Հա

Քաղաքական

17/01/2015 - 10:00

Ժամանակակից արւեստի 2015 թւականի գերակայ ուղղութիւնը թատերական արւեստն է

ՀՀ մշակոյթի նախարարութեան ժամանակակից արւեստի վարչութեան գլխաւոր մասնագէտ Արմենուհի Ղազարեանը «tert. am»-ի հետ զրոյցում յայտնեց, որ ժամանակակից արւեստի 2015 թւականի գերակայ ուղղութիւնը թատերական արւեստի զարգացմանն ուղղւած ծրագրերն են: Նա գոհացուցիչ համարեց 2014 թւականի գերակայ ուղղութեան՝ երգչախմբային արւեստի զարգացմանն ուղղւած ծրագրերի արդիւնքները:

2014 թւականի արդիւնքները՝ Արմենուհի Ղազարեանի գնահատմամբ


ՀՀ մշակոյթի նախարարութեան ժամանակակից արւեստի վարչութեան գլխաւոր մասնագէտ Արմենուհի Ղազարեանը «tert. am»-ի հետ զրոյցում յայտնեց, որ ժամանակակից արւեստի 2015 թւականի գերակայ ուղղութիւնը թատերական արւեստի զարգացմանն ուղղւած ծրագրերն են: Նա գոհացուցիչ համարեց 2014 թւականի գերակայ ուղղութեան՝ երգչախմբային արւեստի զարգացմանն ուղղւած ծրագրերի արդիւնքները:
Անդրադառնալով արւեստագէտների նկատմամբ պետական ուշադրութեանը՝ նա նշեց. «Պետութեան կողմից մշակւում են այնպիսի մեխանիզմներ, որպէսզի կարողանանք շեշտադրում անել ո՛չ միայն նիւթականի վրայ, այլ նաեւ՝ հոգեւորի, այսինքն՝ նրանց բարոյական կողմի ապահովման խրախուսման վրայ»:
Արմենուհի Ղազարեանը նշեց նաեւ, որ այս տարի բազմաթիւ ծրագրեր կան՝ կապւած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի հետ: «Մշակոյթն այն լեզուն է, որով կարելի է այս ողբերգութիւնը ներկայացնել աշխարհին»,- ասաց նա:
- 2014 թւականի գերակայ ուղղութիւնները որո՞նք են եղել, եւ արդեօք բաւարա՞ր էք համարում կատարւած աշխատանքը:
- Ժամանակակից արւեստի զարգացման ուղղութիւններն են՝ թատերական, երաժշտական արւեստը, կերպարւեստը, կինօն եւ մշակութային կրթութիւնը: Այդ ուղղութիւններով իրականացւում են համապատասխան պետական ծրագրեր, որոնք լինում են տարբեր ձեւաչափերով: Մենք երբեք աշխատանքները բաւարար չենք համարում, սակայն ամէն տարի ընտրելով որոշակի գերակայ ուղղութիւն՝ փորձում ենք այդ ոլորտին առաւել ուշադրութիւն դարձնել եւ պետական ծրագրերն այդ ուղղութեամբ մի քիչ աւելի ընդլայնել: Փորձում ենք հաւասարաչափութիւնը պահպանել, որպէսզի ժամանակակից արւեստը զարգանայ բոլոր ոլորտներով: 2014 թւականի գերակայ ուղղութիւնը երգչախմբային արւեստն էր՝ Կոմիտասի 145-ամեակի հետ զուգընթաց:
- Արդիւնքները գոհացուցի՞չ էք համարում:
- Արդիւնքները գոհացուցիչ են, որովհետեւ իսկապէս այդ ոլորտում ո՛չ միայն երգչախմբերն են տարեցտարի աւելանում, յատկապէս՝ մանկա-պատանեկան երգչախմբերը, այլեւ՝ ծրագրերն են ընդլայնւում:
- 2015 թւականի գերակայ ուղղութիւնը ո՞րն է:
- 2015 թւականի գերակայ ուղղութիւնը թատերական արւեստի զարգացմանն ուղղւած ծրագրերն են, որոնք քննարկւել են:
- Արդեօք մեր ժամանակակից արւեստի ոլորտները մրցունա՞կ են միջազգային ասպարէզում:
- Ե՛ւ մեր կատարողական արւեստն է մրցունակ, ե՛ւ երգչախմբային, ե՛ւ նւագախմբային: Վերջին շրջանում արտերկրեայ տարբեր հիւրախաղերի արձագանգներն իսկապէս դրական էին, դրանք լուսաբանւում էին ո՛չ միայն Հայաստանում, այլեւ՝ արտասահմանում: Լուրջ արձագանգներ կան, եւ ստեղծագործական կոլեկտիւներն արդէն 2015 թւականի համար ունեն նոր հրաւէրներ:
- Հաշւի առնելով այդ հրաւէրները՝ արդեօք մենք չե՞նք կորցնում մեր արւեստագէտներին, որոնք շահաւէտ առաջարկներ ստանալով՝ հեռանում են երկրից:
- Դրա համար պետութիւնը նոյնպէս քայլեր է ձեռնարկել: Միայն այն հանգամանքը, որ ստեղծւեց Հայաստանի երիտասարդական նւագախումբը, այդ կարեւորագոյն նպատակներից մէկն էր, որպէսզի մեր ստեղծագործ երիտասարդները կարողանան այսօր իրենց ստեղծագործական դաշտն ունենալ իրենց երկրում գործելու եւ արարելու համար: Բացի այդ, հնարաւորութիւններ են ընձեռւում երիտասարդներին, որպէսզի նրանք տարբեր ծրագրերի, վերապատրաստման դասընթացների միջոցով աջակցութիւն ստանան:
- Ձեր կարծիքով՝ արւեստագէտն ըստ արժանաւոյնս գնահատւա՞ծ է մեր երկրում:
- Բոլորիս մտահոգութիւնն է, որ աւելին արւի: Դրա համար պետութեան կողմից մշակւում են այնպիսի մեխանիզմներ, որպէսզի կարողանանք շեշտադրում անել ո՛չ միայն նիւթականի վրայ, այլ նաեւ՝ հոգեւորի, այսինքն՝ նրանց բարոյական կողմի ապահովման խրախուսման վրայ: Վերջին 5-6 տարւայ ընթացքում իսկապէս լուրջ քայլեր են արւել, որոնց մասին միգուցէ լայն ինֆորմացիա չկայ: Շատ կարեւոր քաղաքականութիւն է իրականացւում մարզերի բնակչութեան մշակութային կեանքի աշխուժացման ուղղութեամբ:
- Այսինքն՝ աջակցութեան անհրաժեշտութիւն տեսնում էք ո՛չ միայն ֆինանսական առումով, այլ նաեւ՝ վերաբերմունքի՞ առումով:
- Այո՛, վերաբերմունքի առումով նոյնպէս փորձում ենք ուշադրութիւն դարձնել այդ արւեստագէտներին՝ տարբեր տեսակի աջակցութիւնների կամ որոշակի ծրագրերի ուղղութեամբ: Ուշադրութիւն ենք դարձնում դեռ մանուկ հասակից տաղանդաշատ երեխաների կարողութիւնների զարգացմանը: Շատ կարեւոր է տաղանդաշատ երեխաների դաստիարակութեանը, կրթութեանն ուղղւած ծրագրերը:
- Չնայած նշում էք, որ այդքան ծրագրեր են իրականացւում, սակայն շատերի, այդ թւում՝ արւեստագէտների կողմից քննադատւում է նախարարութեան աշխատանքը՝ նշելով, որ անհրաժեշտ մշակութային քաղաքականութիւն չի իրականացւում:
- Սա մի քիչ ինֆորմացիայի պակասի արդիւնք է: Պետութիւնն անբաւարար է համարում այն, ինչ կարողանում է իրականացնել, որովհետեւ մշակոյթն ստեղծագործող, զարգացող ոլորտ է: Մենք միշտ բոլոր ոլորտներին փորձում ենք հաւասարաչափ անդրադառնալ:
- Հաշւի առնելով, որ այս տարի Ցեղասպանութեան 100-րդ տարելիցն է, եւ մշակոյթն իր դերն ունի այդ ոճրագործութիւնը աշխարհին ներկայացնելու առումով, այս ուղղութեամբ ի՞նչ ծրագրեր կան, առաւել եւս, որ արդէն անհատական մակարդակում կան նախաձեռնութիւններ:
- Ծրագրերը շատ բազմազան են: Մշակոյթը միջոց է, որ ներկայացնի եւ աշխարհին հասցնի մեր ողբերգական էջը: Մանրամասնել եւ որոշակիացնել հնարաւոր չէ այդ ամբողջ ծրագրերը, որովհետեւ դրանք հսկայական են: Մշակոյթն այն լեզուն է, որով կարելի է այս ողբերգութիւնը ներկայացնել աշխարհին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։