Print this page
28/11/2021 - 11:30

Հայաստանը կարող է զրկւել նաւթամթերքների եւ իրանական այլ ապրանքների ներկրւող պաշարների քառորդ մասից

Պաշտօնական տւեալներով՝ յունւար-հոկտեմբերին արտահանման ծաւալը տարեկան կտրւածքով աճել է 16.9%-ով, իսկ ներմուծմանը՝ 11.8%-ով։ Չնայած աճի գերազանցող տեմպերին, արտահանումը ծաւալային առումով, այնուամենայնիւ, զգալիօրէն զիջում է ներմուծմանը։ Միեւնոյն ժամանակ, ըստ ընթացիկ տարւայ ամիսների, արտաքին առեւտրում աճում է դիսբալանսը (տե՛ս գծապատկերը): 

«alikonline.ir» - Պաշտօնական տւեալներով՝ յունւար-հոկտեմբերին արտահանման ծաւալը տարեկան կտրւածքով աճել է 16.9%-ով, իսկ ներմուծմանը՝ 11.8%-ով։ Չնայած աճի գերազանցող տեմպերին, արտահանումը ծաւալային առումով, այնուամենայնիւ, զգալիօրէն զիջում է ներմուծմանը։ Միեւնոյն ժամանակ, ըստ ընթացիկ տարւայ ամիսների, արտաքին առեւտրում աճում է դիսբալանսը (տե՛ս գծապատկերը): Գրում է News.am-ը:

Մեր արտահանման լուրջ թերութիւնների մասին քիչ չի խօսւել։ Սակայն վերջին ժամանակներս ծանր խնդիրներ են առաջացել ներմուծման ոլորտում՝ երկրի տնտեսութեան համար կենսական նշանակութիւն ունեցող ռազմավարական ապրանքների հարցում։

Մեր ներմուծման զգալի մասը աւանդաբար կազմում են բնական գազը եւ նաւթամթերքները (հիմնականում աւտոմոբիլային վառելիքը՝ բենզինը եւ դիզվառելիքը): Այսպէս, առաջին կիսամեակում ներմուծման ընդհանուր ծաւալի գրեթէ 17%-ը բաժին է ընկել հէնց այդ ապրանքներին։ Հայաստանում աւտոմոբիլային տրանսպորտն աշխատում է կամ սեղմւած գազով (արտադրւում է ներմուծւող ռուսական բնական գազից) կամ բենզինով եւ դիզվառելիքով։ Մենք չափազանց քիչ էլեկտրամոբիլներ ունենք՝ բնական գազի եւ աւտոմեքենաների վառելիքի ներկրումից մեր կախւածութիւնը նւազեցնելու համար։

Ներքին ցանցում բաշխւող բնական գազն ամբողջութեամբ ներկրւում է Ռուսաստանից։ Իրանական գազը Հայաստանին է մատակարարւում բարտերային հիմունքներով՝ դրանից արտադրւող էլեկտրաէներգիայի դիմաց։ Բենզինի եւ դիզվառելիքի ներմուծման աշխարհագրութիւնը շատ աւելի լայն է, քան բնական գազինը։ Բայց, այնուամենայնիւ, Հայաստանին այդ ապրանքների առաջատար մատակարարներն են Ռուսաստանն ու Իրանը։

Առաջին կիսամեակում Հայաստան ներկրւած նաւթամթերքի ընդհանուր ծաւալից Ռուսաստանի մասնաբաժինը 71% է, իսկ Իրանինը՝ 24%-ը։ Չնայած մեր հարաւային հարեւանի հետ սահմանին ճանապարհային դժւար պայմաններին, տրանսպորտային լոգիստիկան դեռեւս ունէր իր առաւելութիւններն այս ուղղութեամբ։ Բացի այդ, Իրանից ներկրւող աւտոմոբիլային վառելիքը (բենզին եւ դիզվառելիք) որոշ չափով աւելի էժան էր, քան Ռուսաստանից ներկրւածը։

Սակայն իրավիճակը այս ոլորտում բառացիօրէն աղէտալի վատթարացել է։ Ինչպէս յայտնի է, Ադրբեջանը «մաքսակէտեր» է տեղադրել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Հայաստանը Իրանին կապող առանձին հատւածներում։ Այս «մաքսակէտերի» աշխատակիցները սկսել են իրանական բեռնատարների վարորդներից ուղեվարձ պահանջել։ Սա արդէն իսկ յանգեցրել է իրանական բենզինի ու դիզվառելիքի թանկացման, որն այժմ աւելի թանկ է, քան ռուսականը։

Տաթեւով անցնող շրջանցիկ ճանապարհը պիտանի չէ խոշոր բեռնատարների եւ բենզատարների համար։

Գալիք ձմռանը բնական պայմանների վատթարացման պատճառով այս հատւածում տրանսպորտի երթեւեկութիւնը կարող է կաթւածահար լինել։ Այդ դէպքում Հայաստանը կը զրկւի նաւթամթերքների, ինչպէս նաեւ Իրանից բերւող այլ ապրանքների ներկրւող ռեսուրսների քառորդ մասից։ Սա իր հերթին Հայաստանի տնտեսութիւնում կը յանգեցնի քաոսի, բենզինի եւ դիզվառելիքի (ինչպէս նաեւ մի շարք այլ ապրանքների) առեւտրում՝ խափանումների, եւ դրանց մանրածախ գների կտրուկ աճի։

 

Յարակից լուրեր