COVID-19 տարած շատ մարդիկ տեւական ժամանակ հետեւանքների եւ, այսպէս կոչւած, յետքովիդային համախտանիշին են բախւում: Ներկայացնում ենք սնւելու որոշ սկզբունքներ, որոնք կարող են օգնել աւելի արագ վերականգնել կորոնավիրուսային վարակից յետոյ։
«alikonline.ir» - COVID-19 տարած շատ մարդիկ տեւական ժամանակ հետեւանքների եւ, այսպէս կոչւած, յետքովիդային համախտանիշին են բախւում: Ներկայացնում ենք սնւելու որոշ սկզբունքներ, որոնք կարող են օգնել աւելի արագ վերականգնել կորոնավիրուսային վարակից յետոյ։ Գրում է News.am-ը:
Աւելի շատ սպիտակուց եւ աւելի քիչ շաքար
Քաղցր սնունդն արեան մէջ գլիւկոզայի մակարդակի բարձրացում է առաջացնում։ Համարւում է, որ քաղցր սնունդը նպաստում է նաեւ օրգանիզմում բորբոքային գործընթացներին, որոնք կորոնավիրուսային վարակից յետոյ կարող են միայն լրացուցիչ խնդիրներ առաջացնել։ Իսկ, ահա, սպիտակուցը նիւթ է ոչ միայն մկանների, այլեւ հակամարմին-իմունոգոլոբուլինների համար, որոնք արգելափակում են պաթոգենների ակտիւութիւնը եւ հեռացնում են պաթոգեններն օրգանիզմից, ուստի սննդակարգում պէտք է բաւարար սպիտակուց լինի:
Բջջանիւթեր եւ պրոբիոտիկներ
Այս երկու տարրերը կօգնեն վերականգնել աղիների միկրոբիոմը, որը խանգարում է դեղերի, յատկապէս հակաբիոտիկների եւ հիւանդութեան ժամանակ վատ սննդակարգի պատճառով:
Վիտամին D
Վիտամին D-ն ձմռանն անհրաժեշտ է գրեթէ բոլոր մարդկանց, քանի որ սովորաբար արեւի լոյսը բաւարար չէ։ Այս վիտամինը պարունակւում է այնպիսի մթերքներում, ինչպիսիք են իւղոտ ծովային ձուկը, ձիթապտղի իւղը, աւոկադօն եւ ընկոյզը:
Այս վիտամինը կարող էք ընդունել նաեւ սննդային յաւելումների տեսքով։ The Lancet ամսագրում հրապարակւած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ վիտամին D-ի 400-1000 IU պրոֆիլակտիկ դեղաչափով ընդունումը 22 տոկոսով նւազեցնում է շնչառական վարակների վտանգը եւ զգալիօրէն մեծացնում է օրգանիզմի ընդհանուր պաշտպանողական գործառոյթները: Համարւում է նաեւ, որ վիտամին D-ի մակարդակի նորմալացումը կօգնի դադարեցնել մազաթափութիւնը, եթէ այն սկսւել է հիւանդութիւնից յետոյ:
Առողջ ճարպաթթուներ
Օմեգա-3 ճարպաթթուները բարելաւում են վիտամին D-ի իւրացումը, պահպանում են ճարպագեղձերի բնականոն գործունէութիւնը եւ մաշկի ջրային ճարպային հաւասարակշռութիւնը: Օմեգա-3-ն ուղեղի եւ սրտի բջջային թաղանթների մի մասն է եւ հաւասարապէս կարեւոր է այդ երկու օրգանների աշխատանքի համար: Օմեգա-3-ը պարունակւում է իւղոտ ձկների մէջ: Այն կարելի է նաեւ որպէս սննդային յաւելում ընդունել:
Մագնեզիում եւ վիտամին B6
The Lancet-ում հրապարակւած մէկ այլ հետազօտութեան համաձայն՝ կորոնավիրուսն ազդում է մարդու ճանաչողական ունակութիւնների վրայ՝ այսպէս կոչւած մառախուղ առաջացնելով ուղեղում՝ անտարբերութիւն ինտելեկտուալ աշխատանքի ժամանակ, անհասկանալի մտքեր, երկար ժամանակ կենտրոնանալու հետ կապւած դժւարութիւն։ Ենթադրւում է, որ մագնեզիումի՝ վիտամին B6-ով կոմպլեքսը կօգնի ամրապնդել նեարդային համակարգը, թուլացնել նեարդային լարւածութիւնը եւ բարելաւել քունը: