Մատնահարդարման նորարարական մեթոդները, գել լաքի օգտագործումը, թւում է, թէ բաւականին հեշտացրել են եղունգների՝ գեղեցիկ եւ խնամւած լինելու հարցը, սակայն Nature ամսագրում 2023 թ․ յունւարի 17-ին հրապարակւած հետազօտութեան արդիւնքները զգուշացնում են՝ եղունգների գեղեցկութեան համար պահանջւող «զոհաբերութիւնները» կարող են շատ ցաւալի լինել։
«alikonline.ir»- Մատնահարդարման նորարարական մեթոդները, գել լաքի օգտագործումը, թւում է, թէ բաւականին հեշտացրել են եղունգների՝ գեղեցիկ եւ խնամւած լինելու հարցը, սակայն Nature ամսագրում 2023 թ․ յունւարի 17-ին հրապարակւած հետազօտութեան արդիւնքները զգուշացնում են՝ եղունգների գեղեցկութեան համար պահանջւող «զոհաբերութիւնները» կարող են շատ ցաւալի լինել։ Գրում է Aravot.am-ը:
Ուլտրամանուշակագոյն (UV) ճառագայթում ենք անւանում էլեկտրամագնիսական ալիքները, որոնց երկարութիւնը 10 -ից 400 նմ-ի կարող է հասնել։ Ուլտրամանուշակագոյն А ( 315–400 նմ) լոյսը կազմում է ուլտրամանուշակագոյն ճառագայթման մօտ 90 տոկոսը, որը հասնում է Երկրի մակերեսին, եւ կարող է ներթափանցել մաշկի խորը շերտերը՝ յարուցելով ԴՆԹ-ի վնասւածքներ, քանի որ UVA-ն լաւ չի ներծծւում ԴՆԹ-ի կողմից։ Քաղցկեղի հետազօտութեան միջազգային գործակալութիւնը լայնաշերտ UVA ճառագայթումը (315–400 նմ) դասակարգել է որպէս 1-ին խմբի քաղցկեղածին՝ հիմնւելով ինչպէս մարդու, այնպէս էլ փորձարարական մոդելների վրայ գործած քաղցկեղածին ազդեցութիւնն ապացուցող հիմնաւոր տւեալների վրայ։ UVA ճառագայթման էկոլոգիական վնասի մեծ մասը կապւած է կոմերցիոն միջոցների օգտագործման հետ, օրինակ՝ սոլեարիների։ Մետա-անալիզները բացայայտել են պատճառահետեւանքային կապերը մաշկի քաղցկեղի եւ արեւայրուքի համար նախատեսւած UV ճառագայթում արձակող սարքերի օգտագործման միջեւ։
Փորձարարական հետազօտութիւնները ցոյց են տւել, որ UVA ճառագայթումը յանգեցնում է ԴՆԹ-ի վնասւածքների՝ հիմնականում թթւածնի ակտիւ ձեւերից առաջացած ածանցեալների կուտակումների հաշւին։ Չնայած որ նախկինում կային բաւարար ապացոյցներ երկարալիք դիապազոն ունեցող ուլտրամանուշակագոյն А ճառագայթման (315–400 նմ) քաղցկեղածին ազդեցութեան վերաբերեալ, UVA ճառագայթումը լայնօրէն օգտագործւում է ծառայութիւնների ոլորտում՝ առանց դրա պոտենցիալ քաղցկեղածին եւ մուտագեն ազդեցութիւնների մանրակրկիտ գնահատման: Վառ օրինակներից մէկը եղունգների լաքի չորացման համար նախատեսւած UV սարքաւորումներն են, որոնք վերջին տասնամեակում շատ մեծ տարածում են գտել մատնահարդարման ծառայութիւնների ոլորտում։ Եղունգների լաքի չորացման համար նախատեսւած UV լամպերի ճառագայթման ալիքը 340 -ից 395 նմ է, որի ազդեցութեանը մէկ այցի ընթացքում մօտաւորապէս 10 եւ աւելի րոպէ ենթարկւում է ինչպէս ձեռքը, այնպէս էլ եղունգները։ Վերջին շրջանում մարդկանց եղունգների եւ ձեռքերի շրջանում գրանցւած մելանոմայի դէպքերը անհանգստանալու տեղիք են տալիս եւ ենթադրաբար կապւում են UV լամպերի արձակած ճառագայթման հետ։
Հետազօտողների խումբը, մարդու եւ մկների բջիջների վրայ ուսումնասիրելով UV լամպերի ճառագայթման ազդեցութիւնը, փաստում է, որ իրենց արդիւնքները համապարփակ նկարագիր են տալիս UV լամպերի ճառագայթման արդիւնքում կաթնասունների բջիջներում ԴՆԹ-ի վնասման եւ սոմատիկ մուտացիաների վերաբերեալ։ Եղունգների լաքը չորացնող UV լամպերի ճառագայթման ցիտոտոքսիկ ազդեցութիւնն ուսումնասիրելու համար մկների սաղմնային ֆիբրոբլաստները, հասուն մարդու կերատինոցիտներն ու ֆիբրոբլաստները ենթարկւել են ճառագայթման ազդեցութեանը մի քանի տարբեր պայմաններում։ Իւրաքանչիւր բջիջը ճառագայթման է ենթարկւել 1,2,3 անգամ, ընդ որում իւրաքանչիւր գործողութեան տեւողութիւնը կազմել է 1-20 րոպէ։ Բջիջների կենսունակութիւնը ստուգւել է վերջին ճառագայթումից 48 ժամ յետոյ, ընդ որում ամէն պայմանը կրկնւել է 3 անգամից ոչ պակաս։ Բջիջների կենսունակութեան վերլուծութիւնը ցոյց է տւել, որ ճառագայթումն առաջացնում է ցիտոտոքսիկութիւն, իսկ ազդեցութեան մեծ ծաւալը նւազեցնում է բջիջների կենսունակութիւնը։ Օրինակ՝ բջջային գծերի բոլոր մոդելների դէպքում 20 րոպէանոց ճառագայթումը յանգեցրել է 20-30% բջիջների մահւան, իսկ 3 յաջորդական 20 րոպէանոց ճառագայթումը՝ 65% -70%-ի մահւան։ Հետազօտութեան հեղինակները նաեւ նշում են, որ թէեւ հետազօտութեամբ ցոյց է տրւում, որ եղունգների չորացման համար նախատեսւած UV- լամպերը կարող են գործել ցիտոտոքսիկ, գենոտոքսիկ ու մուտագեն ազդեցութիւն, այնուամենայնիւ անհրաժեշտ են նաեւ այլ լայնամասշտաբ, երկարաժամկէտ հետազօտութիւններ՝ UV- լամպերի ազդեցութեան պատճառով ձեռքի մաշկի քաղցկեղի առաջացման հաւանականութեան ճշգրիտ հաշւարկների համար։
Պատրաստեց Մարինէ ԱԼԵՔՍԱՆԵԱՆԸ