Հա

Քաղաքական

06/04/2019 - 14:50

Պակիստան. չօգտագործւած հնարաւորութիւններ Հայաստանի համար

Հայաստանի ու Պակիստանի միջեւ յարաբերութիւնները միջնորդաւորւած բնոյթ ունեն՝ երրորդ երկրի կամ երկրների միջոցով։ Ընդհանրապէս, գործնականում այնքան էլ տեղին չէ խօսել երկու երկրների միջեւ փոխյարաբերութիւնների մասին, քանի որ յարաբերութիւններ, որպէս այդպիսին, գոյութիւն չունեն։ Միւս կողմից` թերեւս չենք սխալւի, եթէ ասենք, որ քաղաքական կամ այլ հարթութեան շփումների բացակայութիւնը նոյնպէս փոխյարաբերութիւն է։

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

 

Հայաստանի ու Պակիստանի միջեւ յարաբերութիւնները միջնորդաւորւած բնոյթ ունեն՝ երրորդ երկրի կամ երկրների միջոցով։ Ընդհանրապէս, գործնականում այնքան էլ տեղին չէ խօսել երկու երկրների միջեւ փոխյարաբերութիւնների մասին, քանի որ յարաբերութիւններ, որպէս այդպիսին, գոյութիւն չունեն։ Միւս կողմից` թերեւս չենք սխալւի, եթէ ասենք, որ քաղաքական կամ այլ հարթութեան շփումների բացակայութիւնը նոյնպէս փոխյարաբերութիւն է։

Պակիստանն աշխարհի բացառիկ պետութիւններից է, որն առ այսօր այդպէս էլ չի ճանաչել Հայաստանի անկախութիւնը։ Իհարկէ, Հայաստանի ու Պակիստանի միջեւ փոխյարաբերութիւնների ներկայիս խիստ ցածր մակարդակը կամ յարաբերութիւնների բացակայութիւնն օբիեկտիւօրէն պայմանաւորւած է Պակիստանի ղեկավարութեան քաղաքական, գաղափարական դիրքորոշմամբ։ Պակիստանը քանիցս պաշտօնապէս յայտարարել է, որ չի պատրաստւում ճանաչել Հայաստանի անկախութիւնը եւ մեր երկրի հետ հաստատել դիւանագիտական յարաբերութիւններ՝ դա պայմանաւորելով Արցախեան հակամարտութեան կարգաւորման հարցով։

Պակիստանի իշխանութիւնների այս արմատական դիրքորոշումը պէտք է պայմանաւորել մի քանի հանգամանքներով: Նախ` Քաշմիրի հիմնախնդիրը, որի կարգաւորումը Իսլամաբադում տեսնում են Պակիստանի տարածքային ամբողջականութեան սկզբունքի ներքոյ։ Հետեւապէս, ըստ էութեան, այդ հարցում Պակիստանի շահերը համընկնում են Ադրբեջանի պաշտօնական մօտեցման հետ։

Հայաստանի նկատմամբ Պակիստանի բացասական նախատրամադրւածութիւնում, իհարկէ, կարեւոր գործօն է նաեւ իսլամը. ի նշան իսլամական համերաշխութեան` Պակիստանն ու Ադրբեջանը միջազգային, տարածաշրջանային հարթակներում մշտապէս քաղաքական, դիւանագիտական աջակցութիւն են ցուցաբերել միմյանց։ Միեւնույն ժամանակ, ընթացիկ տարւայ փետրւարի վերջերին Քաշմիրի շուրջ Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ ռազմական բախումների հարցում պաշտօնական Բաքուն չէզոք դիրքորոշում ցուցաբերեց՝ կոչ անելով կողմերին` հարցը կարգաւորել խաղաղ ճանապարհով։ Հասկանալի է, որ Ադրբեջանի իշխանութիւնները տւեալ դէպքում, ինչպէս եւ այլ իրավիճակներում պակիստանեան կողմին քաղաքական կողմնակալ աջակցութիւն ցուցաբերում են փակ, յետկուլիսային ձեւաչափում։

Հայաստանի նկատմամբ Իսլամաբադի բացասական դիրքորոշումը պայմանաւորւած է նաեւ թուրքական գործօնով։ Պակիստանի ռազմաքաղաքական աջակցութեամբ Անկարան ակտիւ աշխատանքներ է շարունակում տանել Հայաստանի տարածաշրջանային կշռի թուլացման ուղղութեամբ։ Քանիցս խօսւել է Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմական առանցքի մասին։ Այդ տեսանկիւնից Պակիստանի համար կարեւոր նշանակութիւն ունի տարածաշրջանային տերութիւն հանդիսացող, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի քաղաքական աջակցութիւնը Քաշմիրի հարցում։

 

Անուղղակի շահերի հատման կէտեր

Ի պատասխան, Պակիստանի հետ յարաբերութիւններում հայկական կողմն իր հերթին քանիցս արտայայտել է իր դիրքորոշումը՝ Քաշմիրի երկրամասը համարելով Հնդկաստանի անբաժան մաս։ Քաղաքական այդ մօտեցումն, իհարկէ, հասկանալի է, միւս կողմից, սակայն, այն առանձնանում է իր գծայնութեամբ եւ խոշոր հաշւով լիովին տեղաւորւում Իսլամաբադի վարած մարտավարութեան շրջանակներում։

Թէեւ Հայաստանի ու Պակիստանի միջեւ չկան ուղղակի փոխյարաբերութիւններ, այդուհանդերձ, կողմերի շահերը կամ դիրքորոշումները տարբեր հարթակներում հատւում են միջնորդաւորւած կերպով։ Իսլամաբադը վերջին տարիներին քայլեր է ձեռնարկում եւրասիական ինտեգրման գործընթացներում ներգրաււելու ուղղութեամբ։ Պակիստանում, մասնաւորապէս, մեծ կարեւորութիւն են տալիս ԵԱՏՄ-ի հետ երկխօսութիւն հաստատման հարցերին։ Երկիրը մէկ անգամ չէ դիմել ԵԱՏՄ ղեկավարութեանը՝ այդ կառոյցի հետ ազատ տնտեսական գօտու ձեւաւորման մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկութեամբ։ Այդ հարցում Պակիստանի իշխանութիւններն ակտիւ աշխատանքներ են տանում յատկապէս ԵԱՏՄ-ին անդամակցող Ղազախստանի ու Բելառուսի հետ՝ նրանց դիտարկելով որպէս կամուրջ ԵԱՏՄ-Պակիստան գործակցութեան ձեւաւորման համար։ Նշենք, որ ԵԱՏՄ-Պակիստան տնտեսական երկխօսութեան հնարաւորութիւնները զգալիօրէն սահմանափակւում են Հայաստանի բացասական դիրքորոշմամբ։

Վերջին տարիներին պաշտօնական Իսլամաբադը հնարաւորութիւններ է փնտրում ՀԱՊԿ-ի հետ գործակցութիւն յաստատելու հարցում։ Պակիստանի ղեկավարութիւնը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ այդ կառոյցի Խորհրդարանական վեհաժողովում իր երկրին դիտորդի կարգավիճակ տալու առաջարկով։ Սակայն ՀԱՊԿ Խորհրդի օրակարգից հարցը հանւեց հայկական կողմի դիմադրութեան արդիւնքում։

Հասկանալի ու տրամաբանական է եւրասիական ինտեգրացիոն գործընթացներին Պակիստանի հնարաւոր մասնակցութեան հարցում Հայաստանի` սկզբունքօրէն մերժողական, բացասական դիրքորոշումը։ Այդ մօտեցման համար որպէս հիմք է դիտւում այն, որ Պակիստանն առ այսօր չի ճանաչել ՀՀ անկախութիւնը, Արցախեան հիմնախնդրում ունի բացայայտ կողմնակալ դիրքորոշում։

Այդ ամենով հանդերձ, սակայն, հայկական կողմին կարող է որոշակի քաղաքական ռեսուրսներ կամ հնարաւորութիւններ տալ այն մարտավարութիւնը, որ Պակիստանի հետ յարաբերութիւններում առաջնորդւենք ոչ գծային, այսպէս կոչւած` «փափուկ» դիւանագիտութեան ճանապարհով։ Նման մարտավարութիւնը ենթադրում է, որ, խոշոր հաշւով, Հայաստանը շարունակում է դէմ լինել իր անդամակցած միջազգային-տարածաշրջանային ինտեգրացիոն կառոյցների հետ Պակիստանի հնարաւոր երկխօսութեանը։ Միաժամանակ, պաշտօնական Երեւանը պատրաստակամ է քննարկել նման հարցեր, եթէ Իսլամաբադը, ի պատասխան, կառուցողական դիրքորոշում որդեգրի հայ-պակիստանեան յարաբերութիւններում` ընդհանրապէս։ Աւելին` շահերի նման յարաբերակցումը կարող է ստեղծել կողմերի միջեւ փոխշահաէւտութեան որոշակի հարթակ՝ հիմնւած քաղաքական չոր հաշւարկի վրայ։

Հայաստանի ու Պակիստանի միջեւ անուղղակի յարաբերման հնարաւորութիւն առկայ է նաեւ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան (ՇՀԿ) շրջանակներում, որի անդամ է Պակիստանը (2017 թ. յունիսի 9), իսկ Հայաստանը կազակերպութիւնում ունի երկխօսութեան գծով գործընկերութեան կարգավիճակ (2016 թ. ապրիլի 16)։ Ընդ որում` ՇՀԿ-ն համագործակցային համաձայնագրեր ունի նաեւ ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հետ։ Աւելին` Հայաստանի ու Պակիստանի միջեւ շփումները կարող են հաստատւել երրորդ` առանձնացւած երկրների միջնորդութեամբ։ Այդ առումով, հայկական կողմը կարող է օգտագործել հայ-իրանական, հայ-ռուսական երկկողմ համագործակցութեան ձեւաչափերը։

Ի դէպ, նշենք, որ, Հայաստանի անկախութիւնը չի ճանաչել նաեւ Սաուդական Արաբիան։ Սակայն, ի տարբերութիւն Պակիստանի, Սաուդական Արաբիայի պարագայում կարող ենք խօսել երկու երկրների շփումների մասին` չնայած չկան դիւանագիտական յարաբերութիւններ։ Դա են վկայում Հայաստանի ու Սաուդական Արաբիայի միջեւ առեւտրատնտեսական կապերը։ Այդ երկրի թագաւոր Սալմանը Հայաստանի անկախութեան 24-րդ տարեդարձի առիթով շնորհաւորական մաղթանքներ էր յղել ՀՀ նախագահին։ 

Հետաքրքիր է զուգահեռներ անցկացնել նաեւ այն երկրների հետ, որոնց ուղղութեամբ Պակիստանի ղեկավարութիւնն ունի սկզբունքային բացասական դիրքորոշում։ Հայ-պակիստանեան յարաբերութիւններից, օրինակ, շատ չեն տարբերւում Պակիստան-Իսրայէլ քաղաքական շփումները։ Չնայած Պակիստանի ու Իսրայէլի միջեւ փոխյարաբերութիւններում առկայ լարւածութեանը` կրօնական գործօնը սկզբունքային նշանակութիւն թերեւս չունի։ Թէեւ կողմերը կրկին չունեն դիւանագիտական յարաբերութիւններ, Պակիստանը չի ճանաչում Իսրայէլ պետութիւնը, սակայն դա չի խանգարում փոխադարձ շփումներ հաստատել։ Որոշ ոչ պաշտօնական տւեալներով` քանիցս խօսւել է պակիստանցի բարձրաստիճան պաշտօնատար անձանց` Իսրայէլ այցելութիւնների մասին։ Աւելին` 2019 թ. մարտին Պակիստանի նախկին նախագահ Փերւեզ Մուշարրաֆը բացայայտ խօսում էր Իսրայէլի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման հարցերի շուրջ, որպէսզի նրա աջակցութեամբ բարելաււեն Պակիստանի յարաբերութիւնները Հնդկաստանի հետ։ 2005 թ. կէսերին Ստամբուլում պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան թեմայի շրջանակներում հանդիպում ունեցան Իսրայէլի եւ Պակիստանի արտգործնախարարները։ «Վիկիլիկս»-ի կողմից հրապարակւած գաղտնի տեղեկատւութեան համաձայն` Պակիստանի «ISI» արտաքին հետախուզութեան ծառայութիւնը տւեալներ է փոխանցել իսրայէլական «Մոսսադ»-ին այն մասին, որ 2008 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իսրայէլցի քաղաքացիական անձինք կարող են յայտնւել Հնդկաստանում հնարաւոր ահաբեկչութիւնների թիրախում (նոյեմբերի 26-ին Մումբայում տեղի ունեցած ահաբեկչութիւնից յետոյ, որի թիրախներից էր նաեւ հրեական համայնքի կենտրոնը)։ Հաղորդւում էր, որ պակիստանցի գեներալ-լէյտենանտ Ահմեդ Շուջա Փաշան գտնւում էր իսրայէլական «Մոսսադ»-ի հետ ուղղակի կապի մէջ։ Մեծ Բրիտանիայի ձեռնարկատիրութեան, նորարարութիւնների նախարարութեան զեկոյցում տեղեկատւութիւն էր հրապարակւել այն մասին, որ 2013 թ. Իսրայէլը ռազմական տեխնոլոգիաներ է արտահանել, այդ թւում` Պակիստան, ներառեալ` էլեկտրոնային սպառազինութիւն եւ ինքնաթիռների մասեր։ Իսրայէլական կողմը, սակայն, հերքեց այդ տեղեկութիւնը։

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։