Հա

Քաղաքական

21/01/2018 - 14:10

Դաւիթ Բաբայեան. «ՌԴ-ի՝ Ադրբեջանի հետ յարաբերութիւնները խորացնելը չպէտք է դիտել որպէս հակահայկական քայլ, միգուցէ դա նպաստի իրավիճակի կայունացմանը»

Արցախի Հանարպետութեան նախագահի մամլոյ խօսնակ Դաւիթ Բաբայեանի կարծիքով, Ռուսաստանի՝ Ադրբեջանի հետ յարաբերութիւնները խորացնելը չպէտք է դիտել որպէս հակահայկական քայլ:

«alikonline.ir» - Ռուսաստանի՝ Ադրբեջանի հետ յարաբերութիւնները խորացնելը չպէտք է դիտել որպէս հակահայկական քայլ: Թող խորացնեն, միգուցէ, դա աւելի կը նպաստի, որպէսզի կայուն լինի իրավիճակը: «tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը: «Հիմա Ռուսաստանը, բանական է, ուզում է, որ իր սահմանների երկայնքով իր համար բարիդրացիական մթնոլորտ ձեւաւորւի: Եթէ Ադրբեջանի հետ է զարգացնում իր յարաբերութիւնները, ի՞նչ է, նա մեր շահերի՞ց պէտք է ելնի: Կամ` մենք պէտք է ինչ-որ երկրի շահերի՞ց ելնենք մեր յարաբերութիւնները տարբեր երկրների հետ խորացնելու համար»,- նշեց նա: Դաւիթ Բաբայեանը համոզւած, որ անկախ Ադրբեջանը, միեւնոյն է, չի կարող լինել Ռուսաստանի դաշնակիցը:

 

- Պարո՛ն Բաբայեան, օրերս հայ հասարակական-քաղաքական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ կոչ էին արել Հայաստանի իշխանութիւններին հայ-թուրքական, հայ-իրանական սահմաններից եւ «Զւարթնոց» օդանաւակայանի սահմանապահ անցակէտից ՌԴ սահմանապահ ուժերի դուրս բերման գործընթաց սկսել: Ինչպէ՞ս էք վերաբերում այս կոչին:

- Հայ ժողովուրդը, հայոց պետականութիւնը երիտասարդ չէ: Արդէն 27 տարի է` մենք ունենք անկախ պետականութիւն, կարելի է ասել նոյնիսկ 30 տարի, որովհետեւ ղարաբաղեան շարժման մեկնարկի հետ, փաստօրէն, հայոց պետականութիւնը վերականգնւեց: Մենք պէտք է շատ ճկուն քաղաքականութիւն վարենք յատկապէս անվտանգութեան ոլորտում, եւ մենք պարզապէս պարտաւոր ենք լաւ յարաբերութիւններ ունենալ առաջին հերթին բոլոր այն երկրների հետ, որտեղ ունենք մեծ հայկական սփիւռք, որովհետեւ Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութիւնը մեր պետականութեան հիմքն է: Բոլոր այն փորձերը՝ խարխլելու նման երկրների հետ Հայաստանի բարիդրացիական յարաբերութիւնները, ճիշտ չեն եւ վտանգաւոր կարող են լինել: Նոյնը նաեւ Ռուսաստանի պարագայում, նրա հետ մենք ունենք բազմաթիւ կապեր՝ պատմական, մշակութային, ռազմական, տնտեսական, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ կապերը զարգացնում ենք, պէտք է չզարգացնենք Իրանի կամ ԱՄՆ-ի հետ: Մենք պարտաւոր ենք լաւ յարաբերութիւններ ունենալ բոլոր այն երկրների հետ, որտեղ կայ հայկական սփիւռք: Բացի դրանից, մենք ունենք ռազմավարական խնդիր, նախ ռուսական բանակը որեւէ վտանգ չի ներկայացնում հայոց պետականութեանը, այլ հակառակը: Այն բոլոր մարդիկ, ովքեր կարծում են, որ ռուսական բանակը պէտք է հանւի, իրենց մեծ հայրենասէրի տեղ դրած բղաւում են, ի՞նչ է, հայրենասիրութիւնը բղաւելու մէ՞ջ է, թէ սուտ կարգախօսներ բարձրաձայնելն է: Իսկ ո՞վ է գնալու եւ Թուրքիայի հետ սահմանը պաշտպանի: Եկէք հաշւենք` մենք ինչքան ռեսուրս ունենք եւ ում հետ ենք մենք առնչւում: Թուրքիայի բնակչութիւնը 85 մլն. է, նա ունի 700 հազարանոց բանակ: Գիտէք, ես չեմ ուզում որակաւորել այդ յայտարարութիւնները, բայց այդ մարդիկ կա՛մ չեն հասկանում, կա՛մ պարզապէս չգիտեն ինչ քաղաքականութիւն է վարւում: Սա շատ վտանգաւոր է հայոց պետականութեան համար: Մենք ապուշ չենք, որ մեր պետականութիւնը դնենք այդպիսի վտանգի առջեւ, մեր սեփական ռեսուրսներով շատ դժւար կը լինի անվտանգութիւնը ապահովել: Մենք պարտաւոր ենք լաւ յարաբերութիւններ ունենալ թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Իրանի, թէ՛ ԱՄՆ-ի հետ:

 

- Այս կոչին անդրադարձել էր ռուսական լրատւամիջոցներից մէկը՝ գրելով, որ «ՀՀ ցանկացած ողջամիտ բնակիչ հասկանում է, որ Ռուսաստանի հետ դաշնակցութիւնը նրա գոյութեան փաստի գլխաւոր երաշխիքն է»: Եւ բացի նշւած սահմաններից` ԶԼՄ-ն նաեւ գրել էր Արցախեան ճակատի մասին. «Ղարաբաղեան խնդրի յուսալի կարգաւորումը հնարաւոր է միայն միասնական պետութեան կազմի մէջ Հայաստանն ու Ադրբեջանը վերադարձնելու դէպքում: Այդ ժամանակ Ղարաբաղը եւ միւս վիճելի տարածքները կարող են կիսւել կենտրոնական, այսինքն՝ Մոսկւայի իշխանութեան կողմից»: Ի՞նչ էք կարծում, այս հրապարակումը արտայայտո՞ւմ է պաշտօնական Մոսկւայի ցանկութիւնները, մօտեցումները:

- Երբ ռուսական մի լրատւամիջոց նման յայտարարութիւններ է անում, կարծես, մարդիկ կան, որ յատուկ սպասում են, որպէսզի դա պետութեան քաղաքականութիւն անւանեն եւ սկսեն հայհոյել: Ի՞նչ է, մենք ներսում քի՞չ ապուշ ունենք: Ամէն մի յայտարարութիւնը պէտք է մեկնաբանել եւ դրա մասին խօսե՞լ: Սա բացառապէս այդ լրատւամիջոցի կարծիքն է, դա չի կարող արտացոլել Ռուսաստան պետութեան մօտեցումը: ԽՍՀՄ տարիներին նոյնիսկ փորձ արւել է Ղարաբաղյան հիմնախնդիրը կարգաւորել, կենտրոնին ենթակայ ԼՂԻՄ-ը դուրս բերել Ադրբեջանի կազմից: Յատուկ կոմիտէ է եղել, եղել է յատուկ կարգավիճակ: Արցախն առաջինը եւ միակն էր Խորհրդային Միութեան կազմում, որը ունեցաւ կենտրոնի հետ անմիջապէս յարաբերւելու եւ ենթարկւելու կարգավիճակ: Սա էլ է շատ հետաքրքիր, ինչի մասին քիչ է խօսւում, բայց պրակտիկան ցոյց տւեց, որ դա էլ դրական արդիւնք չտւեց շատ պատճառներով: Բայց, այս պահի դրութեամբ, վերադարձ անցեալին հնարաւոր չէ: Այսինքն` Արդբեջանը պէտք է պարզապէս ճանաչի: Սա է ամենալաւ եւ յուսալի գրաւականը խաղաղութեան եւ կայունութեան: Իսկ մեզ համար մեր պետականութիւնն ամենաթանկ արժէքն է:

 

- Հետաքրքրական է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը ԵԱՏՄ անդամ երկրներին, որում նա առաջարկել է խորացնել համագործակցութիւնը Միութեանը չանդամակցող ԱՊՀ անդամ պետութիւնների հետ՝ Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի` այդ թւում նաեւ Ադրբեջանի: Պուտինն առաջարկել էր այդ պետութիւններից մի քանիսին շնորհել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ: Այս ուղերձից յետոյ անմիջապէս հնչեցին կարծիքներ, որ Ռուսաստանը ցանկութիւններ, մտադրութիւններ ունի ԽՍՀՄ-ը վերականգնելու, այս անգամ արդէն ԵԱՏՄ անւամբԻ՞նչ կարող էք ասել այս ամէնի վերաբերեալ:

- Վերադառնանք սկզբում ասածիս: Մենք գրեթէ 30 տարի է` անկախ պետականութիւն ունենք եւ պէտք է բոլոր աշխարհաքաղաքական խնդիրները վերլուծել սառնասրտօրէն, չընկնել բղաւողների, տարբեր տիպի պրովոկատորների ձեռքը, որոնք շատ-շատ են: Խնդիրը ո՞րն է` Ռուսաստանն ունի իր քաղաքականութիւնը, ՌԴ-ն գերտէրութիւն է, ի՞նչ է, մենք չունե՞նք մեր քաղաքականութիւնը, մենք չունե՞նք մեր շահերը, մօտեցումները, որոնք կարող են տարբեր լինել նույն Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից: Այդպէս էլ պէտք է լինի, սա բնական է: Հիմա Ռուսաստանը, բանական է, ուզում է, որ իր սահմանների երկայնքով իր համար բարիդրացիական մթնոլորտ ձեւաւորւի: Եթէ Ադրբեջանի հետ է զարգացնում իր յարաբերութիւնները, ի՞նչ է, նա մեր շահերից պէտք է ելնի: Կամ` մենք պէտք է ինչ-որ երկրի շահերի՞ց ելնենք: Իհարկէ, պէտք է հաշւի առնել ամէն ինչ, յատկապէս փոքր պետութիւնների համար: Բայց եթէ ուզում են Ադրբեջանի հետ յարաբերութիւնները խորացնել, թող խորացնեն, ինչո՞ւ մենք պէտք է դա դիտենք որպէս հակահայկական քայլ: Թող խորացնեն, միգուցէ դա աւելի կը նպաստի, որպէսզի կայուն լինի իրավիճակը: Մէկ է, Ադրբեջանն իր պատականաշինութեան, իր իւրայատկութիւնների շնորհիւ երբեւիցէ չի լինելու ՌԴ-ի դաշնակիցը, ինչպէս նաեւ Թուրքիան: Սա փաստ է, որից այն կողմ հնարաւոր չէ պատկերացնել: Անկախ Ադրբեջանը չի կարող լինել Ռուսաստանի դաշնակիցը: Հետաքրքիր է մէկ այլ բան, որ Եւրոպան ընդլայնւում է, վա՞տ է: Պէտք է ասենք, որ բոլորս Արեւմուտքի գաղո՞ւթ ենք դառնում: Ինչո՞ւ սրա մասին չեն խօսում: Այստեղ կան ուժեր, որոնք փորձում են հայ-ռուսական ռազմավարական յարաբերութիւնները խարխլել: Դէ թող խօսեն, որ Եւրոպայի գաղութն ենք դառնում, բա ինչո՞ւ չեն խօսում, որովհետեւ դա այդպէս չէ, նոյն էլ այս պարագայում է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։