James Webb տիեզերական հեռադիտակը ստացել է Տիեզերքի ամենախոր, յստակ եւ հանգամանալի պատկերը, տեղեկացրել է ԱՄՆ-ի Աերոնաւտիկայի եւ Տիեզերական տարածքի ուսումնասիրման ազգային վարչութեան (NASA) կայքը։ Սա հեռադիտակից արւած առաջին լիարժէք գունաւոր լուսանկարն է։
«alikonline.ir» - James Webb տիեզերական հեռադիտակը ստացել է Տիեզերքի ամենախոր, յստակ եւ հանգամանալի պատկերը, տեղեկացրել է ԱՄՆ-ի Աերոնաւտիկայի եւ Տիեզերական տարածքի ուսումնասիրման ազգային վարչութեան (NASA) կայքը։ Սա հեռադիտակից արւած առաջին լիարժէք գունաւոր լուսանկարն է։ Գրում է News.am-ը:
Պատկերն ստացւել է NIRCam-ի՝ հեռադիտակի մերձաւոր ինֆրակարմիր հեռադիտակի օգնութեամբ։ Լուսանկարում երեւում է SMACS 0723 գալակտիկաների կուտակումը. NASA-ի նկարագրմամբ՝ այն «ծածկում է երկնքի աւազահատիկի չափ տարածքը, որը ինչ-որ մէկը Երկրի վրայ պահում է պարզած ձեռքի հեռաւորութեամբ»։ Լուսանկարը ստեղծւել է մէկ շաբաթւայ ընթացքում։
NASA-ում նշել են, որ SMACS 0723-ը գրաւիտացիոն լինզա է հեռադիտակի համար եւ մեծացնում է դրա յետեւում գտնւող աւելի հեռաւոր գալակտիկաները։ NIRCam-ը կարողացել է որսալ նաեւ այդ գալակտիկաների «մանրագոյն կառուցւածքները», նախկինում դրանք նկատելի չէին։
James Webb-ը ամենախոշոր եւ ամենահզօր հեռադիտակն է, որը մարդկութիւնը երբեւէ ուղարկել է տիեզերք, նշել է Եւրոպական տիեզերական գործակալութիւնը (ESA)։ Սարքը NASA-ի, ESA-ի եւ Կանադայի տիեզերական գործակալութեան (CSA) համատեղ արտադրանքն է։ Նրա օգնութեամբ գիտնականները կարող են հետազօտել տիեզերքի՝ ինչպէս Արեգակնային համակարգի, այնպէս էլ այլ գալակտիկաների զարգացման փուլերը։