Հա

Այլ

07/11/2022 - 11:45

Արիւնոտ լուսին. նոյեմբերի 8-ին տեղի կունենայ Լուսնի ամբողջական խաւարում. երբ եւ ինչպէս դիտել այն

Նոյեմբերի 8-ին տեղի կունենայ 2022 թ. Լուսնի երկրորդ ամբողջական խաւարումը՝ Արիւնոտ լուսինը, որը կը տեւի 85 րոպէ։ Ամբողջական խաւարման ժամանակ Լուսինը կը լինի կարմրաւուն՝ գրեթէ պղնձագոյն:

«alikonline.ir» - Նոյեմբերի 8-ին տեղի կունենայ 2022 թ. Լուսնի երկրորդ ամբողջական խաւարումը՝ Արիւնոտ լուսինը, որը կը տեւի 85 րոպէ։ Ամբողջական խաւարման ժամանակ Լուսինը կը լինի կարմրաւուն՝ գրեթէ պղնձագոյն: Ըստ News.am-ի՝ տեղեկացնում է Space.com-ը։

Լուսնի ամբողջական խաւարումը տեղի է ունենում, երբ լիալուսինը յայտնւում է Երկրի խորը ստւերում, այսինքն՝ երբ Երկիր մոլորակը փակում է արեւից Լուսնին հասնող լուսի ճանապարհ եւ Լուսինն ստանում է միայն Երկրի մթնոլորտում նախապէս ֆիլտրւած լոյսը։

Որտեղից տեսանելի կը լինի խաւարումը

Ամբողջական խաւարումը տեսանելի կը լինի Հիւսիսային Ամերիկայից եւ Հարաւային Ամերիկայի, Ասիայի, Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի որոշ մասերից:

Իսլանդիայից, Հարաւային Ամերիկայի որոշ հատւածներից, Հարաւային եւ Կենտրոնական Ասիայից, Ռուսաստանից, Արեւելեան Բրազիլիայից, Արգենտինայից, Հիւսիսային Սկանդինաւիայից եւ Մերձաւոր Արեւելքից տեսանելի կը լինի լուսնի մասնակի խաւարումը։

Նոյեմբերի 8-ին՝ արեւելեան ստանդարտ ժամանակով (EST) 04:44 (Երեւանի ժամանակով 20։44) կը սկսի Լուսնի մասնակի խաւարումը։ Ապա ժամը 05։17 EST (Երեւանի ժամանակով 21։17) կը սկսւի Լուսնի ամբողջական խաւարումը, որը կը տեւի մինչեւ 6։42 EST (Երեւանի ժամանակով 21։42)։ Մասնակի խաւարումը տեսանելի կը լինի մինչեւ 08:05 EST (Երեւանի ժամանակով 00:05)։

Հայաստանից երեւալու է Լուսնի մասնակի կիսաստւերային խաւարման փուլը, ինչը, Լուսնի խաւարման ամենաթոյլ տեսանելի փուլն է: Խաւարման ողջ ընթացքում Լուսնի կողքին հնարաւոր կը լինի նաեւ տեսնել եօթերորդ մոլորակը՝ Ուրանը:

Ինչո՞ւ է Լուսինն այդքան կարմրում

Չնայած իր ստացած մականւանը՝ «Արիւնոտ լուսին», ամբողջովին խաւարած Լուսինն աւելի շուտ նարնջագոյն-պղնձագոյն կարմրաւուն գոյն ունի, այլ ոչ թէ արեան կարմիր գոյն:

Լուսնի ամբողջական խաւարման ժամանակ լիալուսինն առաջինն անցնում է Երկրի ոչ խորը՝ արտաքին ստւերով (մնալով մոխրագոյն, բայց դառնում է աւելի մուգ), այնուհետեւ յայտնւում է Երկրի խորը ստւերի մէջ: Այս ընթացքում լուսին հասնող միակ արեւի լոյսն անցնում է Երկրի մթնոլորտով, եւ Լուսնի մակերեսը դառնում է կարմիր՝ Ռէյլի ցրման պատճառով:

Կարմիր, նարնջագոյն եւ դեղին լոյսն ունեն ամենաերկար ալիքները, ուստի այս լուսային ալիքները Երկրի մթնոլորտով ճանապարհորդելիս աւելի քիչ մասնիկների են բախւում՝ ի տարբերութիւն կապոյտ լոյսի, որն աւելի կարճ ալիքներ ունի: Որքան շատ փոշի կամ ամպ լինի Երկրի մթնոլորտում խաւարման ժամանակ, այնքան Լուսինն աւելի կարմիր տեսք կունենայ։

Ինչպէ՞ս կարելի է դիտել Լուսնի խաւարումը

Ի տարբերութիւն արեւի խաւարման, որը դիտելու համար անհրաժեշտ է ունենալ յատուկ ակնոց, Լուսնի խաւարումը լիովին անվտանգ է անզէն աչքով դիտելու համար: Նաեւ, ի տարբերութիւն արեւի խաւարման, որի դէպքում խաւարման ամբողջ ցիկլը տեւում է ընդամէնը մի քանի րոպէ, Լուսնի խաւարումը շատ աւելի երկար է տեւում։

Նոյեմբերի 8-ին Լուսնի խաւարումը կը տեւի մի քանի ժամ։ Ամբողջական խաւարումը կը տեւի 85 րոպէ, իսկ մասնակի խաւարումը՝ երկու ժամ։

Լուսնի խաւարումը դիտելու համար խորհուրդ է տրւում առնւազն մէկ ժամ առաջ դուրս գալ, որպէսզի նախ տեսնեք մասնակի խաւարումը, ապա՝ ամբողջականը։

Երբ տեղի կունենայ Լուսնի յաջորդ խաւարումը

Նոյեմբերի 8-ի խաւարում 2022-ին լուսնի երկրորդ ամբողջական խաւարումն, է առաջին տեղի է ունեցել մայիսի 16-ին։ Լուսնի եւս երկու խաւարում տեղի կունենայ 2023թ․։ Առաջինը տեղի կունենայ մայիսի 5-6-ը եւ տեսանելի կը լինի Արեւելեան Եւրոպայից, Անտարկտիդայից, Ասիայի մեծ մասից, Աւստրալիայից, Աֆրիկայից, ինչպէս նաեւ Խաղաղ ովկիանոսից, Հնդկական եւ Ատլանտեան ովկիանոսներից:

Լուսնի միւս (մասնակի) խաւարումը տեղի կունենայ հոկտեմբերի 28-29-ին։ Այն տեսանելի կը լինի առնւազն մասամբ Եւրոպայից, Ասիայից, Աւստրալիայից, Աֆրիկայից, Հիւսիսային Ամերիկայից, Հիւսիսային եւ Արեւելեան Հարաւային Ամերիկայից, Արկտիկայից, Անտարկտիդա եւ Խաղաղ, Ատլանտեան եւ Հնդկական ովկիանոսներից:

2024թ. մարտի 25-ին լուսնի մասնակի խաւարումից եւ 2024թ. սեպտեմբերի 18-ին Լուսնի մասնակի խաւարումից յետոյ Լուսնի յաջորդ ամբողջական խաւարումը տեղի կունենայ 2025թ. մարտի 14-ին: Ամբողջական փուլը տեսանելի կը լինի Հիւսիսային Ամերիկայից, Հարաւային Ամերիկայից եւ Խաղաղ ովկիանոսից: Նաեւ որոշ փուլերով տեսանելի են Եւրոպայից, Աֆրիկայից եւ Ասիայից:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։