Հա

Այլ

30/11/2022 - 13:20

Artemis 1 առաքելութեան ընթացքում Orion տիեզերանաւը խորը տիեզերքից նկարել է Երկիրն ու Լուսինը

Orion տիեզերանաւը Artemis 1 անօդաչու առաքելութեան շրջանակում Լուսնի հեռաւոր ռետրոգրադային ուղեծրով թռչելիս նկարահանել է Երկիրը եւ Լուսինը: Տեսանիւթում երեւում է տիեզերանաւի մի մասը, իսկ հեռւում՝ Երկիրը եւ նրա արբանեակը՝ Լուսինը:

«alikonline.ir» - Orion տիեզերանաւը Artemis 1 անօդաչու առաքելութեան շրջանակում Լուսնի հեռաւոր ռետրոգրադային ուղեծրով թռչելիս նկարահանել է Երկիրը եւ Լուսինը: Տեսանիւթում երեւում է տիեզերանաւի մի մասը, իսկ հեռւում՝ Երկիրը եւ նրա արբանեակը՝ Լուսինը: Գրում է News.am-ը:

Ըստ Space.com-ի՝ NASA-ն ցուցադրել է տեսանիւթեր, որոնք Orion-ը նկարահանել է նոյեմբերի 28-ին Երկրից 435 000 կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնւելու ժամանակ։ Orion-ը թռնում է հեռաւոր լուսնային ռետրոգրադային ուղեծրով, ինչը նշանակում է, որ այն բաւականին հեռու է Լուսնից եւ պտտւում է Երկրի շուրջ Լուսնի ուղեծրի հակառակ ուղղութեամբ։

Orion-ի թռիչքին դէպի Լուսին կարելի է իրական ժամանակում հետեւել IBM-ի ուղիղ հեռարձակմամբ, որը ցուցադրում է Orion-ի տեսախցիկներից ստացւած կադրերը:

Այս առաքելութեան լուսանկարներն ու տեսանիւթերն անհրաժեշտ են ոչ միայն ոգեշնչման համար. դրանցից ստացւած տեղեկատւութիւնը անհրաժեշտ է Artemis-ի հետագայ առաքելութիւնները կազմակերպելու համար։ Artemis 2-ը նախատեսւած է 2024թ., այն տիեզերագնացներին կը հասցնի Լուսնի ուղեծիր՝ առանց Լուսնի մակերեսին վայրէջք կատարելու։ Իսկ ահա 2025թ., եթէ ամէն ինչ ընթանայ ըստ ծրագրի, կը սկսւի Artemis 3-ի առաքելութիւնը, որի ընթացքում տիեզերագնացները վերջապէս կը կարողանան վայրէջք կատարել Լուսնի մակերեսին։

Յիշեցնենք, որ Artemis 1-ը առաքելութիւնը յաջողութեամբ մեկնարկել է նոյեմբերի 16-ին. դրա շրջանակում Orion տիեզերանաւը տիեզերք է դուրս բերւել SLS գերծանր հրթիռի միջոցով: Նոյեմբերի 21-ին Orion-ն արել է Լուսնի առաջին տեսագրութիւնը եւ նոյն օրը մտել դրա ուղեծիր եւ առաւելագոյնս մօտեցել Լուսնի մակերեսին՝ 130 կմ հեռաւորութեան վրայ։ Յետոյ տիեզերանաւը որոշ ժամանակ գտնւել է Լուսնի հակառակ կողմում, եւ կապը Երկրի հետ, ինչպէս եւ սպասւում էր, մի պահ կորել է, ապա կրկին վերականգնւել։

Առաքելութեան ընթացքում Orion-ը նաեւ Լուսնի մակերեսի գեղեցիկ լուսանկարներ է արել։

Artemis 1-ի առաքելութիւնն այժմ դեռ շարունակւում է։ Սպասւում է, որ տիեզերանաւը Երկիր կը վերադառնայ դեկտեմբերի 11-ին եւ վայրէջք կը կատարի Խաղաղ ովկիանոսում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։