Երկիր մոլորակի կառուցւածքը նման է սոխի կառուցածքին․ այն բաղկացած է իրար յաջորդող շերտերից: Ամենավերեւի շերտը երկրակեղեւն է, աւելի ներքեւ՝ միջնապատեանը, որը հիմնականում ամուր քարից է բաղկացած։ Դրանից ներքեւ արդէն գտնւում է արտաքին միջուկը, որը բաղկացած է հեղուկ երկաթից, այնուհետեւ արդէն ներքին միջուկն է, որը կազմւած է ամուր երկաթից եւ Լուսնի մօտ 70%-ի չափ է: Որքան մօտենում ենք Երկրի միջուկին, ջերմաստիճանն աւելի է բարձրանում, իսկ միջուկի որոշ մասեր այնքան տաք են, որքան Արեւի մակերեսը:
«alikonline.ir» - Երկիր մոլորակի կառուցւածքը նման է սոխի կառուցածքին․ այն բաղկացած է իրար յաջորդող շերտերից: Ամենավերեւի շերտը երկրակեղեւն է, աւելի ներքեւ՝ միջնապատեանը, որը հիմնականում ամուր քարից է բաղկացած։ Դրանից ներքեւ արդէն գտնւում է արտաքին միջուկը, որը բաղկացած է հեղուկ երկաթից, այնուհետեւ արդէն ներքին միջուկն է, որը կազմւած է ամուր երկաթից եւ Լուսնի մօտ 70%-ի չափ է: Որքան մօտենում ենք Երկրի միջուկին, ջերմաստիճանն աւելի է բարձրանում, իսկ միջուկի որոշ մասեր այնքան տաք են, որքան Արեւի մակերեսը: Բայց ինչո՞ւ է դա այդպէս եւ ինչպէ՞ս է ստացւել, որ միլիոնաւոր տարիներ Երկրի միջուկը պահել է իր տաքութիւնը առ այսօր։
Ուղեւորութիւն դէպի Երկրի կենտրոն
Ըստ News.am-ի՝ ինչպէս տեղեկացնում է Space.com-ը, գիտնականները, որպէսզի հասկանան, թէ ինչ կայ Երկրի ընդերքում, օգտագործում են սէյսմիկ թրթռումներ։ Մինչեւ 30 կիլոմետր խորութեան վրայ դեռ երկրակեղեւն է, որը լողում է միջնապատեանի վերեւում: Միջնապատեանի վերեւի շերտը սովորաբար շարժւում է երկրակեղեւի հետ միասին։ Դրանք միասին կոչւում են լիթոսֆերա, որի հաստութիւնը կազմում է միջինը մօտ 100 կիլոմետր, թէեւ որոշ վայրերում այն կարող է աւելի հաստ լինել:
Լիտոսֆերան բաժանւած է մի քանի խոշոր բլոկների, որոնք կոչւում են տեկտոնական սալեր: Դրանք փազլի մասերի պէս իրար միանալով ծածկում են Երկրի մակերեսը: Ընդորում, այդ սալերը ստատիկ վիճակում չեն․ դրանք շարժւում են՝ երբեմն մի քանի տարիների ընթացքում ընդամէնը 1-2 սմ, երբեմն՝ աւելի շատ ու աւելի յանկարծակի է: Հէնց այս շարժումն է, որ առաջացնում է երկրաշարժեր եւ հրաբխային ժայթքումներ:
Աւելին, տեկտոնական սալերի շարժումը վճռորոշ նշանակութիւն ունի եւ խթանում է կեանքի էւոլիւցիան Երկրի վրայ, քանի որ շարժւող սալերը փոխում են շրջակայ միջավայրը եւ ստիպում, որպէսզի Երկրի վրայ գտնւող կեանքը յարմարւի նոր պայմաններին:
Շարունակական ջերմութիւն
Տեկտոնական սալերի շարժումը պահանջում է տաք միջնապատեան: Որքան շատ ես մօտենում Երկրի միջուկին, այդքան ջերմաստիճանը բարձրանում է։
Սալերի յատակին՝ մօտ 100 կիլոմետր խորութեան վրայ, ջերմաստիճանը կազմում է մօտ +1,300 աստիճան Ցելսիուս: Միջնապատեանի եւ արտաքին միջուկի սահմանին, որը գտնւում է 2900 կիլոմետր խորութեան վրայ, ջերմաստիճանը կազմում է մօտ +2700 աստիճան: Իսկ արդէն արտաքին միջուկի եւ միջուկի սահմանագծին ջերմաստիճանը կրկնապատկւում է՝ հասնելով 6000 աստիճանի։ Հէնց այս հատւածն է, որն այնքան տաք է, որքան Արեւի մակերեսը։
Նման բարձր ջերմաստիճանի պարագայում գրեթէ ամէն ինչ գոլորշիանում է եւ վերածւում գազի: Բայց քանի որ միջուկը գտնւում է մոլորակի խորքում բարձր ճնշման տակ, երկաթը, որից այն կազմւած է, մնում է հեղուկ կամ պինդ վիճակում:
Որտեղի՞ց է ի վերջ այդ ջերմութիւնը ստացւում
Այդուհանդերձ, հարց է ծագում, թէ որտեղից է այդքան ջերմութիւնն ստացւում։ Բնականաբար ոչ Արեւից։ Չնայած Արեգակը տաքացնում է մեզ եւ Երկրի մակերեւոյթի բոլոր բոյսերին եւ կենդանիներին, սակայն Արեւի լոյսը չի կարող շատ թափանցել երկրագնդի ներսը, յատկապէս այդքան մեծ խորութեան վրայ։
Իրականում կայ ջերմութեան երկու աղբիւր։ Մէկն այն ջերմութիւնն է, որը Երկիրը ժառանգել է 4,5 միլիարդ տարի առաջ իր ձեւաւորման ժամանակ: Երկիրը ստեղծւել է արեգակնային միգամածութիւնից՝ հսկայ գազային ամպից, ժայռերի եւ բեկորների անվերջ բախումների եւ միաձուլումների պայմաններում, գործընթաց, որը տեւել է տասնեակ միլիոնաւոր տարիներ։
Այդ բախումների հետեւանքով ահռելի քանակութեամբ ջերմութիւն է առաջացել, որը բաւական էր ամբողջ Երկիրը հալեցնելու համար: Թէեւ այդ ջերմութեան մի մասը կորել է տիեզերքում, դրա մնացած մասը փակւել է Երկրի ներսում, որտեղ դրա մեծ մասը մնում է մինչ այսօր:
Ջերմութեան միւս աղբիւրը՝ ռադիոակտիւ իզոտոպների քայքայումն է, որը տեղի է ունենում Երկրի վրայ ամենուր: Ռադիոակտիւ իզոտոպները կայուն չեն։ Նրանք թողարկում են էներգիայի կայուն հոսք, որը վերածւում է ջերմութեան: Կալիում-40, թորիում-232, ուրան-235 եւ ուրան-238․ սրանք ռադիոակտիւ իզոտոպներն են, որոնք Երկրի միջուկը տաք են պահում։ Տաք միջուկի եւ միջնապատեանի հետ մէկտեղ, էներգիա արտազատող այս իզոտոպները ջերմութիւն են ապահովում տեկտոնական սալերի շարժումը խթանելու համար։
Չկայ ջերմութիւն, չկայ նաեւ սալերի շարժում, հետեւաբար նաեւ կեանք
Նոյնիսկ հիմա շարժւող տեկտոնական սալերը շարունակում են փոխել Երկրի մակերեւոյթը՝ միլիոնաւոր եւ միլիարդաւոր տարիների ընթացքում անընդհատ ստեղծելով նոր հողեր եւ նոր ովկիանոսներ: Տեկտոնական սալերը նշւած երկար ժամանակահատւածում ազդում են նաեւ մթնոլորտի վրայ։
Առանց Երկրի ներքին ջերմութեան, տեկտոնական սալերը չէին շարժւի։ Արդիւնքում Երկիրը կը սառչէր։ Մեր աշխարհը, հաւանաբար, կը լինէր չբնակեցւած։