Ներկայումս աշխարհում բարենպաստ պայմաններ են ստեղծւել կորոնավիրուսի նոր՝ աւելի վտանգաւոր շտամի ի յայտ գալու համար։
«alikonline.ir»- Ներկայումս աշխարհում բարենպաստ պայմաններ են ստեղծւել կորոնավիրուսի նոր՝ աւելի վտանգաւոր շտամի ի յայտ գալու համար։ Այս մասին յայտարարել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը. հաղորդում է Panorama.am-ը՝ ռուսական «Իզւեստիա»-ին յղումով։
«Հիմնականում, պայմաններն իդէալական են աւելի վարակիչ, աւելի վտանգաւոր տարբերակի ի յայտ գալու համար»,- ասել է նա Միւնխէնի անվտանգութեան համաժողովում ելոյթի ժամանակ:
ԱՀԿ-ի ղեկավարը պարզաբանել է, որ որոշ երկրների բնակիչների պատւաստումների լայն ընդգրկումը, ինչպէս նաեւ «օմիկրոն» շտամի աւելի քիչ ծանր ընթացքի մասին ստացւած տեղեկատւութիւնը յանգեցրել է համաճարակի աւարտի մասին «վտանգաւոր նարատիւի» (պատմւածք-ԽՄԲ.) առաջացմանը։
Գեբրէյեսուսը յիշեցրել է, որ ամէն շաբաթ կորոնավիրուսից մահանում է շուրջ 70 հազար մարդ, առողջապահութեան համակարգերը ծանրաբեռնւած են, իսկ վիրուսի էւոլիւցիայի դիտարկումը բաւարար չէ: