Հա

Քաղաքական

13/04/2019 - 11:30

«168 ժամ». «Լուրջ ահազանգ կառավարութեան ու Փաշինեանի համար»

«168 ժամ» թերթը գրում է. «Մինչ տնտեսական ակտիւութեան մակարդակը Հայաստանում տարեսկզբին սպասւածից մի բան էլ բարձր է, արտաքին առեւտրի շրջանառութիւնը, մասնաւորապէս՝ արտահանումը, հսկայական տեմպերով նւազում է։ Այնինչ թւում է, թէ այդպէս չպիտի լինէր։ Տնտեսական աճը պիտի յանգեցնէր նաեւ արտահանման ծաւալների աւելացմանը։

«alikonline.ir» - «168 ժամ» թերթը գրում է. «Մինչ տնտեսական ակտիւութեան մակարդակը Հայաստանում տարեսկզբին սպասւածից մի բան էլ բարձր է, արտաքին առեւտրի շրջանառութիւնը, մասնաւորապէս՝ արտահանումը, հսկայական տեմպերով նւազում է։ Այնինչ թւում է, թէ այդպէս չպիտի լինէր։ Տնտեսական աճը պիտի յանգեցնէր նաեւ արտահանման ծաւալների աւելացմանը։

Ինչպէս յայտնի է, տարեսկզբի երկու ամիսներին պաշտօնական վիճակագրութիւնը Հայաստանում ակտիւութեան 6.5 տոկոս աճ է գրանցել։ Բայց այդ աճը ոչնչով չի նպաստել արտահանման աւելացմանը։

Եւ դա պատահական չէ, եթէ հաշւի առնենք, թէ ինչի շնորիւ է գրանցւել տնտեսական ակտիւութիւնը։ Տարեսկզբին տնտեսութիւնը նստած է եղել հիմնականում երեք ոլորտների վրայ` շինարարութիւն, ծառայութիւններ եւ առեւտուր։ Խօսքը ներքին առեւտրի մասին է, որը երկնիշ աճ է գրանցել` աւելի քան 11 տոկոս։ Ու որքան էլ տարօրինակ է, նոյն ժամանակահատւածում արտաքին առեւտուրը ոչ պակաս մեծ տեմպերով կրճատւել է։

Ստացւում է, որ տնտեսութեան իրական հատւածում աշխուժութիւն չկայ, արտաքին առեւտուրը, այդ թւում` ներմուծումը, կրճատւում է, ինչը սովորաբար կապւած է պահանջարկի հետ, հասարակութեան գնողունակութիւնը նւազում է, բայց ներքին առեւտուրը ծաղկում է։ Այդպէս չի լինում։

Ուստի պէտք է ենթադրել, որ գործ ունենք ոչ այնքան իրական, որքան հաշւարկային աճի հետ։ Մի բան, որը, սակայն, դժւար է ցոյց տալ արտահանման դէպքում։

Արտաքին շուկաներում հայկական մատակարարումներն այս տարի դադարել են աւելանալ։ Տարեսկզբի երկու ամիսներին արտահանումը երկնիշ անկում է գրանցել։ Գրեթէ 12 տոկոսով կրճատւել են արտաքին հատւածի մատակարարումները։

Սա խիստ մտահոգիչ երեւոյթ է՝ ինչպէս ընդհանրապէս տնտեսութեան, այնպէս էլ՝ ֆինանսական հատւածի համար։

Խնդիրն ամենեւին էլ յայտարարւած տնտեսական յեղափոխութիւնը կամ տնտեսութեան տրանսֆորմացիան չէ, որի մասին երբեմն-երբեմն խօսում է կառավարութեան ղեկավարը, խնդիրը տնտեսութեան արտահանման պոտենցիալի եւ արտաքին շուկաներում երկրի մրցունակութեան թուլացումն է։ Եւ սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ կառավարութիւնն արտահանման խթանման կուրս է վերցրել` խոստանալով առաջիկայ հինգ տարիներին ապրանքների եւ ծառայութիւնների մատակարարումներն արտաքին շուկաներում հասցնել ՀՆԱ (համախառն ներքին արտադրանք-ԽՄԲ.) 43-45 տոկոսին։

Հայաստանի արտաքին առեւտրի դիրքերը թուլացել են գրեթէ բոլոր հիմնական գործընկերների հետ յարաբերութիւններում։

Նւազել է արտահանումը Ռուսաստան, որը հանդիսանում է Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերը՝ ինչպէս տնտեսական միութեան տարածքում, այնպես էլ՝ ընդհանրապէս։

Բայց այնպէս չէ, որ խնդիրը միայն Ռուսաստանի հետ է։ ԱՄՆ-ի հետ արտաքին առեւտրի յարաբերութիւնները եւս չեն փայլում ակտիւութեամբ։ Կրճատւել է՝ ինչպէս արտահանումը, այնպէս էլ՝ ներմուծումը։

Տարեսկզբին Միացեալ Նահանգներ արտահանումը Հայաստանից նւազել է գրեթէ 37 տոկոսով, թէեւ առանց այդ էլ ծաւալը մի բան չէր։ Երկու ամսում այս շուկայ է մատակարարւել ընդամենը 7.6 մլն. դոլարի ապրանք։ Ոչ պակաս ակտիւ չի եղել նաեւ ներմուծման կրճատումը` գրեթէ 32 տոկոս։

Հարեւան Իրանը եւս դադարել է նպաստել Հայաստանի արտահանման ակտիւացմանը։ Նախորդ տարւայ համեմատ՝ այս շուկայում մատակարարումները կրճատւել են աւելի քան 3.5 անգամ.19 միլիոնի փոխարէն՝ այս տարի արտահանւել է ընդամենը 5 մլն. դոլարի ապրանք։

Իրավիճակը ոչնչով չի տարբերւում Եւրոմիութեան երկրների հետ յարաբերութիւններում։ Պակաս է արտահանւել 36.5 մլն. դոլարի ապրանք, ինչը 31 տոկոսով քիչ է նախորդ տարւանից։

Ու որքան էլ Նիկոլ Փաշինեանը խօսում է տնտեսական յեղափոխութեան մասին, փաստն այն է, որ Հայաստանի տնտեսութեան վիճակը լաւ չէ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։