Հա

Այլ

26/12/2022 - 13:00

Ամանորի տրամադրութեամբ լուսանկար James Webb-ից. աստղադիտակը NGC 7469 գալակտիկայի գեղեցիկ լուսանկար է արել

Ամանորից առաջ James Webb աստղադիտակը նոր լուսանկար է արել, որում երեւում է NGC 7469 գալակտիկան՝ իր ողջ հմայքով թեքւած դէպի Երկիր։ Այս գալակտիկան գտնւում է Երկրից մօտ 220 միլիոն լուսատարի հեռաւորութեան վրայ՝ Պեգաս համաստեղութիւնում։ Այն ունի մօտ 90,000 լուսատարի լայնութիւն, իսկ կենտրոնում ակտիւ սեւ խոռոչ կայ։

«alikonline.ir» - Ամանորից առաջ James Webb աստղադիտակը նոր լուսանկար է արել, որում երեւում է NGC 7469 գալակտիկան՝ իր ողջ հմայքով թեքւած դէպի Երկիր։ Այս գալակտիկան գտնւում է Երկրից մօտ 220 միլիոն լուսատարի հեռաւորութեան վրայ՝ Պեգաս համաստեղութիւնում։ Այն ունի մօտ 90,000 լուսատարի լայնութիւն, իսկ կենտրոնում ակտիւ սեւ խոռոչ կայ։ Այս մասին գրում է News.am-ը:

Լուսանկարում պատկերւած է նաեւ աստղ, որը վեց կողմից ճառագայթներ ունի։ Աստղը հիանալի կերպով համընկնում է գալակտիկայի կենտրոնին եւ նման է տօնածառի գագաթին: Ի տարբերութիւն բուն գալակտիկայի, այս «աստղը» իրական տիեզերական օբիեկտ չէ, այլ դիֆրակցիայի (ուղղագիծ տարածումից ալիքների շեղման եւ այդ շեղումն առաջ բերող խոչընդոտների շրջանցման երեւոյթ) հետեւանք է, որն առաջանում է աստղադիտակի երկրորդական հայելու պատճառով։ 

Լուսանկարի ներքեւի ձախ մասում երեւում է նաեւ IC 5283 գալակտիկայի մի փոքր մասը։ Այս գալակտիկաները միասին ձեւաւորում են Arp 298 կառուցւածքը․ դրանք կապւած են գրաւիտացիոն փոխազդեցութեամբ եւ ակտիւօրէն ազդում են միմեանց վրայ։ Դրանց դիտարկումը թոյլ է տալիս գիտնականներին աւելի լաւ հասկանալ հսկայական հեռաւորութիւնների վրայ գտնւող գալակտիկաների փոխազդեցութիւնը, ինչպէս նաեւ ուսումնասիրել հսկայական զանգւած ունեցող սեւ խոռոչների աճը՝ NGC 7469-ի կենտրոնում գտնւող խոռոչի օրինակով:

NGC 7469-ն աւելի վաղ լուսանկարել էր նաեւ Hubble աստղադիտակը։

Ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա երկու աստղադիտակների պատկերները նկատելիօրէն տարբերւում են միմեանցից։ James Webb աստղադիտակն ունի ինֆրակարմիր դիտման սարքեր, որոնք Hubble-ը չունի, այդ պատճառով էլ պատկերն աւելի պայծառ է կենտրոնում, որտեղ սեւ խոռոչում շատ նիւթ է յայտնւում, եւ կուտակման գործընթացի ժամանակ շատ մեծ քանակութեամբ էներգիա է արձակւում, այդ թւում՝ ինֆրակարմիր սպեկտրի դիապազոնում։

Օգտագործելով James Webb-ի MIRI, NIRCam եւ NIRspec գործիքները՝ Great Observatories All-sky LIRGs Survey (GOALS) թիմը կարողացել է աննախադէպ մանրամասնութեամբ պատկերել NGC 7469 գալակտիկան եւ սպեկտրները: Լուսանկարում կարելի է տեսնել աստղաստեղծ շատ երիտասարդ կուտակումներ, որոնք նախկինում երբեք չէին երեւում, ինչպէս նաեւ շատ տաք, մոլեկուլային գազի տուրբուլենտ օջախներ եւ ուղղակի ապացոյցներ այն մասին, որ փոշու մանր հատիկները ոչնչացւում են միջուկից մի քանի հարիւր լուսատարի հեռաւորութեան վրայ, ինչն ապացուցում է, որ ակտիւ գալակտիկական միջուկը կարող է ազդել շրջակայ միջաստղային միջավայրի վրայ:

Լուսանկարում կարելի է տեսնել նաեւ բարձր իոնացւած ատոմային ցրւած գազ, որը, ինչպէս երեւում է, միջուկից դուրս է գալիս ժամում մօտ 6,4 միլիոն կիլոմետր արագութեամբ: Դա գալակտիկական արտանետման մի մասն է, որը նախկինում նոյնպէս յայտնաբերւել է, բայց այժմ James Webb-ը այն ցուցադրում է ապշեցուցիչ մանրամասնութեամբ:

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։