Հա

Քաղաքական

13/06/2018 - 09:20

Մանէ Թանդիլեանը հրաժարւել է նախարարի պաշտօնից, իսկ Արծւիկ Մինասեանն ու Արտակ Զէյնալեանը՝ ոչ

Յունիսի 12-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանէ Թանդիլեանը յայտարարել է հրաժարական ներկայացնելու մասին:

«alikonline.ir» - Յունիսի 12-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանէ Թանդիլեանը յայտարարել է հրաժարական ներկայացնելու մասին:

Իր այդ որոշումը, Մանէ Թանդիլեանը պայմանաւորել է նախօրէին ՀՀ կառավարութեան նիստի ժամանակ պարտադիր կուտակային համակարգի ամբողջական ներդրման հարցի մասին կայացած որոշումով:

«... Դուք տեղեակ էք իմ դիրքորոշմանը, որը ես յայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերեալ։ Նշանակւելով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, իմ դիրքորոշումը յայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով յետաձգելու եւ հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրաւիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամայայտնութեան սկզբունքը։ Այս ճանապարհը եւս ունէր որոշակի բարդութիւններ, բայց ես յայտնել եմ իմ պատրաստակամութիւնը այդ աշխատանքները նախաձեռնելու, հանրութեան լայն շերտերի հետ լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու՝ լաւագոյն եւ հանրութեան համար ընդունելի լուծումը գտնելու համար։

Երկար քննարկումներից յետոյ պարզ դարձաւ, որ իմ առաջարկը չունի կառավարութեան աջակցութիւնը։ Փոխարէնը առաջ քաշւեց այլ տարբերակ, որն էլ ներկայացւեց եւ հաստատւեց կառավարութեան նիստում։

Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։

...Այս գրառումով ես դադարեցնում եմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի իմ լիազօրութիւնները, որոնք եղել են բացառապէս ՀՀ քաղաքացիներին ծառայելու գործիքներ։

Գործող կառավարութեանը մաղթում եմ բազում յաջողութիւններ եւ հեռատեսութիւն՝ ի շահ ժողովրդավարական Հայաստանի...»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա:

Մանէ Թանդիլեանը տեղեկացրել է նաեւ, որ դադարեցնում է «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան իր անդամակցութիւնը եւ որպէս քաղաքացի՝ «շարունակելու է ուշի-ուշով հետեւել քաղաքական բոլոր զարգացումներին, ջանք չխնայելով հայոց պետականութեան կայացման համար»:

Աւելի ուշ որոշ լրատւամիջոցներում յայտնւեցին լուրեր՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանի եւ ՀՀ արդարադատութեան նախարար Արտակ Զէյնալեանի հրաժարականի մասին:

Յիշեցնենք, որ Մանէ Թանդիլեանի պէս, նրանք եւս դէմ են եղել պարտադիր կուտակային համակարգի ամբողջական ներդրման հարցի մասին ՀՀ կառավարութեան ընդունած որոշմանը:

Մինասեանի եւ Զէյնալեանի հրաժարականի մասին լուրերը, սակայն, հերքւել են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։