NASA-ի մասնագէտները Քենեդու անւան տիեզերական կենտրոնում ստուգում են, թէ ինչ վիճակում է Orion տիեզերանաւի ջերմապաշտպանիչ վահանը, որը Երկրի մթնոլորտ մուտք գործելու ժամանակ դիմակայել է մօտ 2700°C ջերմաստիճան տաքութեան:
«alikonline.ir» - NASA-ի մասնագէտները Քենեդու անւան տիեզերական կենտրոնում ստուգում են, թէ ինչ վիճակում է Orion տիեզերանաւի ջերմապաշտպանիչ վահանը, որը Երկրի մթնոլորտ մուտք գործելու ժամանակ դիմակայել է մօտ 2700°C ջերմաստիճան տաքութեան: Գրում է News.am-ը:
Տիեզերանաւը, որը 25 օր տեւողութեամբ Artemis 1 առաքելութեան շրջանակում թռչել է դէպի Լուսին, պտտւել դրա շուրջը, դեկտեմբերի 11-ին յաջողութեամբ վայրէջք է կատարել Խաղաղ ովկիանոսում։ Դեկտեմբերի 30-ին տիեզերանաւը վերադարձւել է Ֆլորիդայի Քենեդու անւան տիեզերական կենտրոն։
Մասնագէտները կապամոնտաժեն տիեզերանաւի ջերմապաշտպանիչ վահանը եւ այն կը տեղափոխեն այլ հաստատութիւն՝ հետագայ ուսումնասիրութեան համար։ Մասնագէտների թիմերը նաեւ ստուգում են պարկուճի պատուհանները, ինչպէս նաեւ յետեւի կորպուսի պանելների ջերմապաշտպանիչ վահանները, որոնք պաշտպանում է տիեզերանաւը եւ դրա պարունակութիւնը անբարենպաստ պայմաններում ինչպէս տիեզերքում, այնպէս էլ Երկրի մթնոլորտ մուտք գործելու ժամանակ, երբ տիեզերանաւի վրայ ներգործում են բարձր արագութիւնն ու բարձր ջերմաստիճանը։
NASA-ի տեխնիկները պարկուճի ներսում գտնւող օդի նմուշներ կը վերցնեն, նախքան այն սպասարկման անկիւն տեղափոխելը, որտեղ մասնագէտները կը կարողանան ուսումնասիրել պարկուճի ներսի հատւածը: Տիեզերանաւի իջանցքը բացելուց յետոյ տեխնիկները դուրս կը բերեն ներսում գտնւող աւիոնիկայի արկղերը եւ օգտակար բեռը (տիեզերանաւում կան փորձերի համար նախատեսւած գործիքներ, այդ թւում՝ օդաչուների մանեկենները, որոնց վրայ ճառագայթման սենսորներ կան, անկշռութեան ցուցիչը, Լեգոյի չորս փոքր ֆիգուրները, Սնուփի անունով խաղալիք շունը եւ Շոն անունով խաղալիք ոչխարը):
Աւիոնիկայի բլոկի մանրամասն ստուգումներից եւ փորձարկումներից յետոյ նախատեսւում է այն նորից օգտագործել Artemis 2 առաքելութեան համար։
Տիեզերանաւի սարքաւորումների ապամոնտաժումը կը շարունակւի առաջիկայ ամիսներին, որի ընթացքում փորձագէտները կը հեռացնեն տիեզերանաւում մնացած վտանգաւոր բեռները։
Այնուհետեւ տիեզերանաւը կը մեկնի NASA-ի Նիլ Արմսթրոնգի անւան փորձադաշտ՝ հետագայ փորձարկումների համար:
Artemis 1 առաքելութեան աւարտից յետոյ NASA-ն նախատեսում է գործարկել Artemis 2 առաքելութիւնը, որը 2024թ. տիեզերագնացներին Լուսնի ուղեծիր դուրս կը բերի, սակայն նրանք վայրէջք չեն կատարի Լուսնի վրայ։ Տիեզերագնացները Լուսնի մակերեսին կը կարողանան վայրէջք կատարել արդէն 2025թ.՝ Artemis 3 առաքելութեան շրջանակում։