Հա

Այլ

07/12/2022 - 08:30

NASA-ն Լուսնի վրայ քարանձաւ է գտել, որտեղ կարող են ապրել տիեզերագնացները

Ամերիկացի գիտնականները Լուսնի վրայ քարանձաւ են յայտնաբերել, որը հարմար կը լինի հետազօտական ​​բազա ստեղծելու համար։ Գիտնականները հաշւարկել են, որ այնտեղ ջերմաստիճանը մշտապէս պահպանւում է +17°C-ի սահմաններում, ինչը լուսնային ծանր պայմաններում մարդկանց համար ապրելու հիանալի տարբերակ է։ 

«alikonline.ir» - Ամերիկացի գիտնականները Լուսնի վրայ քարանձաւ են յայտնաբերել, որը հարմար կը լինի հետազօտական ​​բազա ստեղծելու համար։ Գիտնականները հաշւարկել են, որ այնտեղ ջերմաստիճանը մշտապէս պահպանւում է +17°C-ի սահմաններում, ինչը լուսնային ծանր պայմաններում մարդկանց համար ապրելու հիանալի տարբերակ է։ Գրում է News.am-ը:

NASA-ն ցանկանում է մշտական ​​բազա կառուցել Լուսնի վրայ, բայց դա հեշտ չէ: Օրւայ եւ գիշերւայ լուսնային ցիկլը տեւում է 30 երկրային օր, ինչը նշանակում է, որ այստեղ ապրող մարդիկ պէտք է պատրաստւեն 15 մութ եւ 15 պայծառ երկրային օրերի, իսկ ջերմաստիճանը տատանւում է համապատասխանաբար -170°C-ից մինչեւ +120°C: Մագնիսական դաշտի բացակայութեան պայմաններում Լուսնի վրայ ճառագայթումը 200 անգամ գերազանցում է Երկրի բնական ֆոնին, իսկ մթնոլորտի բացակայութեան պատճառով երկնաքարերն աւելի մեծ արագութիւն եւ հարւածի մեծ ուժ ունեն։

Որպէս բնական ապաստան կարող են ծառայել լաւայից գոյացած խողովակները։ Դրանք փակ անցումներ են, որոնք ձեւաւորւել են այն ժամանակ, երբ Լուսնի վրայ դեռեւս հրաբխային ակտիւութիւն կար։ Մինչ օրս ամերիկացի գիտնականները վստահ են, որ յայտնաբերւել են 16 խոռոչներ, որոնք ձեւաւորւել են լաւայի խողովակների վերին մակերեսի փլուզման արդիւնքում, եւ դրանք կարող են ծառայել որպէս ապաստարանի մուտք։

Լոս Անջելէսի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները, մոդելաւորելով եւ մշակելով Լուսնի արհեստական արբանեակ LRO-ի (Lunar Reconnaissance Orbiter) վրայ տեղադրւած Diviner Lunar Radiometer Experiment սարքի տւեալները, պարզել են, որ Հանգստութեան ծովում (հէնց այստեղ է 1969թ․ յուլիսի 20-ին ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգն առաջին անգամ ոտք դրել Լուսնի վրայ) գտնւող այս խողովակներից մէկում պայմանները համեմատաբար բարենպաստ են: Փոսի ստւերային հատւածում ջերմաստիճանը պահպանւում է մօտ +17°C-ի սահմաններում, այսինքն՝ այս խոռոչը չի հասցնում ցերեկային ժամերին գերտաքանալ կամ գերսառել գիշերւայ ընթացքում։

Միակ դժւարութիւնն այն է, որ այս խոռոչի յատակը գտնւում է Լուսնի մակերեւոյթից 100 մ խորութեան վրայ։ Եւ եթէ հնարաւոր լինի գտնել այնտեղ մտնելու եւ դուրս գալու ճանապարհ, ապա մշտական ​​բազայի համար կլիմայի կառավարման այդքան թանկ համակարգի նախագծման եւ կառուցման կարիք չի լինի։

Յիշեցնենք, որ NASA-ն ներկայումս իրականացնում է Artemis 1 անօդաչու առաքելութիւնը, որը յաջողութեամբ մեկնարկել է նոյեմբերի 16-ին։ Orion տիեզերանավը հնարաւորինս (մօտ 130 կմ) մօտեցել է Լուսնին։ Orion-ն իր հետ տիեզերք է տարել երեք մանեկեն, որոնք յագեցած են 5600 սենսորներով, որպէսզի չափեն ճառագայթման մակարդակը։ Դա գիտնականներին կօգնի հասկանալ, թէ որքան վտանգաւոր են նման թռիչքները տիեզերագնացների համար: Եթէ ​​Artemis 1 առաքելութիւնը յաջողութեամբ աւարտւի, ապա դրան կը յաջորդի Artemis 2 առաքելութիւնը, որը տիեզերագնացներին 2024թ․ կը տանի Լուսնի ուղեծիր: Իսկ արդէն 2025թ․, Artemis 3 առաքելութեան շրջանակում, տիեզերագնացները կը կարողանան նաեւ վայրէջք կատարել Լուսնի մակերեսին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։