլիոն բնակիչների համար լաւ նորութիւն է. չոր սեզոններին սառցադաշտերի հալւած ջուրն ապահովում է գետի հոսքի կէսից աւելին: Պարզւել է նաեւ, որ Հիմալայներում սառցադաշտային պաշարները 30-87 տոկոսով աւելի են նաեւ Բրահմապուտրա գետի ենթաաւազանում:
«Հիմալայաները բացառութիւն են դարձել: Գրեթէ ամենուրեք սառոյցն աւելի բարակ է»,- ասել է հետազօտութեան հեղինակներից Մաթեօ Մորլիգեմը: Օրինակ, հարաւամերիկեան Անդերի սառցադաշտերը 27 տոկոսով աւելի քիչ սառոյց են պարունակում, քան գիտնականները կարծում էին:
Գիտնականները նւազեցրել են ծովի մակարդակի բարձրացման վրայ լեռնային սառցադաշտերի ներդրման նախկին գնահատականները: Եթէ բոլոր սառցադաշտերը, բացառութեամբ Գրենլանդիայի եւ Անտարկտիդայի խոշոր սառցաշերտերի, հալւեն, ապա համաշխարհային ծովի մակարդակը կը բարձրանայ մօտ 25 սանտիմետրով, եւ ոչ թէ՝ 33-ով, ինչպէս նախկինում ենթադրւում էր: «Սակայն դա չի փոխում այն փաստը, որ սառցադաշտերն աւելի ու աւելի արագ են հալւում»,- ասւում է գլխաւոր հեղինակ Ռոմէն Միլանի յայտարարութեան մէջ: Նա պարզաբանել է, որ նոր գնահատականները մեծապէս պայմանաւորւած են սառույցի ծաւալների հաւարկման ձեւի փոփոխութիւններով։
Հետազօտողները կարծում են, որ սառոյցի ընդհանուր ծաւալի կրճատումն անխուսափելիօրէն սպասւածից աւելի շուտ կանդրադառնայ մոլորակի վրայ։ Նրանք յոյս ունեն, որ իրենց կանխատեսումը կազդի ջրամատակարարման ենթակառուցւածքների կառուցման վերաբերեալ կառավարութիւնների որոշումների վրայ: Սառցադաշտերի հալւելը կլիմայի փոփոխութեան հետեւանքներից մէկն է։