Սովորական եղանակային պայմաններում մարդու օրգանիզմը սպառում է օրական միջինում 1,5-ից 2,5 լիտր ջուր, սակայն ըստ Ցելսիուսի սանդղակի 30 աստիճան տաքութեան դէպքում օրգանիզմը կորցնում է մէկուկէս անգամ աւելի շատ ջուր, ուստի նաեւ պահանջում է ջրի պաշարների աւելի յաճախակի համալրում:
«alikonline.ir» - Սովորական եղանակային պայմաններում մարդու օրգանիզմը սպառում է օրական միջինում 1,5-ից 2,5 լիտր ջուր, սակայն ըստ Ցելսիուսի սանդղակի 30 աստիճան տաքութեան դէպքում օրգանիզմը կորցնում է մէկուկէս անգամ աւելի շատ ջուր, ուստի նաեւ պահանջում է ջրի պաշարների աւելի յաճախակի համալրում: Այս մասին ըստ News.am-ի՝ նշում են դիետոլոգ մասնագէտները:
Ջրազրկումն ու ջրի պակասը կանխելու համար անհրաժեշտ է յաճախ հեղուկ օգտագործել, սակայն խօսքը ոչ բոլոր տեսակի ըմպելիքների մասին է: Մասնագէտները նշել են, որ ծարաւը յագեցնելու լաւագոյն տարբերակը մաքուր ջուրն է` շեշտելով, որ սառցէ ջուրը խորհուրդ չի տրւում, քանի որ կարող է իջեցնել դիմադրողականութիւնն ու կոկորդի ցաւ առաջացնել:
Բացի այդ սառցէ ընպելիքները ակտիւացնում են քրտնագեղձերի աշխատանքը, ինչը ջրազրկում է առաջացնում: Ուստի աւելի լաւ է սենեակային ջերմաստիճանի ջուր խմել, որի մէջ համի համար կարելի է աւելացնել կիտրոն կամ թարմ անանուխի տերեւներ:
Ամառւայ շոգին, ըստ մասնագէտների, կարելի է նաեւ հանքային ջուր խմել, որն օգնում է լրացնել քրտինքի հետ մարմնից դուրս եկող աղերի պակասը:
Ամառային ըմպելիքների շարքին են դասւում նաեւ թեթեւ սեւ եւ կանաչ թէյերը, ընդ որում` թէ' տաք, թէ' սառը վիճակում: Մէկ բաժակ տաք թէյը նախ կը ստիպի քրտնել, ապա կիջեցնի մարմնի ջերմաստիճանը, նշել է փորձագէտը։
Թոյլատրելի ըմպելիքների շարքին են դասւում նաեւ տանը պատրաստւած առանց շաքարի հիւթերը, թարմ քամւած հիւթերը, տնական կւասը եւ բուսական ծագման կաթը:
Ամռան տապին չի կարելի խմել գարեջուր եւ այլ ալկոհոլային խմիչքներ, ինչպէս նաեւ էներգետիկ եւ զովացուցիչ ըմպելիքներ, որոնք շաքար են պարունակում: Շաքարի կամ քաղցրացուցիչների մեծ քանակութիւնը յանգեցնում է ինչպէս ծարաւի, այնպէս էլ ախորժակի աւելացմանը:
Շոգին նպատակայարմար է նւազեցնել սուրճի օգտագործումը, որն ունի միզամուղ ազդեցութիւն եւ նպաստում է ջրազրկմանը։