Հա

Քաղաքական

28/12/2014 - 09:40

Աղքատութիւնը ծնում է անձնական ու հանրային դեգրադացիա

Աղքատութեան ցուցանիշն Հայաստանում իրականում աւելի բարձր է, քան ՀՀ ազգային վիճակագրական ծառայութեան (ԱՎԾ) հրապարակած պաշտօնական տւեալներն են: Նման եզրայանգման է եկել ազգագրագէտ Հրանուշ Խառատեանը՝ վերլուծելով աղքատութեան վերաբերեալ ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշերը:

Աղքատութեան ցուցանիշն Հայաստանում իրականում աւելի բարձր է, քան ՀՀ ազգային վիճակագրական ծառայութեան (ԱՎԾ) հրապարակած պաշտօնական տւեալներն են: Նման եզրայանգման է եկել ազգագրագէտ Հրանուշ Խառատեանը՝ վերլուծելով աղքատութեան վերաբերեալ ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշերը:
«Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատութիւնը» զեկոյցի համաձայն, որը հրապարակւեց օրերս, 2013 թւականին Հայաստանում աղքատութեան մակարդակը կազմել է 32 տոկոս, որն ընդամէնը 0.4 տոկոսային կէտով է ցածր 2012 թւականի ցուցանիշից: Հայաստանում նախորդ տարի ծայրայեղ աղքատութեան մակարդակը դեռեւս գերազանցում է 2008 թւականի մակարդակը՝ 1.1 տոկոսով, շատ աղքատների մակարդակը՝ 0.7 տոկոսով, իսկ ընդհանուր աղքատութեան մակարդակը՝ 4.4 տոկոսային կէտով:
Ըստ զեկոյցի՝ 2013 թւականին աղքատութեան խորութիւնը Հայաստանում գնահատւել է 5.9 տոկոս՝ 2008 թւականի 5.1 տոկոսի համեմատ, աճը 0.8 տոկոս է կազմել: Աղքատութեան սրութիւնը գնահատւել է 1.7 տոկոս՝ 2008 թւականի 1.4 տոկոսի համեմատ:
ԱՎԾ-ն արձանագրել էր, որ 2008-2013 թւականներին աղքատութեան մակարդակի աճը քաղաքային բնակավայրերում մի փոքր աւելի արագ է ընթացել, քան գիւղերում:
«2013 թւականին Հայաստանի բնակչութեան գրեթէ ամէն երրորդը՝ 32.0 տոկոսը, եղել է աղքատ, որոնցից 13.3 տոկոսը՝ շատ աղքատ, իսկ 2.7 տոկոսը՝ ծայրայեղ աղքատ: Չնայած որ 2011 թւականից աղքատութեան մակարդակն անընդմէջ նւազել է, սակայն դրա խորութիւնն ու սրութիւնը դեռեւս գերազանցում են 2008 թւականի մակարդակը»,- նշւած է զեկոյցում: ԱՎԾ-ն նաեւ սոցիալական բեւեռացում է արձանագրել Հայաստանում:
Հրանուշ Խառատեանը նկատում է՝ զեկոյցում յատուկ ընդգծւում է, որ Հայաստանում սոցիալական բեւեռացումն աւելանում է: Ազգագրագէտի ասութեամբ՝ աղքատութեան գիծը ԱՎԾ-ի կողմից չափւում է եկամտի որոշ չափով, ենթադրենք, 30 հազար դրամով: Սակայն, եթէ մարդը 31 հազար դրամ է ծախսում, նրա կենցաղում բացարձակ փոփոխութիւն չկայ աղքատի եւ ծայրայեղ աղքատի հետ համեմատած:
«Քանի որ 500 կամ 1000 դրամի տարբերութիւնը շատ է, այսինքն՝ շատ են այն մարդիկ, ովքեր իրենց 500 կամ 1000 դրամ ծախսով մօտ են աղքատներին, կարծում եմ, որ իրականում աղքատների թիւը Հայաստանում անհամեմատ մեծ է, քան այս տոկոսներն են: Շատ են այն մարդիկ, ովքեր պաշտօնապէս աղքատներից ընդամէնը 1000 կամ 1500 դրամով են տարբերւում իրենց ծախսերով: Եթէ 30 հազար դրամ ծախսողն աղքատ է, ապա, ըստ այդ հետազօտութեան, 31 հազար դրամն արդէն աղքատների մէջ չի մտնում, բայց կեանքում այդպէս չէ: Հայաստանում աղքատութեան թէ՛ խորութիւնն է աւելի, քան այդ հետազօտութիւնն է ցոյց տալիս, թէ՛ քանակն է աւելի, թէ՛ աղքատութիւնից դուրս գալու ռէալ հնարաւորութիւններն են անհամեմատ քիչ»,- «lragir.am»-ի հետ զրոյցում ասաց Հրանուշ Խառատեանը:
Ազգագրագէտը աղքատութեան կառուցւածքն ուսումնասիրելով՝ արձանագրում է, որ Հայաստանում կան ահռելի քանակութեամբ մարդիկ, որոնք անկարող են թէ՛ իրենք իրենց կեանքը կարգաւորել, թէ՛ ինքնուրոյն որեւէ գոյատեւման մեխանիզմ գտնել: Դա նշանակում է սոցիալական այնպիսի ծանր բեռ, որն անընդունակ են լուծել անգամ որոշ հարուստ երկրներ:
«Դա նշանակում է կեանքի որակի սարսափելի ցածր մակարդակ, դա նշանակում է արժանապատւութեան նւազագոյն կամ ահռասարակ կորուստ, դա նշանակում է կեանքի մէջ ինտեգրւելու բացարձակ անկարողութիւն, շարունակական թշւառութիւն, անվստահութիւն, դա նշանակում է ընտանեկան արժէքների ամբողջովին վերափոխում, բռնութիւն, աստիճանաբար դեգրադացիա, աստիճանաբար ագրեսիայի վերաճում: Այսինքն՝ առաջ են գալիս բազմաթիւ երեւոյթներ, որոնք հասարակութեան ընդհանուր արժեհամակարգը եւ բարոյական գնահատականները փոխում են: Աղքատութիւնը շատ ծանր երեւոյթ է»,- ասում է Խառատեանը:
Նրա ասութեամբ՝ աղքատութիւնը միայն եկամտի անբաւարարութիւն չէ, դա տեւական քաղց է, վիտամինի պակաս, մարդու օրգանիզմում ֆիզիոլոգիական փոփոխութիւն, այդ փոփոխութիւնից բխող հոգեբանական փոփոխութիւն է: Դա նաեւ նշանակում է երկրում բռնապետութեան մեծացման հնարաւորութիւն, դիմադրողականութեան թուլութիւն, հեռահար ու համարձակ ծրագրերի նւազեցում:
«Մենք չենք կարող յաւակնոտ ծրագրեր անել՝ ուղղակի շրջանցելով այդ մարդկանց առկայութիւնը մեր հասարակութիւնում: Իսկ կառավարութիւնն աղքատութեան խնդրի հետ կապւած ո՛չ որեւէ պարտաւորութիւն է ստանձնել, ո՛չ լուծման ուղիներ է փնտրում: Կառավարութեան հոգեբանութեան մէջ միայն մէկ բան կայ՝ Հայաստանի 10 տոկոսի խնդիրների լուծում: Նրանց ո՛չ հասարակութիւնն է հետաքրքրում, ո՛չ հասարակութեան դիմադրողականութիւնը, ո՛չ հասարակութեան արժեհամակարգը, ո՛չ էլ դրա վրայ ազդող գործօնները: Կարծում եմ, որ իշխանութիւնն ուղղակի առաջնորդւում է հարիւրից առաջին տասնեակի կարիքների ու խնդիրների լուծման քաղաքականութեամբ»,- ընդգծեց Հրանուշ Խառատեանը:

ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։