Հետազօտողները Բիւզանդիայում հատւած մետաղադրամների վրայ SN 1054 աստղի պատկեր են յայտնաբերել, ինչը քրիստոնէական տարածաշրջանում պատմական առաջին վկայութիւնն է:
«alikonline.ir» - Հետազօտողները Բիւզանդիայում հատւած մետաղադրամների վրայ SN 1054 աստղի պատկեր են յայտնաբերել, ինչը քրիստոնէական տարածաշրջանում պատմական առաջին վկայութիւնն է, ըստ News.am-ի՝ յայտնում է Hi Tech լրատւականը:
Գիտնականները հետազօտել են մետաղադրամի յատուկ թողարկւած տարբերակը եւ նշել, որ դրանում Կոնստանտին 9-րդ կայսեր գլխի վրայ երկու աստղ կայ: Այս դասի մետաղադրամները հատւել են 1054 թւականի ամառւանից մինչեւ 1055 թւականի գարունն ընկած ժամանակահատւածը: Հէնց այդ ժամանակ է, որ Երկրի վրայ նկատւել է SN 1054-ի աստղային պայթիւնը:
Պայթիւնից յետոյ աստղը հնարաւոր է եղել տեսնել նոյնիսկ ցերեկով: Այս մասին յիշատակումներ կան չինական, ճապոնական եւ արաբական աղբիւրներում, սակայն բացակայում են քրիստոնէական տարեգրութիւնից:
Կոնստանտին 9-րդի ժամանակ հատւած մետաղադրամների վրայ աւանդաբար մէկ «աստղ» է պատկերւած եղել։ Հետազօտողները կարծում են, որ կայսեր գլուխը խորհրդանշում էր Արեգակը եւ դրան ուղեկցում է Վեներան՝ առաւօտեան աստղը, որը օրւայ գալուստով չի անհետանում երկնքում: Երկրորդ աստղը, որը պատկերւած է յատուկ թողարկւած շարքի մետաղադրամների վրայ, գիտնականների կարծիքով, կարող է լինել SN 1054-ը: