Հա

Քաղաքական

13/05/2019 - 14:40

Հրադադարի համաձայնագրի ստորագրումը հնարաւոր է դարձել մի շարք գործօնների շնորհիւ. Արցախի ԱԳՆ

25 տարի առաջ ուժի մէջ է մտել Կրակի եւ ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրւել է Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդութեամբ: 1994 թ. յուլիսի 26-27-ը, լրացուցիչ պայմանագիր ստորագրելով, բոլոր երեք կողմերը հաստատել են հրադադարի ռեժիմի անժամկէտ բնոյթը՝ ընդհուպ մինչեւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան վերջնական կարգաւորումը

«alikonline.ir» - 25 տարի առաջ ուժի մէջ է մտել Կրակի եւ ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրւել է Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդութեամբ: 1994 թ. յուլիսի 26-27-ը, լրացուցիչ պայմանագիր ստորագրելով, բոլոր երեք կողմերը հաստատել են հրադադարի ռեժիմի անժամկէտ բնոյթը՝ ընդհուպ մինչեւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան վերջնական կարգաւորումը: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Արցախի ԱԳՆ-ի տարածած յայտարարութեան մէջ ասւում է, որ 1994 թ. մայիսի 12-ի Համաձայնագիրն ունի առանցքային նշանակութիւն, քանի որ այն վերջ դրեց ադրբեջանական իշխանութիւնների կողմից սանձազերծւած պատերազմին, հակամարտութիւնը տեղափոխեց քաղաքական-դիւանագիտական հուն եւ պայմաններ ստեղծեց, որպէսզի կողմերը միջազգային միջնորդների աջակցութեամբ կարողանան իրենց ջանքերն անմիջականօրէն կենտրոնացնեն բանակցութիւնների միջոցով հակամարտութեան վերջնական կարգաւորման ուղիներ փնտրելու վրայ։

Սոյն Համաձայնագրի ստորագրումը, որն առայսօր հակամարտութեան կարգաւորման գործընթացում միակ իրական ձեռքբերումն է, հնարաւոր է դարձել մի շարք գործօնների շնորհիւ: Նախ` Արցախի Պաշտպանութեան բանակին յաջողւեց հետ մղել Ադրբեջանի զինւած ագրեսիան, լրջօրէն խաթարել Բաքւի ռազմական ներուժը եւ հարկադրել նրան նստել բանակցային սեղանի շուրջ: Երկրորդ, յայտնւելով լուրջ ռազմական պարտութիւնների առջեւ, Ադրբեջանի ղեկավարութիւնը ոչ միայն դադարել էր խոչընդոտել բանակցային գործընթացում Արցախի լիարժէք ներգրաււածութիւնը՝ որպէս հակամարտութեան հիմնական կողմերից մէկը, այլեւ հէնց ինքն է բազմիցս նախաձեռնել պաշտօնական Ստեփանակերտի հետ անմիջական շփումներ, այդ թւում՝ ամենաբարձր մակարդակով: Այս շփումների շնորհիւ ձեռք է բերւել շուրջ 10 պայմանաւորւածութիւն՝ ռազմական գործողութիւնների սահմանափակման, ժամանակաւոր հրադադարի կամ դրա երկարաձգման մասին, ինչն էլ արդիւնքում յանգեցրել է Կրակի եւ ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցման մասին անժամկէտ համաձայնագրի ստորագրմանը։

Այսօր՝ 25 տարի անց, 1994 թ. մայիսի 12-ի Համաձայնագիրը շարունակում է մնալ հրադադարի ռեժիմի եւ Հարաւային Կովկասում տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանման իրաւական հիմքը: Այս փաստն անվերապահօրէն ընդունւած է միջազգային հանրութեան կողմից, ինչի մասին վկայում է 2016 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծւած ապրիլեան պատերազմին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի, ինչպէս նաեւ ՄԱԿ Գլխաւոր քարտուղարի, ԵԱՀԿ Գործող նախագահի եւ Եւրոպայի խորհրդի Գլխաւոր քարտուղարի արձագանգը, ովքեր կոչ են արել խստօրէն հետեւել 1994 թ. մայիսի 12-ի կրակի լիակատար դադարեցման մասին Համաձայնագրին եւ 1995 թ. փետրւարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին Համաձայնագրին:

Կրակի լիակատար դադարեցման մասին Համաձայնագրի գործունէութիւնը հաստատում է, որ կարգաւորման գործընթացում իրական յաջողութեան հասնել հնարաւոր է բանակցութիւնների լիարժէք եռակողմ ձեւաչափում, որը, միջազգային իրաւունքի համաձայն, հաշւի է առնում հակամարտութեան բոլոր կողմերի շահերն ու մտահոգութիւնները: Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը գտնում է, որ հակամարտութեան կարգաւորմանն անհրաժեշտ խթան հաղորդելու համար հարկ է, մի կողմից, վերսկսել ուղղակի եռակողմ բանակցութիւնները, միւս կողմից, հետեւողականօրէն ամրապնդել հրադադարի ռեժիմը, այդ թւում նաեւ` դրա վերահսկման միջազգային մեխանիզմի ներդրման միջոցով, որը նախատեսւած է 2016 թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերւած պայմանաւորւածութիւններով: Կարեւոր է նաեւ վերականգնել հակամարտող ուժերի սահմանազատման գիծը, որը ռազմական գործողութիւնների դադարեցման ժամանակ երեք կողմերի միջեւ համաձայնեցւել եւ ամրագրւել է ՌԴ Պաշտպանութեան նախարարութեան միջնորդութեամբ` որպէս հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս:

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը վերահաստատում է պաշտօնական Ստեփանակերտի հաւատարմութիւնը հակամարտութեան բացառապէս խաղաղ կարգաւորմանը եւ Ադրբեջանի իշխանութիւններին կոչ է անում հրաժարւել դրա ուժային լուծման անհեռանկարային քաղաքականութիւնից, ինչը թոյլ կը տայ անշրջելի դարձնել խաղաղ գործընթացը եւ տեւական խաղաղութիւն ու կայունութիւն հաստատել Հարաւային Կովկասի տարածաշրջանում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։