Տարբեր մարդկանց ատամների էմալի գոյնը կարող է տարբեր լինել, ինչ-որ մէկի ատամները փայլում են սպիտակութիւնից, ու նրանց ժպիտը ձիւնաճերմակ է մինչեւ ծերութիւն, նրանք չեն դիմում ատամնաբոյժի եւ հիգիենայի մասնագէտի, իսկ միւսները ձեռքով փակում են բերանը, երբ ծիծաղում են, որովհետեւ ամաչում են իրենց դեղնած ատամներից։
«alikonline.ir» - Տարբեր մարդկանց ատամների էմալի գոյնը կարող է տարբեր լինել, ինչ-որ մէկի ատամները փայլում են սպիտակութիւնից, ու նրանց ժպիտը ձիւնաճերմակ է մինչեւ ծերութիւն, նրանք չեն դիմում ատամնաբոյժի եւ հիգիենայի մասնագէտի, իսկ միւսները ձեռքով փակում են բերանը, երբ ծիծաղում են, որովհետեւ ամաչում են իրենց դեղնած ատամներից։
Թէ ինչու է այդպէս, եւ պէ՞տք է արդեօք մտահոգւել առողջութեան համար, եթէ ձեր ատամների էմալը կուրացուցիչ սպիտակ չէ՝ «Dr peter»-ին պատմել է բժիշկ-ատամնաբույժ Վլադիմիր Լոսեւը։ Գրում է News.am-ը:
«Էմալը ատամի արտաքին, տեսանելի շերտն է, որը օրգանիզմի ամենաամուր հիւսւածքն է համարւում։ Այդ շերտն անգամ շատ աւելի ամուր է ոսկորներից։ Դրա տակ ատամի ամուր հիւսւածքի եւս մէկ՝ աւելի փափուկ շերտ կայ՝ դենտինը»,- ասել է բժիշկ Լոսեւը։
Նա նշել է, որ էմալի գոյնի փոխւելու պատճառներից մէկը, որն ամենից յաճախ երեւում է կտրիչ կամ ծամիչ ատամների մակերեսներին, դենտինի երեւալն է։
«Դենտինը դեղնաւուն է, ուստի ատամի էմալի վերին շերտի բարակելու դէպքում էլ ամենից յաճախ նկատւում է, որ ատամները դեղնում են։ Այդ պրոցեսը կոչւում է էմալի դեմիներալացում։ Այն յաճախ ուղեկցւում է նաեւ ատամների զգայունակութեան բարձրացմամբ, երբ կայ արձագանք տաքին եւ սառին։ Բայց դա ոչ մի կերպ կապւած չէ կարիեսի հետ»,- ասել է ատամնաբոյժը։
Մասնագէտը նաեւ նշել է ատամների դեմիներալացման պատճառները.
- ժառանգականութիւնը,
- տարիքային փոփոխութիւնները,
- ֆտորի աւելցուկը կամ անբաւարարութիւնը,
- ծխելը,
- չհաւասարակշռւած սննդաբաժինը,
- ատամնաքարը։
«Դեմիներալացման նոյն պրոցեսը կարող է տեղի ունենալ նաեւ ատամի թմբիկներում,- նշել է բժիշկը։- Երբեմն ատամների գերբեռնւածութեան դէպքում սկում են սեպաձեւ դեֆեկտներ առաջանալ, ուստի կարելի է տեսնել դենտինը լինդը բարձրացնելիս կամ իջեցնելիս (եթէ խօսում ենք ստորին ծնոտի մասին) եւ արմատի շաղախը, որը նոյնպէս դեղնաւուն է»։