Հա

Քաղաքական

25/06/2019 - 11:40

«ԼՂ բանակցային գործընթացում նոր փաստաթո՞ւղթ կայ»․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Յունիսի 21-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած հանդիպման կարեւոր կողմն այն էր, որ համանախագահները պաշտօնապէս կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ»,- երէկ նման յայտարարութիւն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը:

«alikonline.ir» - «168 Ժամ»-ը գրում է․ «Յունիսի 21-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած հանդիպման կարեւոր կողմն այն էր, որ համանախագահները պաշտօնապէս կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ»,- երէկ նման յայտարարութիւն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը: Անդրադառնալով աւելի քան 3 ժամ տեւողութեամբ հանդիպման ընթացքում առաջարկւած փաստաթղթի էութեանը եւ պատասխանելով հարցին՝ դրանք նո՞ր, թէ՞ հին փաստաթղթեր են, նա ասել է. «Մենք դրանք քննարկում ենք վերջին 15 տարիներին»։

Ընդ որում, Մամեդեարովն ընդգծել է, որ առաջարկների էութիւնը շարադրւած է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի յայտարարութեան մէջ:

«Այլ հարց է՝ մենք համաձա՞յն ենք դրանց հետ, թէ՞ ոչ»,- ասել է Մամեդեարովը: Նա նաեւ ասել է, որ քննարկւել է շփման գծում հրադադար պահպանելու հարցը: Մամեդեարովն ընդգծել է, որ շփման գծում իրավիճակը չի կարող խոչընդոտ լինել քաղաքական կարգաւորման առարկայական բանակցութիւնների համար. «Պարտադիր չէ, որ նախ խաղաղութիւն հաստատւի զօրքերի շփման գծում, յետոյ միայն բանակցութիւններ ընթանան: Մենք պէտք է էականացնենք բանակցութիւնները: Այս պահին մենք աշխատում ենք մարտի 9-ի համանախագահների յայտարարութեան հիման վրայ: Այդ փաստաթղթի որոշ պահերի հետ մենք համաձայն ենք, որոշների հետ՝ ոչ: Այդ յայտարարութեան մէջ գրւած է, որ, առաջին հերթին, հայկական զօրքերը պէտք է դուրս բերւեն ադրբեջանական տարածքներից: Մնացած ամէն ինչ հնարաւոր է լուծել աւելի ուշ: Վաշինգտոնում համանախագահները ներկայացրել են պաշտօնական փաստաթուղթ, 1-2 ամիս մենք պէտք է աշխատենք դրա վրայ»,- ասել է նա՝ աւելացնելով, որ հիմնական բանակցութիւնները կարող են սկսւել միայն հայկական զօրքերի դուրսբերումից յետոյ. «Ինչ վերաբերում է այլ հարցերին, ապա դրանք քննարկւում են։ Սակայն գլխաւորը՝ հայկական զօրքերի դուրսբերումն է»:

Ըստ նրա՝ հակամակարտութեան լուծումը պէտք է լինի փուլային, առաջին հերթին՝ անհրաժեշտ է «ազատել Ադրբեջանի օկուպացւած տարածքները»: Ինչ վերաբերում է տարածաշրջանի անվտանգութեանը, ապա Մամեդեարովը հնարաւոր է համարում այնտեղ միջազգային խաղաղապահ զօրքեր մտցնելը:

Մամեդեարովի յայտարարութիւնում ուշագրաւ է յատկապէս հակամարտութեան գօտի խաղաղապահ զօրքեր տեղակայելու հնարաւորութիւնը։ «Հայկական կողմն ամէն անգամ բարձրացնում է հարցը, որ իրենց պէտք է կարգավիճակ եւ անվտանգութիւն։ Այդ հարցը քննարկւել է նաեւ Վաշինգտոնում։ Ինչ վերաբերում է անվտանգութեան հարցերին եւ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերին, ապա համանախագահները պէտք է աւելի շատ ճշգրտեն իրենց առաջարկներն ու հանդէս գան դրանցով։

Համանախագահներն ասում են, որ մենք պէտք է աշխատենք այդ հարցի վրայ»,- եզրափակել է Մամեդեարովը։

Համանախագահների մարտի 9-ի յայտարարութեանը յղում կատարելը պատահական չէ։ Նախկինում՝ ՀՀ-ում թաւշեայ յեղափոխութիւնից առաջ եւ դրանից յետոյ, համանախագահների կողմից արւած յայտարարութիւնների բովանդակութիւնը բոլորովին այլ էր, շեշտադրումները՝ նոյնպէս։ ԵԱՀԿ Մինսկի խմբի յայտարարութիւններում մինչեւ 2018թ. փետրւարը Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնեւի պայմանաւորւածութիւնների կատարման կարեւորութիւնը մշտապէս շեշտադրւել է, իսկ ներկայ իշխանութիւնների օրոք համանախագահների ոչ մի պաշտօնական յայտարարութեան մէջ այդ պայմանաւորւածութիւնների կատարման անհրաժեշտութեանն անդրադարձ չի եղել: Այն, ինչի մասին իրենց քննադատութիւններում անդադար նշում էին ընդդիմադիրները, մասնաւորապէս՝ ՀՀԿ-ական գործիչները եւ փորձագէտները, քանի որ նրանք ապրիլեան պատերազմից յետոյ դա համարում էին Ադրբեջանի դիւանագիտական պարտութիւնը։ Եւ երկրորդ, մշտապէս նշւել է ժողովրդի ինքնորոշման սկզբունքի մասին, որը եւս այս իշխանութիւնների օրոք կարծես անտեսւել է։

Ցաւօք, հայ հանրութիւնը Հայաստանի, Արցախի համար կարեւորագոյն այս հարցի մասին կրկին տեղեկանում է Մամեդեարովից եւ ադրբեջանական լրատւամիջոցներից։ Կողմերին ներկայացւած փաստաթղթի մասին առաջինը դարձեալ խօսում է ադրբեջանական կողմը։ ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանն այդ հանդիպումից յետոյ 20 րոպէ խօսեց ոչնչի մասին։ Ի՞նչ փաստաթղթի մասին է խօսքը, ի՞նչ հարցեր են քննարկւել, արդեօք խօսքը գնում է բացառապէս ռուս խաղաղապահների՞, թէ՞ նաեւ այլ ուժերի տեղակայման մասին։

Յուսանք՝ ՀՀ արտգործնախարարութիւնը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանն առաջիկայում կը պարզաբանեն՝ ինչ փաստաթղթի մասին է խօսքը, որից պարզ կը դառնա՝յ ի վերջոյ, Մամեդեարովի յայտարարութիւնը պարունակում է տեղեկատւութի՞ւն, թէ՞ քարոզչութիւն՝ ինչպէս սովորաբար լինում է ադրբեջանական կողմի յայտարարութիւննների պարագայում։ Եւ ընդհանրապէս, ՀՀ արգործնախարարութիւնը տարբեր պատեհ եւ անպատեհ առիթներով հայաստանեան ԶԼՄ-ներին ֆէյք նորութիւններ տարածելու մէջ մեղադրելու փոխարէն՝ լաւ կը լինի զբաղւի նաեւ նման կարեւորագոյն հանդիպումների, բանակցութիւնների մասին իրազեկմամբ, որպէսզի մամուլը ստիպւած չլինի հետեւել Ադրբեջանի արտգործնախարարի կողմից ճիշտ կամ սխալ տեղեկութիւնների վերծանմանը»։

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն այցելեց հայ հոգեւոր պետերուն
    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն այցելեց հայ հոգեւոր պետերուն

    Երէկ, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը, որուն մաս կազմեցին Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, զբօսաշրջութեան նախարարի պաշտօնակատար Աւետիս Կիտանեան եւ Կեդրոնական կոմիտէի անդամներ Յակոբ Հաւաթեան, Մելիք Գարագաւորեան եւ Րաֆֆի Աշգարեան, այցելեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. վեհափառին, Տանն Կիլիկիոյ կաթողիկէ հայոց Գրիգոր Պետրոս Ի. կաթողիկոս պատրիարքին եւ Միջին Արեւելքի Հայ աւետարանական եկեղեցիներու միութեան նախագահ` վեր. Մկրտիչ Գարակէօզեանին:

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Դատարկ փաղաքշանք
    «Հայրենիք»-ի խմբագրական. Դատարկ փաղաքշանք

    Վերոյիշեալ կարգախօսը կը ցոլացնէ Չորեքշաբթի, Նոյեմբեր 13-ին, Սպիտակ Տան նախագահական գրասենեակին հանդիպումը Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի եւ իր թուրք պաշտօնակից Ռեճէպ Թայիպ Էրտողանի միջեւ։

  • «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան
    «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան

    Տարիներ շարունակ հայատեացութիւնը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականութեան հիմնարար եւ բաղկացուցիչ մաս. այն խորապէս արմատաւորւել է դպրոցական դասագրքերում եւ թունաւորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողութիւնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։