Հա

Քաղաքական

30/10/2016 - 09:20

Տեղի ունեցաւ ֆրանսահայ հայրենադարձ գրող, հրապարակախօս Յակոբ Պալեանի վերջին շրջանում տպագրւած գրքերի շնորհանդէսը

Հոկտեմբերի 18-ին ՀՀ Սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ ֆրանսահայ հայրենադարձ գրող, հրապարակախօս Յակոբ Պալեանի վերջին շրջանում տպագրւած՝ «Խնդալու ցանկութեամբ», «Հայ Դատ, մտածել եւ հետապնդել», «Գրական արձագանգներ», «Անանունների կեանքի շերտը», «Ամերիկա, Ամերիկա, երազ եւ խորտակման ուղիներ», «Օրիորդ Աննայի սէրը, սէրերը… եւ միւսները» գրքերի շնորհանդէսը:

Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութիւն - Հոկտեմբերի 18-ին ՀՀ Սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ ֆրանսահայ հայրենադարձ գրող, հրապարակախօս Յակոբ Պալեանի վերջին շրջանում տպագրւած՝ «Խնդալու ցանկութեամբ», «Հայ Դատ, մտածել եւ հետապնդել», «Գրական արձագանգներ», «Անանունների կեանքի շերտը», «Ամերիկա, Ամերիկա, երազ եւ խորտակման ուղիներ», «Օրիորդ Աննայի սէրը, սէրերը… եւ միւսները» գրքերի շնորհանդէսը:
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, Հայաստանի Գրողների միութեան նախագահ Էդւարդ Միլիտոնեանը, բ.գ.դ. պրոֆեսոր, ԵՊՄՀ-ի հայ նոր եւ նորագոյն գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրէն Դանիէլեանը, բ.գ.դ. պրոֆեսոր Արտեմ Յարութիւնեանը եւ այլ մտաւորականներ, հիւրեր:
161030e03aՈղջունելով տէր եւ տիկին Պալեաններին՝ ՀՀ Սփիւռքի նախարարը նշեց. «Յակոբ Պալեանը սփիւռքեան մտաւորականութեան այն առաջամարտիկներից է, ով ամբողջ կեանքում պայքարել է մայրենիի պաշտպանութեան եւ տարածման համար: Հայ մամուլում լոյս տեսած հարիւրաւոր յօդւածներից («Ազդակ», «Ալիք», «Կամք», «Հայրենիք», «Հորիզոն», «Ասպարէզ», «Ազգ»), Փարիզի «Այբ» ձայնասփիւռի ամենօրեայ քրոնիկներից, «Բագին» ամսագրի գրական էջերից բացի՝ Պալեանը հրապարակել է բազմաթիւ հատորներ: Աւելի քան տասը տարի ղեկավարել է «Բագին» գրական հանդէսի խմբագրութիւնը»:
Նախարարն ընդգծեց, որ Պալեանը Սփիւռքում հայապահպանութիւն իրականացնող այն բացառիկ անհատներից է, ով երբեք չխամրող իր գրչով վեր է հանում հայութեան առջեւ ծառացող խնդիրները: «Ազգային ինքնութեան պահպանման համար պայքարի լաւագոյն միջոցը Հայաստանի հզօրացումն է, որտեղից երբեւէ չեն հեռանայ եւ ընդմիշտ Հայրենիք կը վերադառնան մեր հայորդիները, ինչպէս որ վերջերս Հայաստան մշտական բնակութիւն հաստատեցին տէր եւ տիկին Պալեանները»,- յաւելեց նախարար Հրանուշ Յակոբեանը:
Հայաստանի Գրողների միութեան նախագահ Էդւարդ Միլիտոնեանը նշեց, որ Սփիւռքում ապրող հայ գրողն աւելին է, քան միայն ստեղծագործողը: Հայապահպանութիւն իրականացնելու հրամայականով պայմանաւորւած՝ հայ գրողը Սփիւռքում նաեւ դառնում է կրթական գործի կազմակերպիչ, հրապարակախօս, լրագրող եւ այլն:
Վերլուծելով հեղինակի վերջին շրջանի ստեղծագործութիւնները՝ ՀՀ Սփիւռքի նախարարի տեղակալ, գրականագէտ Սերժ Սրապիոնեանը նշեց, որ Պալեանը մերօրեայ Սփիւռքի ամենաբեղմնաւոր գրիչներից է, ում նպատակը հայապահպանութիւնն է:
Գրողների միութեան փոխնախագահ Պետրոս Դեմիրճեանը կարեւորեց Պալեանի՝ մշակութային քաղաքականութեան ռազմավարութեան մշակման միտքը:
ԵՊՄՀ-ի հայ նոր եւ նորագոյն գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրէն Դանիէլեանը պաշտպանեց Պալեանի այն միտքը, որ հայ գրականութիւնը պէտք է ստեղծւի միայն հայերէնով: «Իր բոլոր աշխատութիւններում հեղինակն ազգային ինքնութեան պահպանման գիտական մօտեցում է ցուցաբերում»,- նշեց Դանիէլեանը:
Բ.գ.դ. պրոֆեսոր Արտեմ Յարութիւնեանն ընդգծեց, որ Պալեանը հայ գրականութեան նւիրեալ է եւ հայ ինքնութեան պահպանման՝ հեղինակի մաքառումները մեր գրականութեան լաւագոյն դրսեւորումներից են: «Պալեանը փայլուն գիտէ եւրոպական գրականութիւնը, ինչն աւելի է արժեւորում նրա գրական ստեղծագործութիւնները»,- յաւելեց Յարութիւնեանը:
Հանդիպման աւարտին հանդէս եկաւ հեղինակը՝ Յակոբ Պալեանը: Նա շնորհակալութիւն յայտնեց Սփիւռքի նախարարութեանն ու անձամբ նախարար Հրանուշ Յակոբեանին երկրորդ անգամ իր հետ նման հանդիպում կազմակերպելու համար: «Մենք այսօր ունենք մեր գրականութեան եւ մշակոյթի պահպանման ռազմավարութեան մշակման խնդիր: Այս իմաստով մենք պէտք է օրինակ վերցնենք հրեաներից,- նշեց Պալեանը՝ յաւելելով,- շատ կուզեմ, որ մեր հրապարակախօսները հրապարակախօսութիւնը չվերածեն ճառախօսութեան եւ գրեն հնարաւորինս սեղմ: Պէտք է հասկանալ ասելիքի խորքը: Այսօր հայրենասէրը այն հայ մարդն է, ով գալիս եւ բնակւում է Հայաստանում, իր աշխատանքով եւ մտքով շէնացնում մեր երկիրը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։