Ամերիկացի գիտնականները մշակել են դեղամիջոց, որն արդիւնաւէտօրէն չէզոքացնում է օմիկրոնի շտամը եւ կորոնավիրուսի շատ տարբերակներ։ Դանա-Ֆարբերի քաղցկեղի ինստիտուտի, Բոստոնի համալսարանի, Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիւանդանոցի, Կոլորադոյի պետական համալսարանի հետազօտողների աշխատանքի արդիւնքները հրապարակւել են Science Advances ամսագրում:
«alikonline.ir» - Ամերիկացի գիտնականները մշակել են դեղամիջոց, որն արդիւնաւէտօրէն չէզոքացնում է օմիկրոնի շտամը եւ կորոնավիրուսի շատ տարբերակներ։ Դանա-Ֆարբերի քաղցկեղի ինստիտուտի, Բոստոնի համալսարանի, Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիւանդանոցի, Կոլորադոյի պետական համալսարանի հետազօտողների աշխատանքի արդիւնքները հրապարակւել են Science Advances ամսագրում: Տեղեկացնում է News.am-ը:
Մշակումը, որը կոչւում է DF-COV-01, խայծ-մոլեկուլ է ACE2 ռեցեպտորի համար: Ի տարբերութիւն հակամարմինների վրայ հիմնւած դեղամիջոցների, SARS-CoV-2-ին շատ աւելի դժւար է պայքարել ACE2 խայծի դէմ, քանի որ վիրուսի մուտացիաները, որոնք օգնում են նրան դիմակայել դեղամիջոցին, նաեւ նւազեցնում են բջիջները վարակելու նրա կարողութիւնը:
Նոր հետազօտութիւնը բացայայտել է այն առանձնայատկութիւնները, որոնք ACE2 խայծի հիման վրայ ստեղծւած դեղամիջոցներն արդիւնաւէտ եւ երկարատեւ են դարձնում:
Փորձերը ցոյց են տւել, որ երբ սպիտակուցի որոշակի բեկորն ակտիւանում է, դեղամիջոցն աւելի սերտօրէն է ներդրւում վիրուսի մէջ եւ աւելի երկար է գործում օրգանիզմում: Միեւնոյն ժամանակ, դեղամիջոցն ինքնին անդառնալի փոփոխութիւններ է առաջացնում վիրուսի կառուցւածքում՝ նա վնասում է սպիտակուց-փշերը, այնպէս որ պաթոգենը կորցնի բջջի մակերեսի ACE2 ռեցեպտորի հետ կապւելու ունակութիւնը եւ չկարողանայ վարակել նրան:
Քանի որ կորոնավիրուսների մեծամասնութեամբ վարակւելու համար պահանջւում է հէնց ACE2-ի հետ փոխազդեցութիւն, դեղամիջոցն արդիւնաւէտ է բոլոր առկայ եւ նոյնիսկ ապագայ շտամների համար:
DF-COV-01-ը դեռ չի փորձարկւել մարդկանց վրայ, թէեւ դրա մշակումը գրեթէ աւարտւած է: Ներկայումս իրականացւում են նախակլինիկական հետազօտութիւններ, որոնք անհրաժեշտ փուլ են կլինիկական փորձարկումների թոյլատրման համար։