Հա

Քաղաքական

29/10/2018 - 11:25

Արամ Սարգսեան. «Ամերիկացիները Երեւանում արժանի հակահարւած չստացան»

Հայաստանի «Դեմոկրատական» կուսակցութեան առաջնորդը հայ-ռուսական համագործակցութեան վերաբերեալ Ջան Բոլթոնի յայտարարութիւններում վտանգ է տեսել։

«alikonline.ir» - Հայաստանի «Դեմոկրատական» կուսակցութեան առաջնորդը հայ-ռուսական համագործակցութեան վերաբերեալ Ջան Բոլթոնի յայտարարութիւններում վտանգ է տեսել։

Հայաստանի իշխանութիւնները պէտք է աւելի կտրուկ եւ կոնկրետ արձագանգեն Երեւանում`ԱՄՆ նախագահի խորհրդականի կողմից արւած յայտարարութիւններին։ Այս մասին «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց «Դեմոկրատական» կուսակցութեան նախագահ Արամ Սարգսեանը։

Նրա խօսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներկայացուցիչն իրաւունք չունի միջամտելու Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։ Ջան Բոլթոնի արտայայտութիւններն այն մասին, որ Նիկոլ Փաշինեանի հաւանական յաղթանակն ընտրութիւններին հնարաւորութիւն կը տայ վճռական քայլեր կատարելու կարգաւորման ուղղութեամբ, ուղղակի միջամտութիւն է ինքնիշխան պետութեան ներքին հարցերի մէջ։

«Պատկերացնում էք, թէ ինչ հիստերիա կառաջանար մեր «արեւմտամէտ փորձագէտների» մօտ, եթէ ռուսական պաշտօնական այրերից որեւէ մէկը նման արտայայտութիւններ թոյլ տար։ Բոլթոնն, ըստ էութեան, որոշում է, թէ ում հետ մենք բարեկամութիւն անենք, ում հետ` ոչ։ Անհեթեթ է»,- ասում է Սարգսեանը։

Բացի այդ, ինչպէս նա կարծում է, Դոնալդ Թրամփի խորհրդականն ուղղակիօրէն Փաշինեանին դրդում է Արցախի հարցով տարածում չունեցող լուծումների։ Բոլթոնի յայտարարութիւնները նման են հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի` Ադրբեջանին տարածքային զիջումների անհրաժեշտութեան մասին պնդումներին։

«Հայաստանի իշխանութիւններն ու ԱԳՆ-ն, ցաւոք, պատշաճ կերպով չեն արձագանգել»,- դժգոհութիւն յայտնեց քաղաքական գործիչը։

Փաշինեանի յայտարարութիւնն այն մասին, թէ «Բոլթոնը չի կարող խօսել իմ անունից» ակնյայտօրէն բաւարար չէ։ Յստակ դիւանագիտական պատասխան է պէտք տալ։ Դրա համար պաշտօնական Երեւանը պէտք է հակամարտութեան կարգաւորման սեփական դոկտրինան ունենայ։

«Երբ դու չես պատասխանում, դա ընկալւում է որպէս համաձայնութիւն իրենց պահանջներին եւ կոչերին։ Հետեւաբար, ՀՀ ԱԳՆ-ն պէտք է ոչ երկիմաստ յայտարարի, որ Ադրբեջանին որեւէ զիջումներ չի անելու, եթէ նրանք հրաժարւում են խաղաղ պայմանագրից։ «Մադրիդական սկզբունքները» չափազանց վտանգաւոր են Հայաստանի համար, ինչի մասին յայտարարում ենք երկար տարիներ»,- ասաց Սարգսեանը։

Նա անհրաժեշտ է համարում, վերջապէս, կողմնորոշւել, թէ ինչ է ուզում հայկական կողմը, ինչ խնդիրներ է դնում իր առջեւ։ Հայկական դիւանագիտութեան արդիւնաւէտութիւնը, Սարգսեանի կարծիքով՝ որոշակի առումով նաեւ կոլեկտիւ պատասխանատւութիւն է ենթադրում։ Ամենեւին էլ պարտադիր չէ, որ Նիկոլ Փաշինեանը միայնակ իր ուսերին վերցնի կարգաւորման ողջ բեռը։ Սարգսեանը կոչ է անում վարչապետի պաշտօնակատարին հրաժարւել «սուպերվարչապետական» համակարգից եւ լիազօրութիւնների մի մասը փոխանցել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին։ Նախագահը փորձառու գործիչ է, պրոֆեսիոնալ դիւանագէտ եւ աւելի լաւ է տիրապետում խնդրի բոլոր նրբութիւններին։

Կրկին վերադառնալով Ռուսաստանի հետ յարաբերութիւնների թեմային՝ Դեմոկրատական կուսակցութեան առաջնորդը Բոլթոնի յայտարարութիւններում վտանգ է նկատել կապւած հայ-ռուսական համագործակցութեան հետ։

Երեւանում ԱՄՆ նախագահի խորհրդականը յայտարարեց, որ Հայաստանը ռուսական զէնքը կարող էր ամերիկեանով փոխարինել, եւ որ այն պէտք է ինքնուրոյն եւ անկախ դառնայ իր արտաքին քաղաքականութեան հարցում։

Կուսակցութեան առաջնորդը դա գնահատում է որպէս Մոսկւայի հետ յարաբերութիւնները վերանայելու ուղիղ կոչ։ Հայաստանը, նրա համոզմամբ, չպէտք է թոյլ տայ, որ որեւէ մէկը հարցականի տակ դնի Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։