Հա

Քաղաքական

15/06/2019 - 15:40

Հիբրիդային պատերազմներ

Վերջին տասնամեակներում վերաիմաստաւորւեցին ռազմական գործողութիւնների վարման նախկին մօտեցումները։ Դասական լայնածաւալ ռազմական գործողութիւնների նախաձեռնման ու վարման տակտիկան սկսեց կորցնել իր արդիւնաւէտութիւնը։ Պատճառները թերեւս մի քանիսն էին:

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

 

Վերջին տասնամեակներում վերաիմաստաւորւեցին ռազմական գործողութիւնների վարման նախկին մօտեցումները։ Դասական լայնածաւալ ռազմական գործողութիւնների նախաձեռնման ու վարման տակտիկան սկսեց կորցնել իր արդիւնաւէտութիւնը։ Պատճառները թերեւս մի քանիսն էին:

  • Դրան նախեւառաջ նպաստեցին համաշխարհային գլոբալացման արագընթաց միտումները։
  • Ռազմական գործողութիւնների վարման հարցում նոր տակտիկական մօտեցումների կիրառման անհրաժեշտութիւն ի յայտ եկաւ նաեւ համաշխարհային տեխնոլոգիական շեշտակի առաջընթացի արդիւնքում։ Պէտք է կարեւորել ռազմարդիւնաբերութեան, կապի եւ այլ ոլորտներում յատկապէս ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների կիրառման հարցը։
  • Միջազգային յարաբերութիւններում աստիճանաբար սկսեցին ընդլայնւել ոչ պետական, վերազգային կազմակերպութիւնների, կորպորացիաների, ինստիտուտների եւ այլ կենտրոնների ներգրաււածութիւնն ու ազդեցութիւնը։ Մեծ տեղ է հատկացվում քվազիպետական կառույցներին (https://www.hybridcoe.fi/wp-content/uploads/2019/04/HybridCoE_SA_Non-state-Actors_RGB_NEW.pdf)։ Դրանք սկսեցին ակտիւ մասնակցութիւն ունենալ աշխարհակարգի նոր փոխակերպումների տրամաբանութիւնում։
  • Նոր աշխարհակարգում ոչ պետական սեկտորի դերի մեծացումը շահաւէտ էր ազդեցիկ պետութիւնների տեսանկիւնից. տրամաբանօրէն, որեւէ երկրի տարածք ռազմական ներխուժումը մոբիլիզացնում է դրան ընդդիմադիր ճամբարը, բացասաբար անդրադառնում ագրեսոր ընկալւող երկրի միջազգային հեղինակութեան վրայ։ Աւելին` խօսքը  նաեւ թիրախաւորւած երկրի դէմ ագրեսոր պետութեան անուղղակի մասնակցութեան հնարաւորութեան մասին է, որի ներխուժման փաստը բարդ է հաստատել միջազգային իրաւունքի տեսանկիւնից։ Սա էապէս ընդլայնում է թիրախաւորող պետութեան իրաւաքաղաքական եւ այլ ռեսուրսներն ու հնարաւորութիւնները՝ իր շուրջը մոբիլիզացնելու միջազգային հանրութեան կարծիքը, «արդարացնելու» թիրախաւորւած երկրի դէմ ռազմարշաւի, ճնշումների բանեցման դիրքորոշումը։ Այժմ նման տակտիկական մօտեցման նպատակայարմարութիւնը բաւական ցածր է, ինչին օգնութեան են գալիս վերազգային, ոչ պետական կորպորացիաները, կազմակերպութիւնները։ Ռազմական գործողութիւնների վարման հարցում այսօր առանձնայատուկ դեր ունեն տարբեր զինեալ, ահաբեկչական բազմազգ խմբաւորումները, որոնց քաղաքական, ֆինանսական, տնտեսական աղբիւրների պարզաբանման հարցը բաւական բարդ գործ է։ 
  • Եւ վերջապէս, լայնածաւալ ռազմական գործողութիւններն ինքնին պահանջում են խոշոր ֆինանսական, քաղաքական, ռազմական, տնտեսական եւ այլ միջոցների ու ծաւալների ներգրաւում։ Դա խիստ նւազեցնում է նման տակտիկայի կիրառման նպատակայարմարութիւնը ինչպէս փոքր պետութիւնների, այնպէս էլ տարածաշրջանային ու միջազգային խաղացողների տեսանկիւնից։  

Հիբրիդային պատերազմներ ասելով` հասկանում ենք ռազմական գործողութիւնների վարման ոչ ստանդարտ, ոչ գծային կիրառւող այն միջոցառումները, որոնք պահանջում են հնարաւորինս քիչ ռազմական, ֆինանսական, քաղաքական ռեսուրսներ։ Հիբրիդային պատերազմների շարքն են դասւում հետախուզական, դիւերսիոն-ներթափանցման գործողութիւնները, կիբերպատերազմները, թիրախաւորւած պետութեան ներսում, առանձին խմբերի ներգրաւմամբ, ներքաղաքական անկայունութեան մթնոլորտ ստեղծելը եւ այլն։

Նման միջոցառումներում կարեւոր տեղ է յատկացւում տեղեկատւական-հոգեբանական գրոհին ու ապատեղեկատւութեան հարցերին, որոնք կարող են կիրառւել ինչպէս թիրախաւորւած, այնպէս էլ երրորդ երկրի կամ երկրների նկատմամբ։ Հիբրիդային պատերազմներում արդիւնաւէտ գործիք է համարւում տնտեսական, քաղաքական ճնշումների բանեցման տակտիկան։

Հիբրիդային պատերազմների ներգործութեան ազդեցութիւնն ու արդիւնաւէտութիւնը մեծանում է, երբ նշեալ միջոցառումները կիրառւում են զուգահեռաբար` փոխլրացնելով միմեանց։  

Հիբրիդային պատերազմների առանձնայատկութիւններից մէկն էլ այն է, որ նման գործողութիւններ կիրառող հակամարտող կողմը աշխատում է որքան հնարաւոր է երկարաձգել հակամարտութիւնը (https://books.google.am/books?id=LAUuqR4BcpgC&pg=PA1&redir_esc=y#v=onepage&q&f=false)։ Կանոնաւոր զինւած ուժերի ներգրաււածութեան դէպքում հիբրիդային մեթոդներ կիրառող հակամարտող կողմը, որպէս կանոն, շահեկան դիրքում է յայտնւում։ Արդիւնքում` դա հիւծում է հակառակորդի ուժերը։ Մասնագիտական գրականութիւնում ընդունւած է դա անւանել հիւծող պատերազմ։

Հիբրիդային պատերազմները ասոցացւում են նաեւ «պրոքսի պատերազմներ» հասկացութեան հետ։ Դրա կիրառման օրինակներ մենք տեսել ենք «Հեզբոլլահ» խմբաւորման գործողութիւններում։ Քաղաքացիական պատերազմի շրջանում զինեալ խմբաւորման աւանդական պարտիզանական գործողութիւններին փոխարինելու եկան հիբրիդային պատերազմին բնորոշ գործողութիւնները։ Թէեւ Իսրայէլի եւ «Հեզբոլլահ»-ի ռազմական պոտենցիալներն անհամադրելի են, այդուհանդերձ, իսրայէլական կողմը տարբեր իրավիճակներում չի կարողացել արդիւնաւէտ արձագանքել «Հեզբոլլահ»-ի հիբրիդային գործողութիւններին։ Դա չեն հերքում նաեւ Իսրայէլի ղեկավարութիւնում։ Պատահական չէ այն, որ սիրիական ճգնաժամի տարիներին, ի հաշիւ Իսրայէլի, Մերձաւոր Արեւելքում էապէս ընդլայնւել է իրանական գործօնը։ Եւ այստեղ իհարկէ, մեծ տեղ է յատկացւում ոչ պետական կառոյցներին ու կազմակերպութիւններին։ Ստացւում է, որ միշտ չէ, որ ռազմական պոտենցիալով գերակայ երկրները կարողանում են յաղթանակած դուրս գալ հակամարտութիւններից։ 

Մասնագիտական գրականութիւնում հիբրիդային պատերազմներին բնորոշ տարրեր վերագրւում են ասիմետրիկ ռազմական գործողութիւններին։

Հիբրիդային պատերազմների մեթոդաբանական-մասնագիտական, կիրառական մեծ փորձ են կուտակել յատկապէս Արեւմուտքում։ Ոլորտում առաջատարներից է Միացեալ Նահանգները։

Ըստ ՆԱՏՕ-ի դիրքորոշման` ուկրայինական հակամարտութիւնը նպաստեց ՆԱՏՕ-ի շրջանակներում հիբրիդային պատերազմից բխող սպառնալիքներին հակազդելու, կանխարգելելու գործիքակազմ ստեղծելու ուղղութեամբ (https://www.nato.int/docu/review/2014/Also-in-2014/Deterring-hybrid-warfare/EN/index.htm)։ Այդ հարցում առանձնացւում էր ՆԱՏՕ-ԵՄ փոխգործակցութեան անհրաժեշտութեան հարցը։

Հիբրիդային մարտավարական մօտեցումներ սկսել են կիրառւել նաեւ զարգացող աշխարհում։ Արեւմուտքում հիբրիդային պատերազմի օրինակ են համարում Ղրիմի շուրջ Ռուսաստանի արշաւի սկզբնական փուլը, որն, ըստ այդ մօտեցման, հետագայ զարգացումներում զիջեց իր դիրքերը աւանդական ռազմական կոշտ դիւանագիտութեանը։

Միացեալ Նահանգներում այդ երկրի նախագահական ընտրութիւններին Ռուսաստանի միջամտութեան հարցի շուրջ հնարաւոր վարկածներում խօսւում էր հիբրիդային պատերազմական գործողութիւնների կիրառութեան մասին։

Փորձագիտական շրջանակներում ասիական, հետխորհրդային տարածքի տարբեր երկրների (Ուկրայինա, Վրաստան եւ այլն) համար հիբրիդային պատերազմական գործողութիւնների ու տակտիկայի կիրառումը շատ աւելի վտանգներ է ենթադրում, քան դա կարելի է պատկերացնել եւրոպական երկրների համար։ Որոշ փորձագէտներ համարում են, որ Վրաստանում 2008 թ. հարաւօսական պատերազմը նախապէս մշակւել էր հիբրիդային տեխնոլոգիաներով, սակայն ընթացաւ, ըստ էութեան, դասական պատերազմի վարմանը բնորոշ գործողութիւններով, քանի որ առաւել առաջնային մղւեց մարդկային գործօնը։ Խօսքը Սահակաշւիլիի` միանձնեայ որոշումներ կայացնելու ու դրա հետեւանքների մասին է:

Հիբրիդային պատերազմների մեթդների զարգացումը մարտահրաւէր է նետել միջազգային անվտանգութեան ու կայունութեան պահպանման հարցերին։ Այսօր ճգնաժամի փուլում է փոխվստահութեան մեխանիզմների հարցը։ Հիբրիդային պատերազմների կիրառման, ընդլայնման միտումները նպաստել են միջազգային անվտանգային համակարգի անորոշութեան ու անկանխատեսելիութեան խորացմանը։

Վերջին տարիներին հիբրիդային պատերազմների թեմատիկան արդիականացել է նաեւ փորձագիտական, գիտահետազօտական շրջանակներում։ ԵԱՀԿ շրջանակներում ձեւաւորւեց աշխատանքային խումբ, որի գործունէութիւնը ծաւալւելու էր սպառնալիքների, ռազմական դոկտրինների, զինւած ուժերի, զօրավարժութիւնների ուղղութեամբ առկայ խնդիրների քննարկման շուրջ։ Այդ աշխատանքային խմբի նախաձեռնութեամբ 2018 թ. սեպտեմբերի կէսերին Վիեննայում անցկացւեց ԵԱՀԿ տարածքում «Հիբրիդային սպառնալիքների ու դրանց ազդեցութեան ընկալումը» խորագրով գիտաժողով-քննարկում։ Միջոցառմանը մասնակցում էին փորձագէտներ կազմակերպութեան անդամ-պետութիւններից (ՌԴ, Իտալիա, Նորւեգիա)։ Միջոցառմանը ներկայ էին շուրջ 200 դիւանագէտներ ու զինւորականներ։  

Ակտիւ գործունէութիւն է իրականացնում «The European Centre of Excellence for Countering Hybrid Threats» կենտրոնը, որը կոորդինացնում է ԵՄ ու ՆԱՏՕ անդամ պետութիւնների գործողութիւններն ու համատեղ քայլերը՝ հիբրիդային պատերազմներից եկող սպառնալիքների ու վտանգների հակազդման, արձագանքման ուղղութեամբ (https://foreignpolicy.com/2018/01/18/inside-a-european-center-to-combat-russias-hybrid-warfare/https://www.hybridcoe.fi/what-is-hybridcoe/

 

Մեր իրականութիւնը

Կարծում ենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական, քաղաքական շրջափակման, տարածաշրջանում մեկուսացման դիրքորոշումն ամբողջութեամբ տեղաւորւում է հիբրիդային պատերազմների վարման տրամաբանութիւնում։ Հարեւան երկու պետութիւնների կողմից շրջափակման հանգամանքներում Հայաստանի զարգացման հեռանկարը, թերեւս, նոյնպէս պէտք է դիտարկել հակազդման հիբրիդային ռազմավարական մօտեցումների հարթութիւնում։  

Հիբրիդային պատերազմի դասական տեխնոլոգիաներ կիրառւել են հայկական կողմից Արցախեան պատերազմի տարիներին։ Փորձագիտական որոշ գնահատականներով` վերջին շրջանում հայ-ադրբեջանական դիմակայութիւնում Ադրբեջանի իշխանութիւնները սկսել են մշակել ու կիրառել հիբրիդային ռազմական գործողութիւններին բնորոշ տարրեր։ Կարծիք կայ, որ Ալիեւի նախաձեռնած` 2016 թ. ապրիլեան ռազմական գործողութիւնները նոյնպէս մշակւած են եղել հիբրիդային պատերազմի վարման մարտավարական տեխնոլոգիաներով։

 

«Yerkir.am»

Յարակից լուրեր

  • Իսրայէլի այլընտրանքային դաշնակիցը
    Իսրայէլի այլընտրանքային դաշնակիցը

    Գրեթէ երկու տասնամեակ է, ինչ Իսրայէլի արտաքին քաղաքականութիւնում սկսել են առաւել մեծ կարեւորութիւն տալ Միջին Ասիային ու Հեռաւոր Արեւելքին։ Այդ միտումը նկատելի է նաեւ հրէական սփիւռքի քաղաքական, ռազմավարական մօտեցումներում։ Պատահական չէ, որ վերջին շրջանում հէնց Միջին Ասիայում ու Հեռաւոր Արեւելքում են հիմնւում հրէական սփիւռքի կոորդինացման տարածաշրջանային տարբեր կենտրոններ։

  • «Թրամփին ոչ այնքան վստահելի տեղեկութիւն են տրամադրել, եւ արդիւնքում թերագնահատւել է Մերձաւոր Արեւելքում Թեհրանի պոտենցիալը». Կարէն Վերանեան
    «Թրամփին ոչ այնքան վստահելի տեղեկութիւն են տրամադրել, եւ արդիւնքում թերագնահատւել է Մերձաւոր Արեւելքում Թեհրանի պոտենցիալը». Կարէն Վերանեան

    «Tert.am»-ը տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Վերանեանի հետ զրուցել է Պարսից ծոցի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերեալ:

  • Թուրքիան դառնում է անկանխատեսելի
    Թուրքիան դառնում է անկանխատեսելի

    Վերջին շրջանում Թուրքիայի շուրջ ընթացող միջազգային ու տարածաշրջանային գործընթացները նեղացնում են Անկարայի մանեւրելու քաղաքական ռեսուրսները, մեծացնում խնդիրները ռազմական ճանապարհով կարգաւորելու հնարաւորութիւնները։ Տարբեր փորձագէտներ արձանագրում են, որ Արեւմուտքի հետ՝ ի դէմս Վաշինգտոնի ու Բրիւսէլի, Թուրքիայի հակասութիւնները խորացման միտումներ ունեն եւ մտնում են կիրառական նոր փուլ։ Արեւմուտք-Թուրքիա անհամաձայնութիւնները կարող են բացասաբար անդրադառնալ Թուրքիայի միջազգային հեղինակութեան եւ կշռի վրայ։

  • Երբ Անկարան ձեռք բերի «S-400» համալիրները...
    Երբ Անկարան ձեռք բերի «S-400» համալիրները...

    Թուրքիայի կողմից ռուսական «S-400» համակարգերի ձեռք բերման գործարքը շարունակում է պահպանել ինտրիգը։ Չենք սխալւի, եթէ ասենք, որ այն մեդիա-փորձագիտական դաշտում ամենաշատ քննարկւող թեմաներից է։ Քիչ չեն գործարքին անդրադարձները նաեւ հայաստանեան մեդիայում։ Թէեւ պէտք է նշել, որ դրանք տեղեկատւական բնոյթի են, իսկ վերլուծականներ գրեթէ բացակայում են։

  • «Դարի գործարք»-ի տնտեսական բաղադրիչը
    «Դարի գործարք»-ի տնտեսական բաղադրիչը

    Յունիսի 25-ին Բահրէյնում կայացած երկօրեայ միջազգային համաժողովին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրեց այդքան յետաձգւած` պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման առաջարկ-փաթեթի տնտեսական բաղադրիչը, որը յայտնի է նաեւ «Դարի գործարք» անւանումով։ Փաթեթի հրապարակման հարցն ուշանում էր՝ պայմանաւորւած Իսրայէլում անցկացւած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։