ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամը ներկայացրել է Արեգակի լուսանկարների շարք, որոնք արւել են Դենիէլ Կ․ Ինոուէի անւան արեգակնային աստղադիտակով (Daniel K. Inouye Solar Telescope, DKIST)։
«alikonline.ir» - ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամը ներկայացրել է Արեգակի լուսանկարների շարք, որոնք արւել են Դենիէլ Կ․ Ինոուէի անւան արեգակնային աստղադիտակով (Daniel K. Inouye Solar Telescope, DKIST)։
Լուսանկարում պատկերւած իւրաքանչիւր պիքսէլը համապատասխանում է Արեգակի մակերեսի 20 կմ-ին։ Սրանք մեր աստղի ամենամանրամասն պատկերներն են։ Քանի որ գիտութիւնն այդքան էլ լաւ պատկերացում չունի Արեգակի վրայ տեղի ունեցող գործընթացների մասին, իւրաքանչիւր այսպիսի լուսանկար ճանապարհ է դէպի զարմանալի բացայայտումներ:
Ըստ News.am-ի՝ ինչպէս տեղեակցնում է Scitechdaily.com-ը, ընդհանուր առմամբ, գիտնականները համաձայն են, որ Արեգակի եւ աստղերի «աշխատանքի» հիմքում ընկած են քւանտային ֆիզիկայի օրէնքները։ Քւանտային մեխանիկական երեւոյթների հաւանական բնոյթը աստղերի ներսում ջերմամիջուկային ռեակցիաներին թոյլ է տալիս դանդաղ եւ կայուն ընթանալ։ Հակառակ տարածւած կարծիքի, աստղերի միջուկում միայն վիթխարի ճնշումը եւ ջերմաստիճանը բաւարար չեն ջերմամիջուկային ռեակցիա առաջացնելու համար: Ջրածնի պրոտոնների համար անհրաժեշտ է քւանտային անցում, որպէսզի յաղթահարեն էլեկտրամագնիսական վանումը եւ մօտենան միմեանց, նախքան ուժեղ փոխազդեցությունների սկիզբը:
Բայց այդ ամէնը չափազանց բարդ ֆիզիկա է: Արեգակի մանրամասն դետալներով լուսանկարները հնարաւորութիւն են տալիս աւելի ճշգրիտ ներկայացնել մեր աստղի վրայ կոնւեկտիւ գործընթացների մոդելը եւ առաւելագոյն ճշգրտութեամբ հետեւել մագնիսական դաշտերի միգրացիային:
Inouye աստղադիտակը, ինչպէս ցոյց են տալիս դրա ստացած առաջին պատկերները, կարող է օգնել բացայայտելու Արեգակի ցիկլային ակտիւութիւնը եւ նրա մագնիսական բեւեռների պարբերական փոփոխութեան առեղծւածը: Դասական ֆիզիկան կարող է օգնել դրան, եւ աստղադիտակի տւեալները գիտնականների համար կը դառնան ամենաարժէքաւոր օգնութիւնն այս հարցում:
Ի վերջոյ, այս լուսանկարները, որոնք կարող էք դիտել ստորեւ, պարզապէս գեղեցիկ են: