«Reddit»-ի համահիմնադիր, ներկայումս «Seven Seven Six» վենչուրային ընկերութեան գլխաւոր բաժնետէր Ալեքսիս Օհանեանը հարցազրոյց է տւել ամերիկեան հեղինակաւոր Forbes պարբերականին, որում խօսել է կրիպտոարժոյթների ապագայի մասին, յատկապէս FTX-ի կրիպտոբորսայի սնանկացման ֆոնին։
«alikonline.ir» - «Reddit»-ի համահիմնադիր, ներկայումս «Seven Seven Six» վենչուրային ընկերութեան գլխաւոր բաժնետէր Ալեքսիս Օհանեանը հարցազրոյց է տւել ամերիկեան հեղինակաւոր Forbes պարբերականին, որում խօսել է կրիպտոարժոյթների ապագայի մասին, յատկապէս FTX-ի կրիպտոբորսայի սնանկացման ֆոնին։ Գրում է News.am-ը:
«Դուք կարող էք մտածել, որ բիթքոյնը յիմարութիւն է, բայց դա նոյնքան յհիմարութիւն է, որքան ոսկին»,- ասել է նա՝ նշելով, որ եթէ դու կարողութիւնդ պահում ես ոսկով եւ անհրաժեշտութեան դէպքում կարող ես դա տեղափոխել երկրից, ապա կրիպտոարժոյթի դէպքում դա անելը շատ աւելի հեշտ է։ «Եւ սա հնարաւոր ամենաձանձրալի փաստարկն է այն մասին, թէ ինչու է կրիպտոն, այս դէպքում բիթքոյնը, լաւ, օգտակար եւ ապահով»,- ասել է նա։
Ալեքսիս Օհանեանն ասել է, որ հիմա իր ողջ ուշադրութիւնը կենտրոնացրել է տեխնոլոգիական ոլորտում վենչուրային ներդրումներով զբաղւող «Seven Seven Six» ընկերութեան վրայ։ «Ես միշտ կրիպտոյի պրագմատիկ աջակից եմ եղել: «Seven Seven Six»-ի պորտֆելի մօտ կէսը ինչ-որ կերպ ներդրումներ է կատարում կրիպտօ կամ բլոկչէյն տեխնոլոգիաներում»,- ասել է նա:
«Reddit»-ի համահիմնադիրն ասել է, որ «Seven Seven Six»-ը երիտասարդ ընկերութիւն է, պորտֆելում ներառւած ընկերութիւնները նոյնպէս բաւականին երիտասարդ են։ Այդուհանդերձ, ընկերութեան հիմնադիրները իրապէս հաւատում են, որ յաջորդ մէկ-երկու տարւայ ընթացքում դրանք արդէն բաւական փորձառու կը լինեն։
Ըստ Օհանեանի՝ տեխնոլոգիական առումով 2023-ը ընդհանուր առմամբ դժւար տարի է լինելու, եւ տեխնոլոգիական ոլորտի ընկերութիւնների ղեկավարները միանգամայն այլ սցենարներ ստիպւած կը լինեն դիտարկել իրենց յաջորդ ներդրումն ստանալու համար։
«Ցաւօք, որքան ցաւ տնտեսական այս անորոշութիւնը կը ստեղծի, այդ նոյն ցաւը կը ստեղծի մի քանի հիանալի ընկերութիւններ: Ես լիայոյս եմ այդ ընկերութիւնների համար, քանի որ մենք այդ ընկերութիւնների կարիքն ունենք, որպէսզի դրանք մեզ հետագայում էլ աւելի մղեն դէպի տիեզերական եւ կլիմայական տեխնոլոգիաներ, ծրագրային ապահովում, եւ այո՛, նոյնիսկ կրիպտո տեխնոլոգիաներ»,- ասել է նա:
Ալեքսիս Օհանեանը նշել է, որ ինքը կրիպտոոլորտի տարբեր փուլերով է անցել, շատ կրիպտոձմեռներ է տեսել, այդուհանդերձ, իրականում վայելում է այս ոլորտում գործելու հնարաւորութիւնը, քանի որ գործ է ունենում խելացի, սթափ դատող երիտասարդ մասնագէտների հետ, որոնք շատ աւելի խելացի են, քանի որ առաջին սերունդն են, որը մեծացել է այս դարաշրջանում։ Նա նաեւ յոյս է յայտնել, որ երիտասարդները շատ բան կը սովորեն իրենց սերնդի թոյլ տւած սխալներից։ «Եւ ես այստեղ եմ՝ հնարաւորինս օգնելու նրանց»,- ասել է նա։
«Seven Seven Six»-ի գլխաւոր բաժնետէրը նշել է, որ իրեն շատ բախտաւոր է համարում, երբ տեսնում է, թէ նոր ընկերութիւնը վերջին երկու տարիների ինչպիսի առաջընթաց ու յաջողութիւններ է գրանցում, ինչը նրան ստիպում է մտածել, որ աւելի վաղ պէտք է սկսած լինէր նման նախաձեռնութիւն։ «Բայց ես ուրախ եմ, որ գտնւում եմ այնտեղ, որտեղ հիմա եմ։ Այստեղ աշխատելը զւարճալի է եւ աներեւակայելի գոհացուցիչ»,- նշել է նա:
Ալեքսիս Օհանեանը նաեւ ասել է, որ ստեղծել է «Seven Seven Six» հիմնադրամ, որով սկսում է իր բարեգործական գործունէութիւնը, եւ իր կեանքի մնացած մասը պատրաստւում է զբաղւել թէ՛ կապիտալի ներդրմամբ, թէ՛ բարեգործական հիմնադրամով։