Հա

Քաղաքական

22/06/2019 - 12:20

Իշխանութիւնը յամառօրէն խուսափում է հիմնական բարդ խնդիրներից

Խոշոր ցնցումներից յետոյ ժամանակի ընկալումը տարբեր է եւ էապէս կախւած է քաղաքական կամ հանրային դիրքաւորումից։ Պայմանականօրէն այն կարելի է բաժանել երեք խմբի. իշխանութեան ժամանակը, ոչ իշխանական միաւորների ժամանակը եւ պետութեան ժամանակը։

Խոշոր ցնցումներից յետոյ ժամանակի ընկալումը տարբեր է եւ էապէս կախւած է քաղաքական կամ հանրային դիրքաւորումից։ Պայմանականօրէն այն կարելի է բաժանել երեք խմբի. իշխանութեան ժամանակը, ոչ իշխանական միաւորների ժամանակը եւ պետութեան ժամանակը։

 

Իշխանութեան ժամանակը

Իշխանութեան մէջ գտնւողները շատ արագ յայտւում են ժամանակային թակարդում։ Նրանց թւում է, թէ շտապելու որեւէ անհրաժեշտութիւն չկայ, դիմացն անսպառ ժամանակ է։ Գործը կսպասի, բարեփոխումները հանգիստ կարելի է յետաձգել, կարեւորը կարելի է թողնել յետոյի։ Հիմա դրա ժամանակը չէ։ Այս ժամանակային թակարդը իշխանութեան ներսում լուռ համաձայնութեամբ է ձեւաւորւում։ Այդ պատճառով էլ իշխանութիւնը շատ արագ ձեւաւորում է իր օրակարգը, որը կազմւում է կա՛մ նեղ հետաքրքրութեան հարցերից, կա՛մ իշխանութիւն պահելու տեսանկիւնից։

Ամիսներ շարունակ իշխանութիւնը յամառօրէն խուսափում է հիմնական բարդ խնդիրներից. այն խնդիրներից, որոնց առկայութեան, որոնց չլուծւելու պատճառով էլ իրենք եկան իշխանութեան։ Չի գնում խորքային գրագէտ բարեփոխումների, չի գնում բարդ լուծումների։ Ցանկացած ձեւաչափում խուսափում է լուրջ թեմաներից: ԱԺ-ում միտինգ է, իշխող ուժի համագումարում միտինգ է, հարցազրոյցներում, ասուլիսներում, անհատական խօսքում՝ միտինգ։ Ես այն տեսակէտին չեմ, որ իշխանութեան մէջ չկան մարդիկ, որոնք ի վիճակի են լուրջ նախաձեռնութիւնների։

Ուղղակի իշխանութիւնը արդէն սկսել է ոչ ճիշտ ընկալել իր ժամանակային ռեսուրսը։ «Դիմացը մի 5-10 տարի կայ, յետոյ կանենք...» պատկերացումը շատ ազդեցիկ քաղաքական միաւորների հիմնական սխալն է եղել։ Երբ անվերջ, անծայրածիր ժամանակի զգացողութիւնը իշխում է նոր իշխանական էլիտայի պատկերացումներում, այն երբեք չի սահմանափակւում նեղ շրջանակով։ Գործադիրը, գործ անելու համար նախատեսւած համակարգերը, մարդիկ, շատ արագ ու սահուն են վարակւում դրանով։ Արեւմտեան կրթութեամբ քաղաւիացիայի պետի ձեւակերպումը, թէ նոր աւիաընկերութիւններ, նոր ուղղութիւններ բերելը ժամանակ է պահանջում՝ 1-15 տարի, ֆանտաստիկ էր իր ճշգրտութեամբ։ Այլոք՝ պետութիւններ, ժողովուրդներ 15 տարւայ ընթացքում պլանաւորում են Մարսի վրայ վայրէջք կատարել կամ արհեստական ինտելեկտի ներդրումն իրենց կեանքում հասցնել բեկումնային մակարդակի։

 

Ոչ իշխանական միաւորների ժամանակը

Լրիւ հակառակ տրամադրութիւններն են տիում ոչ իշխանական համակարգերում։ «Բան չմնաց, ամէն ինչ վատ է գնում, չեն կարողանում ոչ մի բան անել... Մի քանի ամսւայ բան է մնացել սրանց...»։ Սա ամենաանհեռանկար մթնոլորտն է, որը կարող է ձեւաւորւել իշխանութիւնից դուրս գտնւող համակարգերում, որովհետեւ սա ներկան վերաիմաստաւորելու, վերադասաւորւելու, ապագայի տրամադրութիւններ ձեւաւորելու փոխարէն՝ ձեւաւորում է «վերադարձի մթնոլոլորտ»։

Սա սպանում է առողջ մտածելու եւ առողջ աշխատելու, ինքնակատարելագործւելու առկայ հնարաւորութիւնները։ Սա նոյնքան վտանգաւոր է, որքան՝ իշխանութեան ունեցած՝անսահմանափակ ժամանակի զգացումը։ Երկու դէպքում էլ ընկնում է արդիւանւէտութիւնը՝ անհատների, միաւորների, մտքի, գործունէութեան արդիւնաւէտութիւնը։ Եւ իշխանութեան ու ոչ իշխանութեան՝ ժամանակի հակադիր ընկալումները մէկը միւսին ուժեղացնում են։ Երկուսն էլ առանձին-առանձին պետութեան համար շատ վտանգաւոր են, ու նաեւ անընդհատ ուժեղացնում են միմեանց։

 

Պետութեան ժամանակը

Ինչո՞ւ են տապալւում պետութիւնները։ Նաեւ այն պատճառով, որ մի պահից քաղաքական միաւորների ժամանակները դառնում են ոչ համարժէք պետութեան ժամանակի հետ։ Պատկերաւոր ասած՝ պետութեան ժամացոյցը դադարում է մշտապէս լինել նրանց աչքի առաջ։ Ու իրականութեան մէջ ձեւաւորւում են երեք տարբեր ժամանակային գօտիներ՝ իշխանութեան ժամանակը, ոչ իշխանական ուժերի ժամանակը, պետութեան ժամանակը։

Կոնկրետ ժամանակահատւածների համար նախատեսւած խնդիրները չեն լուծւում, դրանք կուտակւում են՝ օր-օրի, ամսեամիս։ Նոր ծագող մարտահրաւէրները յաւուր պատշաճի չեն գնահատւում, որովհետեւ պետական մեքենան, պետութեան շարժիչը աշխատում է այլ ժամանակային տրամաբանութեան մէջ. «Դա յետոյ, աւելի ուշ, սա էլ անենք, յետոյ դրանց մասին կը մտածենք, եւ այլն, եւ այլն»:

Կայ մի խորքային, լուրջ սխալի վտանգ։ Դա հետեւեալ ձեւակերպումն է՝ 20-30 տարւայ խնդիրները 1-2 տարում չենք լուծելու։ Սա իսկապէս շատ խորքային սխալ է ու շատ վտանգաւոր՝ ոչ միայն այսօրւայ, այլեւ յաջորդ կառավարութիւնների համար։ Սա երեք գործօնների միաժամանակեայ սխալ ընկալում է.

Ա. անցեալի ժամանակի սխալ ընկալում, որովհետեւ նախորդ 30 տարում ծագել են եւ լուծւել են հարիւրաւոր բարդ խնդիրներ։ Իհարկէ, կուտակւել են նաեւ բազմաթիւ չլուծած հարցեր։ Բայց դա չի նշանակում, որ երկիրը անկախութիւնից ի վեր միայն չլուծւած խնդիրների պաշար է կուտակել։

Բ. Կայ բուն խնդիրների սխալ ընկալման միտում։ Խնդիրը, պրոբլեմը շատ դինամիկ հասկացութիւն է, այն չի կարող վերագրւել միայն անցեալին։ Վերջին մէկ տարում ծագել են լրիւ նոր, բաւական բարդ խնդիրներ, որոնք նախկինում չկային ու լուծում են պահանջում։ Հակառակ դէպքում կուտակւում են ու համալրում չլուծւած, խնդիրների կրիտիկական ծաւալը։ Եւ վերջապէս.

Գ. «Ապագայի ժամանակի» սխալ ընկալման ռիսկը։ Այն կայանում է հետեւեալի մէջ. եթէ յղում ես անում նախորդ 30 տարւայ խնդիրներին ու քեզ ժամանակ նւիրում, ապա շատ մեծ է հաւանականութիւնը, որ պետութիւնը անվերադարձ յետ է մնալու տարածաշրջանային մրցակցութիւնից։ Հայաստանը այսօր կանգնած է մոդեռնիզացիայի սուր խնդրի առաջ, Հայաստանը կանգնած է թւայնացւած պետութեան հրամայականի առաջ ու մենք ամէն գնով պէտք է առաջ լինենք մեր հարեւաններից, եւ այս ամէնն անվտանգութեան սուր խնդրի պայմաններում։ Տարածաշրջանային մրցակցութեան կենաց ու մահու պայքարում, նախորդ ժառանգութիւնը չի կարելի դիտարկել որպէս բեռ, այն պէտք է դիտարկւի որպէս բազա՝ փորձելով գտնել լուրջ առաջընթացի այլ, նոր ռեսուրսներ։ Հասկանո՞ւմ էք, հակառակ դէպքում 5-6 ամսում կարող են ձեւաւորւել այնպիսի խնդիրներ, որոնց մօտ նախորդ 30 տարւայ խնդիրները պարզունակ, մանկական կը թւան։

Ստեղծւում է մի մթնոլորտ, որ կարեւոր հարցերի մասին մտածելու ո՛չ ժամանակը կայ, եւ ոչ էլ՝ մեխանիզմը։ Պետական միտքը եւ պետական մեքենան ուղղւում են մէկ անձի սպասարկման համակարգեր ձեւաւորելուն։ Պետական միտքն ուղղւում է այս նպատակին։ Պէտք է մի բան նաեւ յստակ պատկերացնել՝ պետութեան ղեկավարի ժամանակը մի պահից սկսւում է տարբերւել նրա շքախմբի ժամանակից։ Շքախումբը ժամանակի ընթացքում ձեռք է բերում կամ վաստակում է որոշակի աւտոնոմիա եւ, հետեւաբար, ձեւաւորում իր պատկերացումներն՝անելիքների եւ յատկացւած ժամանակի վերաբերեալ։ Սա շատ լուրջ ռիսկ է ղեկավարի համար, բայց նախ այդ ռիսկը պէտք է ժամանակին ֆիքսել եւ յետոյ՝ կարողանալ հակազդել։

Ժամանակային աղաւաղման պրոցեսում պետութեան համար միւս կարեւորագոյն ռիսկը ժամանակաւորութեան մթնոլորտն է։ Երբ նոր իշխող էլիտան երկար ամիսների ընթացքում չի մտնում համերաշխութեան եւ առաջընթացի փուլ, չի մտնում ոլորտային «սուբստանտիւ» բարեփոխումների դաշտ եւ որպէս իր կոմֆորտ զոնա ուրւագծում է անցեալի եւ ուրիշների սխալները, ապա պետական համակարգում եւ հասարակական ընդհանրական գիտակցութեան մէջ սկսում է իշխել այս ամէնի ժամանակաւորութեան զգացումը։

Ժամանակաւոր փուլ, ժամանակաւոր բարքեր, ժամանակաւոր մարդիկ եւ այլն։ Իսկ սա նշանակում է, որ ուղղակի ոչ մի արդիւնաւէտ գործ հնարաւոր չի լինի անել, ու մոռանալ է պէտք առաջընթացի եւ զարգացման մասին։ Սրա վերջին կանգառը, ցաւօք, ժամանակաւոր պետութեան գաղափարն է։ Ու իշխանութեան միջի եւ ոչ իշխանական շրջանակի սոլիդութեան ցուցանիշը սա է՝ այս պարզ ռիսկերի գիտակցումը։ Մեր բոլոր սուբիեկտիւ ժամանակներին դէմ-յանդիման կա մի շատ օբիեկտիւ եւ կայուն ժամանակ՝ ադրբեջանական ժամանակը, որը սպասում է մեր նոր, աւելի նոր սխալներին, որպէսզի իր պատկերացմամբ ճիշտ ժամանակին լուծի իր խնդիրը։

 

Վահէ Յովհաննիսեան

«Այլըտրանքային նախագծեր խումբ»

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։