Չնայած պատւաստանիւթերի տեխնոլոգիայի զգալի առաջընթացին՝ COVID-19 համավարակը դեռ չի աւարտւել։ Կորոնավիրուսի (SARS-CoV-2) տարածումը սահմանափակելու հիմնական մարտահրաւէրը վարակւած մարդկանց նոյնականացումն է: Այժմ ճապոնացի հետազօտողները հակամարմինների վրայ հիմնւած նոր մեթոդ են մշակել՝ SARS-CoV-2-ի արագ եւ յուսալի յայտնաբերման համար, որն արեան նմուշ չի պահանջում:
«alikonline.ir» - Չնայած պատւաստանիւթերի տեխնոլոգիայի զգալի առաջընթացին՝ COVID-19 համավարակը դեռ չի աւարտւել։ Կորոնավիրուսի (SARS-CoV-2) տարածումը սահմանափակելու հիմնական մարտահրաւէրը վարակւած մարդկանց նոյնականացումն է: Այժմ ճապոնացի հետազօտողները հակամարմինների վրայ հիմնւած նոր մեթոդ են մշակել՝ SARS-CoV-2-ի արագ եւ յուսալի յայտնաբերման համար, որն արեան նմուշ չի պահանջում, ըստ News.am-ի՝ գրում է Medical Xpress-ը:
Այժմ յայտնաբերման գերակշռող մեթոդը նմուշների հաւաքումն է՝ քթից եւ կոկորդից քսուքի միջոցով։ Այնուամենայնիւ, այս մեթոդի կիրառումը սահմանափակւած է՝ յայտնաբերման երկար ժամանակի (4-6 ժամ), բարձր գնի եւ մասնագիտացւած սարքաւորումների եւ բժշկական անձնակազմի անհրաժեշտութեան պատճառով, յատկապէս՝ սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներում:
COVID-19-ի հաստատման այլընտրանքային եւ լրացուցիչ մեթոդը SARS-CoV-2-ի նկատմամբ յատուկ հակամարմինների յայտնաբերումն է։ Ոսկու նանոմասնիկների հիման վրայ թեստային թղթիկներն այժմ լայնօրէն օգտագործւում են բազմաթիւ երկրներում բժկական օգնութեան տրամադրման կէտերում թեստաւորման համար: Դրանք զգայուն եւ յուսալի արդիւնքներ են ցոյց տալիս 10-20 րոպէի ընթացքում, բայց դրանք օգտագործելու համար մատը ծակելու միջոցով վերցւած արեան նմուշներ են պահանջւում: Դա ցաւոտ է եւ մեծացնում է վարակման կամ խաչաձեւ վարակման վտանգը:
«Նւազագոյն ինւազիւ մեթոդ մշակելու համար, որը թոյլ կը տար խուսափել այդ թերութիւններից, մենք դիտարկել ենք ինտերստիցիալ հեղուկի (ISF) նմուշառման եւ փորձարկման գաղափարը, որը գտնւում է մարդու մաշկի էպիդերմիսում եւ դերմիսի շերտերում: Թէեւ ISF-ում հակամարմինների մակարդակը կազմում է արեան հակամարմինների մակարդակի մօտաւորապէս 15-25 տոկոսը, այնուամենայնիւ հնարաւոր եղաւ հակա-SARS-CoV-2 IgM/IgG հակամարմիններ յայտնաբերել եւ ISF-ը որպէս արեան նմուշառման ուղղակի փոխարինում օգտագործել»,- պատմել է հետազօտող Լէյլի Բաոն Տոկիոյի համալսարանի Արդիւնաբերական գիտութիւնների ինստիտուտից: