Հա

Քաղաքական

13/01/2016 - 08:30

Սօս Պետրոսեան.- «Կրկէսն այն «շաբլոն» շէնքերից չէ, որ շատ կարճ ժամանակահատւածում պատրաստ լինի»

Երեւանեան կրկէսի գեղարւեստական ղեկավար Սօս Պետրոսեանը «tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ պէտք չէ մտահոգւել այն հարցով, թէ կրկէսի շէնքի կառուցման աշխատանքները երկարում են, կարեւորն այն է, որ Հայաստանը կունենայ կրկէսի ժամանակակից շէնք՝ բոլոր անհրաժեշտ սարքաւորումներով:

Երեւանեան կրկէսի գեղարւեստական ղեկավար Սօս Պետրոսեանը «tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ պէտք չէ մտահոգւել այն հարցով, թէ կրկէսի շէնքի կառուցման աշխատանքները երկարում են, կարեւորն այն է, որ Հայաստանը կունենայ կրկէսի ժամանակակից շէնք՝ բոլոր անհրաժեշտ սարքաւորումներով:
«Բոլորն էլ ուզում են, որ կրկէսի շէնքը շուտ կառուցւի եւ սկսի աշխատել, բայց պէտք է հասկանալ, որ կրկէսի շէնք կառուցելը շինարարական շատ բարդ գործ է: Կրկէսն այն շաբլոն շէնքերից չէ, որ շատ կարճ ժամանակահատւածում պատրաստ լինի: Կարեւորն այն է, որ կունենանք մոդեռնիզացւած կրկէս»,- ասաց Սօս Պետրոսեանը:
Յիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինութեան նախարար Նարեկ Սարգսեանն իր տարեվերջեան մամուլի ասուլիսին տեղեկացրել էր, որ 2016 թւականի ընթացքում կիրականացւեն արդէն բուն աշխատանքները, իսկ 2017 թւականին շէնքը կը յանձնւի շահագործման:
Նրա ասութեամբ՝ եթէ նախկինում հին կրկէսում չէին կարողանում լայնամասշտաբ ներկայացումներ ունենալ, ինչպէս, օրինակ, կրկէսը սառոյցի վրայ, կրկէսը ջրի մէջ, օդային ատրակցիոններ, կենդանիների խմբեր եւ այլն, հիմա բոլորովին այլ է լինելու:
«Ոչինչ, 30 տարի է՝ «Ռոսիա» կինոթատրոնի շէնքը փակել են, մինչեւ հիմա պէտք է բացեն ու չեն բացում, կրկէսի շէնքն էլ թող մի քիչ ձգձգւի, դա հարց չի: Հիմա էլ աշխատանքները շարունակւում են, ու ես շատ գոհ եմ աշխատանքներից: Ընդհանուր առմամբ, աշխատանքները դանդաղեցին, որովհետեւ սկզբում ուզում էին ամրացման աշխատանքներ իրականացնել, բայց յետոյ հասկացան, որ դա սխալ է, որովհետեւ շէնքը պէտք է ունենայ աւտոկայանատեղի, ու հիմա շէնքի տակ երկյարկանի աւտոկայանատեղի կունենանք, որ ներկայացումների ժամանակ խցանումներ չլինեն»,- ասաց նա:
Բացի այդ, Սօս Պետրոսեանը նշեց, որ եթէ հին կրկէսը 1500 նստատեղ ունէր, ապա նորն ունենալու է 1000-ով աւելի, այսինքն՝ 2500:
«Ձմեռը ցուրտ էր, ամառը՝ շոգ, իսկ հիմա այդ հարցը եւս լուծւելու է: Մենք այն ժամանակ ուղղակի գոյատեւում էինք»,- ասաց նա:
Հարցին, թէ կրկէսի շէնքը պատրաստ լինելուց յետոյ, հայկական կրկէսում եղած կադրերը բաւարա՞ր են աշխատանքները սկսելու համար, Սօս Պետրոսեանը պատասխանեց. «Մենք այնքան հայ դերասաններ ունենք, որոնք սփռւած են աշխարհով մէկ. նրանցից շատերն ինձ հետ զրոյցում հաստատել են իրենց վերադարձի մասին, այդ հարցը մեզ չի կարող մտահոգել: Երբ կրկէսը սկսի աշխատել, եռամսեակը մէկ փոխելու ենք ծրագիրը, դրա համար պայմանագրեր ենք կապելու դերասանների, խմբերի հետ: Կը հրաւիրւեն նաեւ եւրոպական եւ ամերիկեան կրկէսի ներկայացուցիչներ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։