Հա

Քաղաքական

29/05/2019 - 14:40

«Եթէ քաղաքացիական հասարակութիւնը մնայ այսօրւայ վիճակում, մենք ունենալու ենք ծանր յաղթանակ». Լարիսա Ալավերդեան

Ղարաբաղի հարց չկայ. այն լուծւած է Արցախի Հանրապետութեան ստեղծմամբ: Նրա ե'ւ սահմաններն են ուրիշ, ե'ւ անւանումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում ասաց «Ընդդէմ իրաւական կամայականութիւնների» ՀԿ-ի նախագահ, ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդեանը:

«alikonline.ir» - Ղարաբաղի հարց չկայ. այն լուծւած է Արցախի Հանրապետութեան ստեղծմամբ: Նրա ե'ւ սահմաններն են ուրիշ, ե'ւ անւանումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում ասաց «Ընդդէմ իրաւական կամայականութիւնների» ՀԿ-ի նախագահ, ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդեանը: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը, թէ կան մարդիկ, որոնք ուզում են սեպ խրել Հայաստան-Արցախ յարաբերութիւնների մէջ, նա նշեց. «Չկան տարանջատւած հանրապետութիւններ: Կան 2 պետական միաւորներ, որոնցից մէկը ճանաչւած է, իսկ մըւսը` ոչ, եւ նրանք համագործակցում են բոլոր հնարաւոր եւ աշխարահաքաղաքական դաշտի կողմից ընդունւած ձեւերով: Գոյութիւն ունի բաժանւած ժողովուրդների եզրոյթը: Եղել են նման ազգեր ու ժողովուրդներ, օրինակ` գերմանական 2 պետութիւնները, վիետնամական 2 պետութիւնները, Հիւսիսային Կորէան եւ Հարաւային Կորէան: Մենք էլ, ահա, այդ ժողովուրդների վիճակում ենք, բայց դա մեզ պարտադրւած է եղել: Մենք միասնական չենք եղել, քանի որ ՀՀ առաջին նախագահը ժամանակին կոպիտ քաղաքական սխալ է արել`համաձայնելով, որ Լեռնային Ղարաբաղը մնայ Ադրբեջանի կազմում, բայց` աւելի բարձր կարգավիճակով»:

Ըստ Ալավերդեանի` այս պահին երկրների միացման մասին խօսողները ամբողջովին օգտագործում են ադրբեջանական քաղաքագիտական լեզուն` ասելով Արցախը չկայ, այն ուղղակի ֆիկցիա է, այնտեղի իշխանութիւնները լեգիտիմ չեն: «Այդպիսի համընկնութիւններ չեն լինում, բայց դա չի նշանակում, որ նրանք կատարում են Ադրբեջանի պատւէրը, այլ այս ամէնն իրականացւում է ամբողջովին ինքնուս կոմպոզիտորների մակարդակով` հաշւի չառնելով այն բարդ աշխարհաքաղաքական խաղերը եւ վիճակը, որն այսօր կայ»,- ասաց նա:

Ալավերդեանի կարծիքով`այս պահին Արցախում արտահերթ ընտրութիւններ պահանջող ուժերը, որոնք միեւնոյն ժամանակ շտապեցնում են այդ գործընթացի անցկացումը, իրականում համոզւած են, որ եթէ այդ ընտրութիւններն ընթանան նորմալ տեմպերով, այսինքն`անցկացւեն հերթական ընտրութիւններ, ապա իրենց յաղթելու շանսերը կը զրոյացւեն:

Լարիսա Ալավերդեանն անդրադարձաւ նաեւ վերջերս Նիկոլ Փաշինեանի՝ դատարանների դռները փակելու կոչին: Նրա համոզմամբ` դա հակասահմանադրական քայլ է: «Հայաստանում անցեալ տարւանից մինչ օրս հասարակական գիտակցութեան հանդէպ մանիպուլեատիւ տեխնոլոգիաներով փորձում են շեղել ճշմարիտ ճանապարհից, որը հաղորդւել է` յեղափոխութեան կողմից, այն է` արդարութիւն եւ ո'չ կոռուպցիային: Այդ մանիպուլեատիւ տեխնոլոգիաներն իրենց մէջ շատ մեծ վտանգ են կրում ոչ միայն հասարակութեան, այլեւ իշխանութեան եկած քաղաքական ուժի համար: Մասնաւորապէս` վերջերս էլ կարկառուն դէմքերից մէկն ասում էր` «դուք բոլորդ գիտէք`ում մասին ենք խօսում, դրանց կողմից գումար տւած ու փողով իրենց ընդդիմութիւն ձեւացնող»: Ես պէտք է ասեմ, որ սա ուղղակի մէջբերում է մանիպուլեատիւ տեխնոլոգիաների դասագրքային նիւթերից: Այսինքն` մինչեւ անգամ չեն էլ ուզում մի քիչ աւելի նուրբ գործել: Մենք լսեցինք նաեւ, որ մի հպարտ ու ամբարտավան քաղաքացի հնչեցրեց սպառնալիք, ընդ որում` սպանութեան, որից յետոյ նրան կանչեցին ոստիկանութիւն: Ես լսել եմ, որ ոստիկանութիւնն ու բանակը պէտք է սովորեն մարտական պարեր, բայց վախենամ, թէ ինչ-որ մարլեզոնեան բալետ են սովորում այնտեղ, որովհետեւ, այդ ամբարտաւանին հրաւիրելով, յետոյ նրան ազատ են արձակել եւ նա կրկնել է իր ասածը, ընդ որում` անգրագէտ ձեւակերպումով: Ի՞նչ է, եթէ մէկը Սահմանադրութիւնը խախտում է, որեմն կարելի է՞ սպառնալ ծանր վնասւածքով: Ես ուղղակի խօսքեր չունեմ»,- նշեց Ալավերդեանը:

Ըստ նրա` եթէ նոր իշխանութիւնների ջատագովների հանրահաւաքում նման արտայայտութիւն է հնչում, ապա նոր իշխանութիւնը վտանգւած է: «Որեւէ բան ինձ չի կարող համոզել, որ նոյն անձն այլոց վերաբերեալ նոյն բանը ոչ միայն չի կրկնի, այլեւ չի անի: Անպատժելիութիւնը ծնում է յանցագործութիւնների շատ մեծ ալիք: Եթէ քաղաքացիական հասարակութիւնը մնայ այն վիճակում, որում այսօր է, մենք ունենալու ենք ծանր յաղթանակ: Ես չեմ կասկածել երբեւիցէ, որ մենք յաղթելու ենք, բայց այն ճանապարհը, որն այսօր ընտրւել է ամենածանրը եւ ամենաերկարն է»,- ընդգծեց Լարիսա Ալավերդեանը:

Նրա պնդմամբ` միջադէպի վերաբերեալ փոխվարչապետ Տիգրան Աւինեանի ձեւակերպումը իրաւական չէ. ««Ղալաթ» խօսքը ո'չ քաղաքական, ո'չ էլ իրաւական էութիւն եւ իմաստ չունի: Մենք ունենք քրէական օրէնսգիրք, որի այն մասում, որտեղ խօսքը գնում է անձին վնաս հասցնելու յանցագործութիւնների մասին, ամբողջովին մանրամասնւում է, թէ որ դէպքում ինչ քրէական պատիժ է հասնում` հասկանալի է նախաքննութիւնից, դատական գործընթացներից յետոյ»,- ասաց նախկին ՄԻՊ-ը:

Ինչ վերաբերում է այս պահին յետյեղափոխական Հայաստանում տիրող իրավիճակին`Ալավերդեանը շեշտում է, որ փողոց փակելը մէկ տարի անց էլ իշխանութեան համար մնում է հիմնական գործիք այս կամ այն արդիւնքը ստանալու համար: «Սա նշանակում է, որ իշխանութիւնները մէկ տարւայ ընթացքում չեն մշակել այլ ինստիտուցիոնալ միջոցառումներ ու մեխանիզմներ: Այս ամէնը դառնում է վատ սովորութիւն»,- ասաց Ալավերդեանը` նշելով, որ իր բոլոր ասածները պէտք է ընկալւեն որպէս զօրակցութիւն գործող իշխանութիւններին` ճիշտ ճանապարհի վրայ կանգնելու եւ Հոկտեմբերեան յեղափոխութեան քայլերը յիշեցնող մեթոդներից հրաժարւելու համար:

«Ես ափսոսում եմ. յեղափոխութիւն էլ կայ, յեղափոխութիւն էլ: Այս 2 յեղափոխութիւններն իրարից մեծ տարբերութիւններ ունեն: Ես աւելի շատ բարեփոխումների կողմնակից եմ եղել, երբեք չեմ թաքցրել, որ դէմ եմ բախումային սցենարիներին: Իհարկէ, լաւ էր` ժողովրդի, իշխանութիւնների եւ Աստծոյ օգնութեամբ անարիւն եղաւ այդ բոլորը, բայց դա չի նշանակում, որ դրան պէտք է հետեւի ամբողջական ապաինստիտուցիոնալութինը»,- մտահոգութիւն յայտնեց նա:

Խօսելով հայաստանեան ԶԼՄ-ների անկախութեան մասին` Ալավերդեանը վստահեցրեց. «Մի ԶԼՄ-ի դէպքում մտնում են օֆիսներ, միւսներին տանում են ոստիկանութիւն, բռնութիւն են գործադրում, մնացածներին հակայեղափոխանական են անւանում`ասելով, որ իրենց փող տւողները հին կոռուպցիոներներ են: Էլ ո՞նց է լինում ԶԼՄ-ներին սպառնալը: Ուրիշ ձեւ չի լինում: Միւսն արդէն կռիւ է»,- նշեց նա`միեւնոյն ժամանակ դիմելով վարչապետին, որ նա ժամ առաջ դիմի բոլոր յեղափոխականներին եւ պասհանջի վերջ տալ գռեհիկ, բռնութեան կոչերին ու սպառնալիքներին, յորդորի անցում կատարել քաղաքակիրթ մեթոդներով հարցեր լուծելուն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։