Հա

Այլ

01/03/2023 - 12:10

Հայ գիտնականները քաղցկեղային բջիջների դէմ պայքարող դեղամիջոց են մշակում

ՀՀ ԳԱԱ Հրաչեայ Բունիաթեանի անւան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի եւ կենսաբժշկական հետազօտութիւնների լաբորատորիաները Բելառուսի ԳԱԱ Ֆիզիկայի ինստիտուտի «Մոլեկուլների ֆոտոնիկայի եւ ֆոտոքիմիայի» կենտրոնի հետ համագործակցութեամբ իրականացնում են հետազօտութիւններ՝ ստեղծելու այնպիսի նոր դեղամիջոց, որով ոչնչացնեն միայն քաղցկեղային բջիջները՝ չվնասելով առողջները:

«alikonline.ir» - ՀՀ ԳԱԱ Հրաչեայ Բունիաթեանի անւան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի եւ կենսաբժշկական հետազօտութիւնների լաբորատորիաները Բելառուսի ԳԱԱ Ֆիզիկայի ինստիտուտի «Մոլեկուլների ֆոտոնիկայի եւ ֆոտոքիմիայի» կենտրոնի հետ համագործակցութեամբ իրականացնում են հետազօտութիւններ՝ ստեղծելու այնպիսի նոր դեղամիջոց, որով ոչնչացնեն միայն քաղցկեղային բջիջները՝ չվնասելով առողջները: Տեղեկացնում է News.am-ը:

«Յայտնի է, որ քաղցկեղային բջիջներում ֆոլաթթւի (վիտամին B9) ռեցեպտորների քանակը, որոնք աշխատում են անտենայի սկզբունքով, 100-300 անգամ աւելի շատ է, քան առողջ բջիջներում: Օգտագործելով այս հանգամանքը՝ մեր կողմից ֆոլաթթւի (ՖԹ) հետ կոմպլեքսաւորւել են ցինկ մետաղ պարունակող պորֆիրիններ (ֆոտոզգայուն բնութիւնում գոյութիւն ունեցող միացութիւններ):

Ստացւած կոմպլեքսները կապւում են միայն քաղցկեղային բջիջների ֆոլաթթւի ռեցեպտորների հետ թիրախային սկզբունքով եւ, ներթափանցելով քաղցկեղային բջիջների մէջ, լազերի միջոցով լուսաւորումից յետոյ ոչնչացնում են միայն քաղցկեղային բջիջները: Այդ կոմպլեքսներից ընտրել ենք նիւթերի ամենաբարձր յարաբերակցութեամբ կոմպոզիտը` [ՖԹ+Zn-TBut4PyP], որում յարաբերակցութիւնը հասնում է 20/1-ի:

Կոմպոզիտների յատկութիւններն ուսումնասիրւել են տարբեր pH-ի եւ NaCl կոնցենտրացիայի պայմաններում, որոնք բնորոշ են քաղցկեղի համար: Նման կոմպոզիտների ստացման մատչելիութիւնը հնարաւորութիւն է ընձեռում դրանք կիրառել ուռուցքների թիրախային ֆոտոդինամիկ թերապիայում: Պորֆիրինները կարող են օգտագործւել նաեւ բակտերիաների, սնկերի, խմորիչների եւ վիրուսների դէմ պայքարում»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հրաչեայ Բունիաթեանի անւան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտութիւնների թեկնածու Գրիգոր Գիւլխանդանեանը:

Հետազօտութիւնն իրականացւում է «Ֆոլաթթւի եւ կատիոնային պորֆիրինների հիմքով նոր վեկտորային կոմպոզիտներ ուռուցքների ֆոտոդինամիկ թերապիայի համար» ծրագրի շրջանակում, ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան գիտութեան կոմիտէի ֆինանսական աջակցութեամբ:

«Հետազօտութիւնն ունի ե՛ւ հիմնարար, ե՛ւ կիրառական նշանակութիւն: Այս հետազօտութիւնների հիման վրայ շարունակւելու է այլ նմանատիպ միացութիւնների (այլ վիտամինների, սպիտակուցների, գիալուրաթթւի), նանոմասնիկների (արծաթէ, ոսկէ) ու պորֆիրինների կոմպոզիտների ստեղծումը, որոնք կարող են ցուցաբերել աւելի բարձր խնամակցութիւն եւ ակտիւութիւն քաղցկեղային բջիջների նկատմամբ: Հետազօտութիւնը շարունակւելու է 2023թ-ին եւ աւարտից յետոյ ամենաակտիւ միացութիւնը (դեղամիջոցը) կիրառւելու եւ փորձարկւելու է խոշոր կենդանիների վրայ, որպէսզի հետագայում կիրառւի մարդու քաղցկեղային հիւանդութիւնների դէպքում»,- ասաց Գրիգոր Գիւլխանդանեանը:

Հետազօտական աշխատանքում ընդգրկւած է ՀՀ ԳԱԱ Հրաչեայ Բունիաթեանի անւան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի լաբորատորիայի 3 երիտասարդ գիտաշխատող, ինչպէս նաեւ կենսաբժշկական հետազօտութիւնների լաբորատորիայի գիտաշխատողներ: Բացի այդ, այս թեմայով ներկայում կատարում են եւ շարունակելու են 2023թ. կատարել հետազօտութիւններ 3 ուսանողներ` բակալաւրներ եւ մագիստրոսներ:

Հետազօտութեան արդիւնքները 2022թ. տպագրւել են հեղինակաւոր «Journal of Innovative Optical Health Sciences» ամսագրում, Vol. 15(1), pp. 2142007-1 - 2142007-16, (2022):

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։