Հա

Քաղաքական

20/01/2016 - 08:10

«Eurocontrol»-ը դրական է գնահատում Հայաստանում օդային երթեւեկութեան անվտանգութեան մակարդակը

«Eurocontrol»-ի եւ Հայաստանի քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան միջեւ ստորագրւել է համաձայնագիր, որի նպատակը Հայաստանի աերոնաւիգացիոն ոլորտի իրաւական եւ օրէնսդրական դաշտի բարելաւումն է: Ֆրանկ Բրանների ասութեամբ՝ դա նպաստելու է օդային անվտանգութեան մակարդակի բարձրացմանը:

«armenpress.am» - «Եւրոպական աերոնաւիգացիայի անվտանգութեան» գործակալութեան (Eurocontrol) գլխաւոր տնօրէն Ֆրանկ Բրենները դրական է գնահատում օդային երթեւեկութեան անվտանգութեան առումով Հայաստանի գրանցած առաջընթացը: «Զւարթնոց» միջազգային օդանաւակայանում կատարած շրջայցից յետոյ լրագրողների հետ զրոյցում Ֆրանկ Բրենները նշեց, որ Հայաստանը «Եւրոպական աերոնաւիգացիայի անվտանգութեան» գործակալութեանն անդամակցում է 2006 թւականից եւ 10 տարիների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել, որի արդիւնքում բարելաււել են օդային երթեւկութեան անվտանգութեան ցուցանիշերը: «Մենք այսօր գոհունակութիւն ենք յայտնում մեր համագործակութեան ընթացքում գրանցած մեծ առաջընթացի համար»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բրենները:
Նա յաւելեց, որ «Eurocontrol»-ը իր 41 անդամ պետութիւնների օդային տարածքներով իրականացնում է օրական 31 հազար չւերթ, ինչը գնալով աճելու է: «Աճի տենդենցի հետ մէկտեղ օդային տարածքը շարունակում է մնալ նոյնը: Եւ որպէսզի մենք կարողանանք աւելի շատ չւերթներ իրականացնել հաստատուն օդային տարածքի շրջանակներում, մենք պէտք է առաւել արդիւնաւէտ կազմակերպենք մեր աշխատանքները: Եւ այս առումով Հայաստանը մեզ համար շատ կարեւոր նշանակութիւն ունի, քանի որ, հաշւի առնելով օդային փոխադրումների հնարաւոր աճի միտումները, որը հիմնականում նպատակաուղղւած է եւ լինելու է ասիական ուղղութեամբ, Հայաստանի օդային տարածքով թռիչքներն անպայման աճելու են»,- նշեց Ֆրանկ Բրենները:
«Eurocontrol»-ի եւ Հայաստանի քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան միջեւ ստորագրւել է համաձայնագիր, որի նպատակը Հայաստանի աերոնաւիգացիոն ոլորտի իրաւական եւ օրէնսդրական դաշտի բարելաւումն է: Ֆրանկ Բրանների ասութեամբ՝ դա նպաստելու է օդային անվտանգութեան մակարդակի բարձրացմանը:
ՀՀ քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան պետ Արտեօմ Մովսիսեանը նշեց, որ Ֆրանկ Բրանների հետ իրենք շրջայց են կատարել «Հայաերոնաւիգացիա» ընկերութիւնում եւ «Զւարթնոց» միջազգային օդանաւակայանում: «Մենք պարոն Բրաններին ծանօթացրել ենք բոլոր ընթացակարգերին, որ մեր ուղեւորներն անցնում են: Մենք ստորագրել ենք համագործակցութեան համաձայնագիր, որի համաձայն՝ մենք 50 օր «Eurocontrol»-ի կողմից անվճար օգնութիւն ենք ստանալու: Ցանկացած խնդիր, որ Հայաստանի քաղաւիացիան կունենայ թռիչքային անվտանգութեան ոլորտում, «Eurocontrol»-ը պատրաստ է լինելու աջակցել»,- ընդգծեց Մովսիսեանը: Նա յստակեցրեց, որ «Eurocontrol»-ի հետ համագործակցութիւնը հիմնականում վերաբերում է օդային անվտանգութեան մակարդակի բարձրացմանը օդային տարածքների օգտագործման առումով: «Խօսքը մեր մասնագէտների վերապատրաստման, նոր սարքաւորումների ներդրման մասին է: Այցը հիմնականում պայմանաւորւած է թռիչքային անվտանգութեան մակարդակի գնահատմամբ եւ ապագայում այս հարցում մեզ աջակցութիւն ցուցաբերմամբ»,- եզրափակեց Արտեօմ Մովսիսեանը:
Աերոնաւիգացիայի անվտանգութեան եւրոպական կազմակերպութիւնը համաեւրոպական կառոյց է, որի գործունէութեան նպատակն օդային երթեւեկութեան սպասարկման միասնական եւրոպական համակարգն է: Կազմակերպութիւնն իրականացնում է աերոնաւիգացիայի բնագաւառի տեխնիկական զարգացման, օդային երթեւեկութեան կառավարման գործընթացների եւ թռիչքների անվտանգութեան հարցերին առնչւող միջոցառումների համալիր եւրոպական ծրագրի մշակումը եւ անդամ երկրներում դրա ներդրման աշխատանքների համակարգումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։