Հա

Այլ

31/07/2022 - 08:14

Երկիրը սկսել է աւելի արագ պտտւել. մոլորակն արագութեան ռեկորդ է սահմանել

Գիտնականների կարծիքով՝ երկրի պտտման արագութեան փոփոխութիւնը կարող է բացասական հետեւանքներ ունենալ նաւիգացիոն համակարգերի, ինչպէս նաեւ համակարգիչների, սմարթֆոնների ու կապի համակարգերի վրայ:

«alikonline.ir»- Գիտնականների կարծիքով՝ երկրի պտտման արագութեան փոփոխութիւնը կարող է բացասական հետեւանքներ ունենալ նաւիգացիոն համակարգերի, ինչպէս նաեւ համակարգիչների, սմարթֆոնների ու կապի համակարգերի վրայ: Գրում է Sputnikarmenia.am-ը:

Իր առանցքի շուրջ Երկրի պտոյտի արագութիւնը կտրուկ աճել է, ու մեր մոլորակը դիտարկումների ողջ պատմութեան ընթացքում պտոյտի արագութեան ռեկորդ է սահմանւել:

Forbes-ի փոխանցմամբ՝ որոշ գիտնականներ կարծում են, որ մենք մտնում ենք երկրի արագ պտտման 50-ամեայ շրջան։ Միեւնոյն ժամանակ, այլ հետազօտողներ կարծում են, որ մոլորակը հասել է առաւելագոյն արագութեան ու դանդաղելու է:

Ընդունւած կարծիքի համաձայն՝ երկիրն իր առանցքի շուրջ ամբողջական շրջադարձ է կատարում 24 ժամում։ Սակայն 1973 թւականից գիտնականները ատոմային ժամացոյցի օգնութեամբ չափել են մոլորակի պտոյտի արագութիւնը ու, այդպիսով, պարզւել է այն ժամանակի չափը, որը երկրին անհրաժեշտ է իր առանցքի շուրջ լրիւ պտոյտ կատարելու համար: Այս հետազօտութիւնների շնորհիւ պարզւել է, որ իրականում երկիրը դանդաղում է, ապա աւելացնում իր արագութիւնը:

Երբ մի քանի տարի առաջ պարզ դարձաւ, որ երկիրը դանդաղեցնում է իր պտոյտի արագութիւնը, մասնագէտներն օրւան լրացուցիչ վայրկեաններ էին աւելացնում, որ ժամանակի հաշւարկը առաւելագոյնս ճշգրիտ մնայ: Բայց վերջին մի քանի տարիների ընթացքում ատոմային ժամացոյցի տւեալները ցոյց են տալիս, որ երկիրն արագացնում է շարժումն իր առանցքի շուրջ:

Այսպէս` 2020 թւականին գիտնականները գրանցել են սկսած 1960 թւականից երկրի պատմութեան մէջ 28 ամենակարճ օրը: Իսկ 2022 թւականի յունիսի 29-ին երկրի վրայ արձանագրւել է դրա պտոյտի ռեկորդ. այդ օրը մոլորակն իր առանցքի շուրջ 1,59 միլիվայրկեան աւելի արագ է պտոյտ կատարել: Ռեկորդային արագութեան յաջորդ նման դէպքը գրանցւել է այս տարւայ յուլիսի 26-ին, եւ այդ ժամանակ երկրի արագութիւնը թոյլ է տւել մոլորակին 1.50 միլիվայրկեան աւելի արագ պտոյտ կատարել:

Այս պահին գիտնականները հաստատ չգիտեն՝ ինչու է արագութիւնը փոխւում։ Նրանց խօսքով՝ արագութեան փոփոխութիւնը կարող է բացասական հետեւանքներ ունենալ նաւիգացիոն համակարգերի, ինչպէս նաեւ համակարգիչների, սմարթֆոնների ու կապի համակարգերի համար ամբողջ մոլորակի վրայ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։