Հա

Այլ

06/03/2023 - 12:05

Տիեզերական աղբի պատճառով Երկրի ուղեծրի որոշ մասեր կարող են արգելւած գօտի դառնալ․ ի՞նչ վտանգներ կան եւ ի՞նչ է արւում դրանից խուսափելու համար

Ընդամէնը տասը տարի առաջ մեր մոլորակի շուրջը պտտւում էր մօտ 1000 կամ աւելի գործող արբանեակ, սակայն մէկ տասնամեակ յետոյ դրանց թիւը կարող է հասնել տասնեակ կամ նոյնիսկ հարիւր հազարների։ Փորձագէտները տարիներ շարունակ ահազանգում են, որ Երկրի ուղեծրում առկայ օբիեկտների թիւը չափազանց շատ է մեծանում։ Այսպիսով, քանի՞ արբանեակ կարող միաժամանակ գտնւել Երկրի ուղեծրում՝ չառաջացնելով խնդիրներ։

«alikonline.ir» - Ընդամէնը տասը տարի առաջ մեր մոլորակի շուրջը պտտւում էր մօտ 1000 կամ աւելի գործող արբանեակ, սակայն մէկ տասնամեակ յետոյ դրանց թիւը կարող է հասնել տասնեակ կամ նոյնիսկ հարիւր հազարների։ Փորձագէտները տարիներ շարունակ ահազանգում են, որ Երկրի ուղեծրում առկայ օբիեկտների թիւը չափազանց շատ է մեծանում։ Այսպիսով, քանի՞ արբանեակ կարող միաժամանակ գտնւել Երկրի ուղեծրում՝ չառաջացնելով խնդիրներ։

Աստղաֆիզիկայի Հարվարդ-Սմիթսոնեան կենտրոնի աստղաֆիզիկոս եւ աստղագէտ Ջոնաթան Մաքդաուէլը մի նախագիծ է սկսել, որը հետեւում է արբանեակների արձակումներին եւ ֆիքսում, թէ ինչպէս է Երկրի ուղեծրում գտնւող օբիեկտների թիւը կտրուկ աճում։ Այս մասին գրում է News.am-ը:

«Դա նման կը լինի միջպետական մայրուղու՝ պիկ ժամին ձնաբքի ժամանակ, երբ բոլորը շատ արագ են վարում մեքենան»,- ասել է նա ի պատասխան Space.com-ի հարցին, թէ ինչպիսին կը լինի իրավիճակը ուղեծրում, եթէ SpaceX-ի (Starlink), OneWeb-ի եւ Amazon-ի (Kuiper) արբանեակներ արձակելու ծրագրերն իրագործւեն:

Մանեւրներ

Արդէն առկայ են առաջին նշանները, որ Երկրի ուղեծրում իրավիճակը չափազանց լարւում է։ Մաքդաուէլի բրիտանացի գործընկեր, Սաութհեմփթոնի համալսարանի տիեզերագնացութեան պրոֆեսոր Հիւ Լուիսը արդէն մի քանի տարի է, ինչ Twitter-ի իր էջում հրապարակումներ է անում՝ ներկայացնելով դէպքերը, երբ տարբեր օբիեկտներ՝ գործող կամ չգործող արբանեակներ (տիեզերական աղբ), չափազանց շատ են մօտենում իրար։

Այս տարւայ հրապարակումներից մէկում Լուիսը նշել է, որ 2022-ի համար կանխատեսւած նման դէպքերի ընդհանուր թիւը 134%-ով աւելի է եղել 2020թ․ եւ 58%-ով աւելի 2021թ․ համեմատ եւ գերազանցում է 4 միլիոնը, ինչը վկայում է, որ տիեզերքում «երթեւեկութիւնը» համակարգելը աստիճանաբար աւելի է բարդանում։

Օրինակ՝ SpaceX-ի Starlink-ը 2022-ի դեկտեմբերին ԱՄՆ Հաղորդակցութեան դաշնային յանձնաժողովին ներկայացրել է տւեալներ, ըստ որոնց՝ Starlink արբանեակները երկու տարւայ ընթացքում այլ օբիեկտների հետ բախումից խուսափելու նպատակով 26,037 մանեւր են արել։ Դա նշանակում է, որ մինչ օրս արձակւած գրեթէ 4000 Starlink արբանեակներից իւրաքանչիւրը միջինը կատարել է 12 նման մանեւր։

Եւ սա այն դէպքում, երբ SpaceX-ը տիեզերք է դուրս բերել Starlink արբանեակների դեռ 10%-ից էլ քիչ մասը․ ընկերութիւնը նախատեսում է առաջիկայ տասը տարում ուղեծիր դուրս բերել 42,000 նման արբանեակ։ Եթէ դրանց գումարենք 4000 արբանեակները, որոնք OneWeb-ն է ցանկանում արձակել, 3200 Kuiper արբանեակները, որոնք Amazon-ն է նախատեսում արձակել եւ 13,000 արբանեակները, որոնք Չինաստանն է նախատեսում արձակել իր Guowang համակարգի շրջանակում, ապա ակնյայտ է դառնում, որ ամէն ինչ շատ աւելի է թէժանալու:

ԱՄՆ Հաղորդակցութեան դաշնային յանձնաժողովին ներկայացւած փաստաթղթում SpaceX-ը պնդում է, որ իր արբանեակներից իւրաքանչիւրն ունի բաւարար վառելիք առաջիկայ հինգ տարում այլ օբիեկտների հետ բախումից խուսափելու նպատակով 350 մանեւր կատարելու համար: Սակայն, ըստ Հիւ Լուիսի հաշւարկների՝ նշւած 350 մանեւրը մէկ արբանեակը կարող է անել աւելի կարճ ժամանակում՝ հաշւի առնելով, թէ ինչ արագութեամբ են աւելանում ուղեծրում առկայ օբիեկտները։ Աւելին, մէկ արբանեակը գուցէ ստիպւած լինի օրական 100 կամ գուցէ 1000 նման մանեւր անել, ինչի արդիւնքում հինգ տարուց քիչ ժամանակահատւածում կը սպառի դրա համար նախատեսւած վառելիքը։

Բախումներ

Գործող արբանեակները, սակայն, խնդրի մի մասն են միայն: Եւրոպական տիեզերական գործակալութեան հաշւարկներով՝ Երկրի մերձակայ ուղեծրում կայ տիեզերական օբիեկտների մօտ 36,500 կտոր, որոնք 10 սանտիմետրից մեծ են, մօտ մէկ միլիոն բեկոր, որոնց չափերը 1-10 սմ են, եւ 130 միլիոն բեկոր, որոնք 1 սմ-ից փոքր են: Աւելի մեծ օբիեկտների բախման հետեւանքով շարունակում է աճել յատկապէս փոքր բեկորների քանակը, որոնք առաջացնում են բեկորների ամպեր: Եւ եթէ 10 սմ մեծութեան բեկորները կանոնաւոր կերպով մշտադիտարկւում են, ապա աւելի փոքր կտորների յետագծերը հիմնականում անյայտ են, այսինքն՝ նախապէս դրանց մասին չի իմացւում։

Ոլորտի մասնագէտներին, սակայն, աւելի շատ մտահոգում է, երբ միմեանց են մօտենում չգործող արբանեակների, օգտագործւած հրթիռների մասերը, որոնց դէպքում մանեւրի հնարաւորութիւն չկայ։ Նման մի դէպք տեղի է ունեցել այս տարի, երբ ռուսական հրթիռի վերին աստիճանն ու վաղուց չգործող ռուսական արբանեակը յունւարի 27-ին չափազանց շատ (6 մետր) մօտեցան միմեանց եւ միայն հրաշքով բախում տեղի չունեցաւ։ Այլապէս, դրա հետեւանքով հազարաւոր նոր վտանգաւոր բեկորներ կառաջանային, որոնք դարեր շարունակ կը մնային ուղեծրում՝ սպառնալիք ստեղծելով իրենց ճանապարհին:

Տիեզերք արձակւող նոր արբանեակների աճող թիւը եւ ուղեծրային աղբի աճող ծաւալը վտանգաւոր իրավիճակ են ստեղծում, եւ ոչ հեռու ապագայում մերձերկրեայ տարածութեան որոշ շրջաններ կարող են վտանգաւոր ու արգելւած գօտի դառնալ: Ըստ Ջոնաթան Մաքդաուէլի՝ յունւարի 27-ի պէս իրադարձութիւնները կը սկսեն աւելի յաճախ տեղի ունենալ եւ ի վերջոյ կաւելանայ բախումների թիւը, արդիւնքում տիեզերք արբանեակներ ուղարկող ընկերութիւնները կը սկսեն աւելի շատ գումար կորցնել, քանի որ դրանց արբանեակները կը սկսեն աւելի յաճախ վնասւել կամ ոչնչացւել նման բախումների հետեւանքով։

Այսպիսով, քանի՞ արբանեակ կարող է ապահով տեղաւորել Երկրի ուղեծրում

Այս հարցը միանշանակ պատասխան չունի։ Հիւ Լուիսն ասում է, որ Երկրի ուղեծրի որոշակի բարձրութիւններ աւելի խոցելի են, քան միւսները: Օրինակ՝ Starlink արբանեակները պտտւում են Երկրից 550 կիլոմետր բարձրութեան վրայ, որտեղ գտնւող օբիեկտները սովորաբար երկար չեն մնում աշխատանքի աւարտից յետոյ։ Նոյնիսկ եթէ դրանք չկարողանան վերադառնալ Երկրի մթնոլորտ (որպէսզի այդտեղ այրւեն), մի քանի տարւայ ընթացքում մթնոլորտային ձգողութեան շնորհիւ այս արբանեակների ուղեծրերը փոխւում են, եւ դրանք ի վերջոյ գնում են դէպի Երկրի մթնոլորտ։ Երկրի ուղեծրի մաքրման այս բնական ունակութիւնը, սակայն, նւազում է բարձրութեանը զուգահեռ․ որքան բարձր են գտնւում օբիեկտները, այդքան թոյլ է մթնոլորտի ձգողութիւնը։ Իսկ արդէն 1000 կիլոմետրից բարձր ուղեծիրն իրականում ոչինչ չի անում, քանի որ այն շատ նոսր է, հետեւաբար այստեղ գտնւող օբիեկտների թիւը միայն աւելանում է։

Օրինակ՝ 2012թ․ Եւրոպական տիեզերական գործակալութիւնը չկարողացաւ հեռացնել իր 8,8 տոննա կշռող արբանեակը, որը գտնւում է Երկրից 772 կմ բարձրութեան վրայ: Արդիւնքում այն դարերով կը շարունակի պտտւել մոլորակի շուրջը եւ այժմ համարւում է տիեզերական աղբի ամենավտանգաւոր օբիեկտներից մէկը:

«Հինգ կամ 10 տարի յետոյ մենք կունենանք 20,000-100,000 արբանեակներ, եւ ես շատ թերահաւատ եմ, որ 100,000-ից աւելի օբիեկտները կարող են անվտանգ շահագործւել»,- ասել է Մաքդաուէլը:

Ի՞նչ սպասել ապագայում

Ջոնաթան Մաքդաուէլն ասում է, որ բնապահպանական հարցերին մարդկութեան արձագանգը սովորաբար լինում է չափազանց ուշ եւ արւում է չափազանց քիչ բան։ Երկրի ուղեծրի հարցում, ըստ նրա, պէտք է լինեն կարգաւորումեր եւ սահմանափակումներ, օրինակ, թէ քանի արբանեակ կարող է տեղակայւել իւրաքանչիւր ուղեծրային բարձրութիւնում։ Նա նաեւ չի բացառում, որ գուցէ ինչ-որ պահի նոյնիսկ տուգանքներ սահմանւեն նրանց համար, ովքեր աղտոտում են տիեզերքը։

Մաքդաուէլը նշել է, որ տիեզերքում նման համակարգման ու վերահսկման նախադէպն արդէն կայ, խօսքը գէոստացիոնար ուղեծրի մասին է Երկրից 36,000 կմ բարձրութեան վրայ, որտեղ Հեռահաղորդակցութեան միջազգային միութիւնն է կատարում համակարգողի դերը, քանի որ այս մարմինն է արբանեակների համար տեղերը յատկացնում, ընդորում՝ ըստ տիեզերքի այս հատւած դրանց գալու հերթականութեան։ Աւելի ցածր ուղեծրերում, սակայն, արտօնագրերը տրւում են պետական մարմինների կողմից, որոնք միմեանց հետ համակարգելու պարտաւորութիւն չունեն:

Սակայն Մաքդաուէլը կարծում է, որ այս իրավիճակը եւս կը փոխւի։ «Կարծում եմ, որ դա կը փոխւի։ Ինչպէս միշտ է լինում, երբ ռեսուրսները սակաւանան, կառավարութիւններն աւելի մեծ վերահսկողութիւն կիրականացնեն այդ ռեսուրսների բաշխման վրայ»,- ասել է նա։

Մասնագէտները նաեւ կոչ են անում տիեզերական գործակալութիւններին մշակել տեխնոլոգիա՝ ուղեծրային բեկորների ամենավտանգաւոր մասերը մաքրելու համար: Առայժմ այստեղ բիզնես շահ չկայ, ուստի մեծ չէ նաեւ դրանով զբաղւելու ցանկութիւնը։ Բայց խնդրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխութեան նշաններ արդէն կան։ Անցեալ տարւայ յուլիսին ԱՄՆ կառավարութիւնը հրապարակեց Ուղեծրային բեկորների մաքրման ազգային ծրագիրը, որը նախանշում է Երկրի ուղեծրում կարգուկանոն պահպանելուն ուղղւած քայլերը: Ինչ էլ որ լինի, ստատուս քւոն դժւար թէ երկար մնայ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։