Հա

Այլ

22/05/2023 - 13:10

SpaceX-ը տիեզերանաւ է արձակել՝ զբօսաշրջիկներով. նրանք 8 օր կանցկացնեն Միջազգային տիեզերակայանում

SpaceX-ը տիեզերք է դուրս բերել տիեզերանաւ, որում չորս զբօսաշրջիկ կայ, այդ թւում՝ մի կին, որն առաջինն է Սաուդական Արաբիայից, որը թռչում է տիեզերք։

«alikonline.ir» - SpaceX-ը տիեզերք է դուրս բերել տիեզերանաւ, որում չորս զբօսաշրջիկ կայ, այդ թւում՝ մի կին, որն առաջինն է Սաուդական Արաբիայից, որը թռչում է տիեզերք։

Ըստ News.am-ի՝ ինչպէս տեղեկացնում է Space.com-ը, Ֆլորիդայում NASA-ի Քենեդի տիեզերական կենտրոնի 39A հարթակից SpaceX Falcon 9 հրթիռի թռիչքը մեկնարկել է մայիսի 21-ին, ժամը 17:37-ին EDT (Երեւանի ժամանակով մայիսի 22-ին ժամը 01:37-ին), այն տիեզերք է դուրս բերել Հիւսթոնում հիմնւած Axiom Space ընկերութեան Ax-2 առաքելութիւնը:

Յաջող արձակումից յետոյ հրթիռի առաջին փուլը զարգացրել է անհրաժեշտ արագութիւն, ինչից յետոյ այն անջատւել է եւ վերադարձել է SpaceX-1 վայրէջքի վայր, որը գտնւում է 39A հարթակի մօտ։ Հրթիռն ապահով վայրէջք է կատարել գործարկումից մօտ 7 րոպէ 45 վայրկեան անց: Մեկնարկից մօտ 12 րոպէ անց Freedom անունը կրող SpaceX-ի Ax-2 Dragon տիեզերանաւն առանձնացել է Falcon 9 երկրորդ փուլի հրթիռից եւ շարունակել թռիչքը:

Տիեզերանաւի հրամանատարը NASA-ի նախկին տիեզերագնաց եւ Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) առաջին կին հրամանատար Փեգի Ուիթսոնն է: Յայտնի է, որ նա տիեզերքում անցկացրել է 665 օր՝ աւելի շատ ժամանակ, քան ցանկացած այլ ամերիկացի կամ ցանկացած այլ կին:

Նրա հետ են Ալի Ալ-Կարնին եւ Ռայանա Բարնաուին՝ Սաուդական Արաբիայից առաջին տիեզերագնացները, որոնք այցելում են ՄՏԿ, ընդորում՝ Բարնաուին առաջին սաուդացի կինն է, որը երբեւէ մեկնել է տիեզերք: Ax-2 առաքելութեանը ներգրաււած է նաեւ գործարար եւ STEAM-ի աջակից Ջոն Շոֆնէրը, որը վճարովի տեղ է զբաղեցնում տիեզերանաւում: Սա Շոֆնէրի առաջին թռիչքն է դէպի տիեզերք, ինչը նրա ամենամեծ երազանքն է: SpaceX-ի տւեալներով՝ Շոֆնէրը, որը ծնւել է Ալեասկայում, դարձել է այդ նահանգից առաջին մարդը, որը դուրս է եկել ուղեծիր:

Տիեզերանաւը ուղղութիւն է վերցրել դէպի ՄՏԿ, որտեղ ժամանումը նախատեսւած է Երեւանի ժամանակով 16:24-ին։ Անձնակազմի անդամները տիեզերակայանում կանցկացնեն 8 օր, որի ընթացքում կապրեն եւ կաշխատեն եօթ տիեզերագնացների կողքին, որոնք ներկայումս բնակւում են Միջազգային տիեզերակայանում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։