Դիւկի համալսարանի գիտնականները պարզել են, որ փոքր երեխաները հակւած են օգնել շներին ձեռք բերել առարկաներ, որոնց նկատմամբ կենդանիները հետաքրքրութիւն են ցուցաբերում: Հետազօտութիւնը հրապարակւել է Human-Animal Interactions ամսագրում:
«alikonline.ir» - Դիւկի համալսարանի գիտնականները պարզել են, որ փոքր երեխաները հակւած են օգնել շներին ձեռք բերել առարկաներ, որոնց նկատմամբ կենդանիները հետաքրքրութիւն են ցուցաբերում: Հետազօտութիւնը հրապարակւել է Human-Animal Interactions ամսագրում: Գրում է News.am-ը:
Հետազօտութեանը մասնակցել է միջին խաւի ընտանիքների 20-47 ամսական 97 երեխայ (51 աղջիկ եւ 46 տղայ): 44 երեխայ տանը շուն է ունեցել, իսկ 53-ը՝ ոչ։ Մասնագէտները գնահատել են այն գործօնները, որոնք ազդել են երեխայի ցանկութեան վրայ՝ օգնելու շանը վերցնել այն խաղալիքը կամ սնունդը, որը կենդանիները չեն կարողացել ինքնուրոյն ստանալ:
Գիտնականները պարզել են, որ երեխաները մեծ հաւանականութեամբ օգնել են շներին վերցնել անհասանելի իրերը, եթէ տանը շուն են ունեցել, եւ եթէ այդ իրը ոչ թէ խաղալիք է եղել, այլ ուտելիք: Միաժամանակ, երեխաները երկու անգամ աւելի յաճախ են օգնել այն կենդանիներին, որոնք շատ են ուզեցել ստանալ այդ առարկան:
Ինչպէս նշել են հեղինակները, իրենց արդիւնքները հաստատել են այն վարկածը, որ երկու տարեկան երեխաները ոչ միայն ի վիճակի են որոշել կենդանու վարքագծի նպատակները, այլեւ կարող են եւ օգտագործում են այդ գիտելիքները, որպէսզի օգնեն կենդանուն հասնել իր նպատակներին: