Ամերիկեան յայտնի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի կողմից 1969թ․ «Ապոլոն 11» առաքելութեան ժամանակ հաւաքւած լուսնային փոշու մասնիկները այս ամիս աճուրդի կը դրւեն:
«alikonline.ir» - Ամերիկեան յայտնի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի կողմից 1969թ․ «Ապոլոն 11» առաքելութեան ժամանակ հաւաքւած լուսնային փոշու մասնիկները այս ամիս աճուրդի կը դրւեն, ըստ News.am-ի՝ յայտնում է CNN-ը։
Bonhams աճուրդային ընկերութիւնը, որը պատասխանատու է վաճառքի համար, նմուշը 800 հազարից մինչեւ 1,2 միլիոն դոլար է գնահատել:
Սա «Ապոլոն 11»-ից լուսնային փոշու միակ յայտնի նմուշն է, որը կարող է օրինական կերպով վաճառւել, ուստի աճուրդի տան համար դրա արժէքը գնահատելը դժւար է, ասել է Bonhams-ի մասնագէտ Ադամ Սթեքհաուսը:
Գնային միջակայքը որոշելու համար Սթեքհաուսը ուսումնասիրել է լուսնի փոշու մի քանի այլ նմուշներ, որոնք վաճառւել են, ինչպէս նաեւ պատմական իրադարձութեան նշանակութիւնը:
Աճուրդը կը կայանայ միայն ապրիլի կէսին, բայց մարդիկ արդէն հետաքրքրութիւն են ցուցաբերում, ասել է Սթեքհաուսը:
«Ապոլոն 11»-ի այս մասունքը հակասութիւն է առաջացրել դրա տիրոջ եւ ՆԱՍԱ-ի միջեւ:
Արմսթրոնգը Երկիր բերեց լուսնային փոշու տոպրակը, սակայն ՆԱՍԱ-ն կորցրեց այն թանգարաններից մէկին ժամանակաւոր օգտագործման համար փոխանցելուց յետոյ: Այն դարձել է բռնագրաււած գոյքի մի մասը, երբ տիեզերական թանգարանի տնօրէնը դատապարտւել է խարդախութեան եւ գողութեան համար։
Արդիւնքում 2015թ. այն աճուրդում ԱՄՆ Մարշալների ծառայութեան կողմից 995 դոլարով վաճառւել է Իլինոյսի բնակչուհի Նենսի Լի Կառլսոնին։
Ըստ Սթեքհաուսի, նա պայուսակն ուղարկել է ՆԱՍԱ, որպէսզի, այնտեղ պարզեն, թէ որտեղից է փոշին: Նրա խօսքով՝ երբ ՆԱՍԱ-ն հասկացել է պայուսակի նշանակութիւնը, տիեզերական գործակալութիւնը հրաժարւել է այն վերադարձնել Կառլսոնին։
Կառլսոնը դատի է տւել ՆԱՍԱ-ին եւ յաղթել դատը՝ ստիպելով գործակալութեանը վերադարձնել պարկը։
Sotheby's-ի աճուրդը պարկը 2017թ.-ին 1,8 մլն դոլարով է վաճառել։
Կառլսոնն այժմ ցանկանում է վաճառել լուսնային փոշով պատւած հինգ մետաղական մասերը, որոնք դեռեւս գտնւում են ՆԱՍԱ-ի կոնտէյներում, ասել է Սթեքհաուսը:
Աճուրդային ընկերութիւնը նիւթի անկախ փորձաքննութիւն է անցկացրել՝ հաստատելու համար, որ այն իսկապէս Լուսնից է, ասել է Սթեքհաուսը: