Շաբաթ օրը դափնեկիրներին յանձնել են 2022 թւականի խաղաղութեան Նոբէլեան մրցանակը։ Արարողութիւնը, որին ներկայ են եղել Նորւեգիայի թագաւորական ընտանիքը եւ կառավարութեան անդամները, աւանդաբար տեղի է ունենում Օսլոյի քաղաքապետարանի շէնքում եւ հեռարձակւում է Նոբէլեան հիմնադրամի կայքում։
«alikonline.ir» - Շաբաթ օրը դափնեկիրներին յանձնել են 2022 թւականի խաղաղութեան Նոբէլեան մրցանակը։ Արարողութիւնը, որին ներկայ են եղել Նորւեգիայի թագաւորական ընտանիքը եւ կառավարութեան անդամները, աւանդաբար տեղի է ունենում Օսլոյի քաղաքապետարանի շէնքում եւ հեռարձակւում է Նոբէլեան հիմնադրամի կայքում։ Գրում է News.am-ը:
Նորւեգիայի Նոբէլեան կոմիտէի նախագահ Բերիտ Ռէյս-Անդերսէնը Նոբէլեան մրցանակի հիմնադիր Ալֆրէդ Նոբէլի դիմանկարով ոսկէ մեդալը եւ դիպլոմը յանձնել է բելառուս իրաւաբան եւ ակտիւիստ Ալէս Բելեացկիին, որին ներկայացրել է նրա կինը՝ Նատալեա Պինչուկը, ինչպէս նաեւ դատարանի որոշմամբ լուծարւած ռուսական «Մեմորիալ» կենտրոնի (ճանաչւել է օտարերկրեայ գործակալ) եւ Քաղաքացիական ազատութիւնների ուկրաինայկան կենտրոնի ներկայացուցիչներ Եան Ռաչինսկուն ու Ալեքսանդրա Մատւիեչուկին։ Դափնեկիրները կոչմանն արժանացել են «իրենց երկրներում քաղաքացիական հասարակութիւնը ներկայացնելու համար»։
Բերիտ Ռայս-Անդերսէնը կարծում է, որ մրցանակը շնորհելով՝ կոմիտէն այդպիսով նշել է նրանց ներդրումը խաղաղութեանն աջակցութեան գործում։ «Նորւեգիայի Նոբէլեան կոմիտէն համոզւած է, որ այս տարւայ խաղաղութեան մրցանակի երեք դափնեկիրները անձնաւորում են քաղաքացիական հասարակութեան կենսական կարեւոր դերը խաղաղութեան հասնելու եւ այն պահպանելու գործում,- ասել է նա,- Այսօր մենք հանդիպում ենք Օսլոյում եւ Ստոկհոլմում, որպէսզի պատւենք բոլոր Նոբէլեան մրցանակները»։
«Նորւեգիայի Նոբէլեան կոմիտէն հպարտօրէն պատւում է Ալէս Բելեացկիին, «Մեմորիալ»-ին եւ Քաղաքացիական ազատութիւնների կենտրոնին՝ այս շատ տագնապալի ժամանակներում խաղաղութեան եւ մարդկային արժանապատւութեան գործում իրենց աւանդի համար»,- յաւելել է Ռայս-Անդերսէնը:
Քիմիկոս Ալֆրէդ Նոբէլի վերջին կամքի համաձայն՝ խաղաղութեան մրցանակը, ի տարբերութիւն նրա անունը կրող այլ մրցանակների, շնորհւում եւ յանձնւում է ոչ թէ Ստոկհոլմում, այլ Օսլոյում։ Իր կտակում գիտնականն ինքն է դա պնդել՝ նշելով նաեւ, որ մրցանակը շնորհելու մասին որոշումները պէտք է կայացնի նորւեգական խորհրդարանի կողմից նշանակւած հինգ հոգուց բաղկացած յանձնաժողովը։ Դրանում աւանդաբար ներառւում են վաստակաւոր քաղաքական գործիչներ եւ երկրի կուսակցութիւնների նախկին ղեկավարներ։